Մատչելիության հղումներ

Ջիդդայում բանակցությունների հաջորդ փուլը կկայանա մարտի 23-ին․ Ուիթքոֆ


 ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆ, արխիվ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆ, արխիվ

Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը Ջիդդայում կկայանա մարտի 23-ին, Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը՝ մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի հետ Դոնալդ Թրամփի երեկվա բանակցությունների արդյունքները։

Նա նշել է, որ Սաուդյան Արաբիա կմեկնի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի գլխավորած պատվիրակությունը։

Նրանք էին մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում մասնակցում Ամերկայի և Ուկրաինայի բանակցություններին։ Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը։

Ուիթքոֆը, սակայն չի նշել, թե որ երկրի ներկայացուցիչների հետ է մարտի 23-ին հանդիպելու ԱՄՆ պատվիրակությունը։ Նշվում է, որ հավանաբար խոսքը ռուսաստանցի պատվիրակների մասին է։

Փետրվարի 18-ին ռուս-ամերիկյան բանակցություններին ռուսական կողմը ներկայացնում էին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։

Մարտի 18-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներն ավելի քան երկու ժամ հեռախոսով բանակցել են։ Թրամփը և Պուտինը վերահաստատել են՝ հավատարիմ են Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության ջանքերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG