Մատչելիության հղումներ

Կիևն ու Մոսկվան միմյանց մեղադրել են էներգետիկ ենթակառուցվածքներին չհարվածելու պայմանավորվածությունը խախտելու մեջ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի երեկվա հեռախոսազրույցիցժամեր անց Ուկրաինան և Ռուսաստանն այսօր միմյանց մեղադրել են էներգետիկ ենթակառուցվածքներին 30 օր չհարվածելու պայմանավորվածությունը խախտելու մեջ: Այս համաձայնությանը երեկ եկել էին ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները:

«Պուտինի խոսքերը շատ են հակասում իրականությանը», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ հավելելով, որ ռուսական կողմը կրկին հարվածել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին և չի հրաժարվել Ուկրաինային թուլացնելու գաղափարից:

«Նույնիսկ այս գիշեր՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Պուտինի զրույցից հետո, երբ Պուտինն ասաց, թե իբր հրաման կտա դադարեցնել հարվածներն ուկրաինական էներգետիկ հատվածին, գիշերը 150 անօդաչու թռչող սարք է գործի դրվել, թիրախավորվել են նաև էներգետիկ օբյեկտները», - նշել է Զելենսկին։

Զելենսկին ասել է, որ հրադադարի պահպանումը պետք է մշտադիտարկի ԱՄՆ-ն՝ հավելելով, որ այսօր խոսելու է Թրամփի հետ և ամերիկյան կողմից կտրամադրի ուկրաինական էներգետիկ օբյեկտների ցանկը: Նա նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահը մանրամասներ կներկայացնի Պուտինի հետ զրույցից: Ուկրաինան տեխնիկական թիմով ներկայացված կլինի Սաուդյան Արաբիայում կիրակի նախատեսված ռուս-ամերիկյան բանակցություններին, որտեղ կքննարկվի նաև էներգետիկ ենթակառուցվածքների հարցը, ասել է նա:

Ռուսական կողմն իր հերթին Ուկրաինային մեղադրել է ռուս-ամերիկյան բանակցությունները խափանելու փորձեր անելու մեջ: Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ ուկրաինական զորքը անօդաչուներով հարվածել է Կրասնոդարում գտնվող նավթի պահեստարանին, որտեղ հրդեհ է բռնկվել:

«Կիևի վարչակարգի այսպիսի գործողությունները միտումնավոր սադրանք են, որոնք ուղղված են Թրամփի խաղաղ նախաձեռնությունները խաթարելուն», - ասված է հաղորդագրությունում:

Թրամփ-Պուտին երեկվա պայմանավորվածության համաձայն Ռուսաստանն ու Ուկրաինան այսօր գերիների փոխանակում են կատարել՝ 175-ը175-ի դիմաց: Որպես բարի կամքի դրսևորում՝ Ռուսաստանը նաև 22 ծանր վիրավոր ուկրաինացի զինվորի է հանձնել Ուկրաինային։

Թրամփի հետ զրույցում նախագահ Պուտինը երեկ մերժել է անհապաղ և լիակատար հրադադարի առաջարկը՝ առաջ քաշելով պայմանները, մասնավորապես, պետք է դադարեցնել ռազմական օգնության և հետախուզական տվյալների տրամադրումն Ուկրաինային, խնդրի կարգավորումը պետք է լինի համապարփակ, կայուն ու երկարաժամկետ և հաշվի առնի հակամարտության բուն պատճառներն ու Ռուսաստանի անվտանգային օրինական շահերը։

Սպիտակ տան ղեկավարն ավելի ուշ Foxnews-ի հետ զրույցում հերքել է, թե քննարկել են նաև Ուկրաինային ռազմական աջակցությունը դադարեցնելու հարցը. - «Մենք ռազմական օգնության մասին չենք խոսել, իրականում օգնության մասին ընդհանրապես չենք խոսել, շատ բաների մասին ենք խոսել, բայց օգնությունը երբեք չի քննարկվել»:

Ուկրաինայում խորը թերահավատություն կա, որ ռուս-ամերիկյան բանակցությունները կհանգեցնեն հրադադարի

Միջազգային հարցերով փորձագետ Ստանիսլավ Ժելիխովսկին, «Նաստոյաշե Վրեմյա»-ին ասել է, որ ամենայն հավանականությամբ Պուտինն առայժմ չի դադարեցնի կրակը:

«Չնայած Ռուսաստանի ուժերը սպառվում են, իսկ ինչ վերաբերում է բանակցություններին, Պուտինը պատրաստ է դա անել, բայց միայն այն դեպքում, եթե նրա վերջնագրերը լսվեն ու ընդունվեն», - նշել է փորձագետը:

Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Արսենի Պուշկարենկոն «Ազատության» ուկրաինական ծառայության հետ զրույցում ասել է, որ փոխվել է Ռուսաստանի հանդեպ ԵՄ երկրների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը, ապա հավելել, որ Ռուսաստանը չի դադարեցնի պատերազմը. - «Կարծում եմ՝ Ռուսաստանը կշարունակի ձգձգել պատերազմը և հիմարացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին և մյուս դաշնակիցներին»։

Այս ֆոնին Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են հարվածել միմյանց, ուկրաինական զորքը նահանջում է Կուրսկում, Սումիում ռուսական անօդաչուն ընկել է հիվանդանոցի վրա, տուժածներ չկան: Ռուսական կողմն անօդաչուներով հարվածել է Կիևին, կան ավերածություններ, մեկ մարդ հոսպիտալացվել է:





XS
SM
MD
LG