Մատչելիության հղումներ

Թրամփ. Վերջնական համաձայնագրի շատ տարրեր համաձայնեցված են, բայց դեռ շատ անելիքներ կան


Միացյալ Նահանգների նախագահը ռուս գործընկերոջ հետ այսօր նախատեսված հեռախոսազրույցից առաջ հայտարարել է, որ խաղաղության վերջնական համաձայնագրի շատ կետերն արդեն համաձայնեցված են, սակայն դեռ շատ աշխատանք կա անելու: Դոնալդ Թրամփը սոցցանցում գրել է, որ պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի և անհամբեր սպասում է նախագահ Պուտինի հետ խոսելուն: Սա այս տարվա ընթացքում կլինի երկու առաջնորդների երկրորդ հեռախոսազրույցը, որին անհամբերությամբ սպասում է ողջ աշխարհը:

«Վաղն առավոտյան ես նախագահ Պուտինի հետ կխոսեմ Ուկրաինայի պատերազմի մասին։ Վերջնական համաձայնագրի շատ տարրեր համաձայնեցված են, բայց դեռ շատ անելիքներ կան: Հազարավոր երիտասարդ զինվորներ և այլ մարդիկ են զոհվում», - նշել է Թրամփը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ուկրաինայից բացի առաջնորդները քննարկելու են նաև երկու երկրների հարաբերությունների կարգավորումը: Հեռախոսազրույցը տեղի կունենա Երևանի ժամանակով 17:00 -19:00-ի սահմաններում:

Երեկ Թրամփը հայտարարել էր, որ Պուտինի հետ կքննարկի տարածքների, էլեկտրակայանների և «որոշ ակտիվներ բաժանելու» հարցը, թեև չէր մանրամասնել, թե խոսքն ինչ ակտիվների մասին է: Արևմտյան ու ռուսական մամուլը գրում է, որ քննարկվելու է նաև հարցը, թե ում է անցնելու Ուկրաինային պատկանող Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը, որն այժմ ռուսական զորքի հսկողության տակ է:

Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան
Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան

Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից առաջ այսօր Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարել է, որ Կիևը չի խոչընդոտում խաղաղությանը և պատրաստ է կատարել անցած շաբաթ Ջիդդայում ձեռք բերված պայմանավորվածությունները: Անդրեյ Սիբիգան ասել է՝ հավատում են, որ Թրամփի օրոք Ուկրաինան կարող արդար և երկարատև խաղաղության է հասնել:

«Ջիդայից հետո ի հայտ եկան նոր լրացուցիչ հնարավորություններ այս տարի այս պատերազմն ավարտելու համար: Եվ մենք պատրաստ ենք դրան: Մենք խոչընդոտ չենք խաղաղության հասնելու համար», - ընդգծել է ԱԳ նախարարը:

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը

Մինչ այդ Եվրոպական միության արտաքին գործերի նախարարներին երեկ չհաջողվեց համաձայնության գալ Ուկրաինային 40 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրելու փաթեթի շուրջ: ԵՄ Խորհրդի նիստից հետո Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարեց, որ նախաձեռնությունը քաղաքական լայն աջակցություն ունի, քննարկվում են դետալները, ապա հույս հայտնեց, որ մոտ ապագայում առաջընթաց կլինի այս հարցում։

«Հուսով եմ՝ կկարողանանք իսկապես առաջ շարժվել, քանի որ ներկաներից բոլորը համաձայն էին, որ հիմա պետք է ցույց տանք մեր վճռականությունը և աջակցենք Ուկրաինային, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել», - նշել է Կալլասը:

Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի և ԵՄ արտգործնախարարներն այսօր Լոնդոնում կքննարկեն եվրոպական երկրների պաշտպանական ծախսերի ավելացման և զինված ուժերի պատրաստվածությունը բարելավելու հարցերը: Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու շրջանակում դիտարկվում է նաև ռուսական միլիարդների հասնող սառեցված ակտիվների առգրավումը: Ըստ գործակալության՝ Ուկրաինան և եվրոպական երկրները մտավախություն ունեն, որ Վաշինգտոնը Կիևին կստիպի խաղաղության համաձայնագիր կնքել Մոսկվային ձեռնտու պայմաններով, ինչը կթուլացնի և խոցելի կդարձնի Ուկրաինան:

Այս ընթացքում իրավիճակը ճակատում շարունակում է լարված մնալ, կողմերը դարձյալ անօդաչուներով հարվածել են միմյանց: Ուկրաինական զորքը փորձել է առաջ շարժվել Բելգորոդի ուղղությամբ, ռուսական կողմը հարվածել է Կիևին:






XS
SM
MD
LG