Մատչելիության հղումներ

Մեկօրյա գործադուլ՝ փաստաբանների հարկերն ավելացել են մոտ 8 անգամ


Փաստաբանների պալատի գործող և նախկին նախագահներ Սիմոն Բաբայանը և Արա Զոհրաբյանը ասուլիսի ժամանակ, Երևան, 10-ը փետրվարի, 2025թ.
Փաստաբանների պալատի գործող և նախկին նախագահներ Սիմոն Բաբայանը և Արա Զոհրաբյանը ասուլիսի ժամանակ, Երևան, 10-ը փետրվարի, 2025թ.

Փաստաբանների գործադուլի պատճառով այսօր դատարաններում ու քննչական մարմիններում աշխատանքային եռուզեռ չկար: Մեկօրյա ակցիայով նրանք բողոքում են հունվարին ուժի մեջ մտած հարկային փոփոխություններից, որոնց համաձայն՝ նախկին 5 տոկոսի փոխարեն այժմ ստիպված են 38 տոկոս հարկ վճարել:

«Այս մակարդակով մենք փորձում ենք մեր համայնքի անունից մեր դժգոհությունը ներկայացնել ոչ հիմնավորված, մեր կարծիքով անտեղի հարկային օրենսդրության փոփոխությանը», - հայտարարեց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը:

Կենտրոնի դատարան «Ազատության» այցելության պահին դռնփակ նիստն ընդհատվեց հենց փաստաբանի բացակայության պատճառով: Որոշ փաստաբաններ հասել էին դատարան, բայց ոչ թե դատի, այլ՝ իրենց բողոքի ձայնը բարձրաձայնեցին պաստառներ պարզելով:

Լուսանկարը՝ Փաստաբանների պալատի
Լուսանկարը՝ Փաստաբանների պալատի

Բաբայանն ու գործընկերներն այսօր ասում էին, որ հարկային փոփոխությունները վնասում են ոչ միայն փաստաբանական համայնքին, այլ նաև քաղաքացիներին առհասարակ: Իրենք ստիպված են եղել բարձրացնել ծառայության գները, Բաբայանին պատկանող փաստաբանական գրասենյակն, օրինակ, արդեն 20 տոկոսով թանկացրել է վճարը, մյուս կողմից էլ՝ այլևս չեն կարող անվճար իրավաբանական օգնություն տրամադրել, քանի որ ստիպված կլինեն դրա դիմաց ևս հարկ վճարել:

«Այս ընթացքում նաև 1212 փաստաբան ստորագրեցին հանրագիր, որով առաջարկեցին, որպեսզի փաստաբանական ծառայությունները ազատվեն ավելացված արժեքի հարկից, իսկ անվճար իրավաբանական օգնություն մատուցող փաստաբանների կողմից՝ առհասարակ ազատվի հարկից: Այդ հանրագրի պատասխանն էլ դեռ չունենք», - ասաց Բաբայանը:

Ունենալու ենք անպաշտպան քաղաքացիներ, պնդեց Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը. - «Չի կարելի մեղվի փեթակը ջարդել մեղր հանելու համար: Սա շատ մեծ, շատ լուրջ սխալ մոտեցում է»:

Փոփոխություններն ընդունելիս գործադիրը հիմնավորել էր, որ պարզվեցված շրջանառության հարկը վերածվել է արտոնության մյուս ոլորտների համեմատ: Ըստ այդմ՝ եթե նախկինում 119 միլիոն դրամից պակաս շրջանառություն ունեցող փաստաբանները վճարում էին միայն շրջանառության հարկ, այժմ դա վերափոխվել է 20 տոկոս ավելացված արժեքի հարկի ու 18 տոկոս շահութահարկի: Փաստաբանների բեռն ընդհանուր առմամբ աճել է մոտ 8 անգամ:

«Փաստաբանները միշտ հայտնվում էին վստահորդների կողքին և իրենց օգնում էին: Մենք, փաստորեն, այս ճանապարհը փակում ենք, այսինքն՝ պետությունը փակում է, և ինչ է ստացվում, ստացվում է՝ պետական տուրքի գումարը բարձրացվեց, անվճար օգնությունը փակվեց, նոտարական ծառայությունները, որը էլի իրավունքի պաշտպանության ձև է, թանկացվեց: Ստացվում է՝ ամեն ինչ անում են, որպեսզի մարդը հրաժարվի իրավունքները պաշտպանելուց», - ընդգծեց Զոհրաբյանը:

Մինչ Կառավարությունը վստահեցնում է, որ իր նպատակը հարկային բեռի արդարացի և հավասար բաշխում ապահովելն է, փաստաբանները շարունակում են պնդել՝ օրենքի հեղինակներն իրենց չեն լսել, ըստ էության քննարկումներ չեն անցկացրել:

Անցած տարի Հարկային օրենսգրքի փոփոխությունները ներկայացնելիս ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն էր վստահեցրել՝ փաստաբանների հարկերը բարձրացնելուց հետո սոցիալապես անապահովներին անվճար օգնություն կարող են տրամադրել հանրային պաշտպանները: Բայց դրանից հետո ոչ միայն այս կառույցի բյուջեն կրճատեց Կառավարությունը, այլև՝ հաստիքները նվազեցրեց 11-ով:

«Ինչ վերաբերում է դատական պաշտպանության հասանելիության հետ կապված մտահոգությանը, բնականաբար, սա Կառավարությանն էլ մտահոգում, և Կառավարությունը խնդրի լուծումը տեսնում է այլ կերպ, ավելի ինստիտուցիոնալ միջավայրում՝ ի դեմս հանրային պաշտպանի ինստիտուտի զարգացման: Եվ եթե նկատել եք, տարեցտարի պետական բյուջեով նախատեսվող ֆինանսավորումը հանրային պաշտպանի ինստիտուտի համար ընդլայնվում է», - հայտարարում էր Պողոսյանը:

Փաստաբանների պալատն ահազանգում է՝ փոքր փաստաբանական գրասենյակների մի մասն արդեն կանգնած է փակման եզրին: Համայնքը սպասում է Կառավարությանն ուղղված իրենց առաջարկի արձագանքին՝ ազատել փաստաբանական գործունեությունը ավելացված արժեքի հարկից: Դա, ըստ պալատի նախագահի, թույլ կտա իրենց նաև շարունակել անվճար իրավաբանական օգնությունը:

XS
SM
MD
LG