Փարիզը հետախուզական տվյալներ է տրամադրում Կիևին, այսօր հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն։
Այս հայտարարությունից մեկ օր առաջ Վաշինգտոնն ասել էր, որ դադարեցնում է հետախուզական տվյալների փոխանակումը Կիևին՝ փորձելով ուժեղացնել ճնշումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա։
«Մենք ունենք հետախուզական ռեսուրսներ, որոնք օգտագործում ենք ուկրաինացիներին օգնելու համար», - France Inter ռադիոկայանին ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը։
Երեկ էլ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց, որ Ռուսաստանից բխող սպառնալիքի և ԱՄՆ-ի քաղաքականության հնարավոր փոփոխությունների պատճառով նախաձեռնելու է քննարկում այն մասին, որ Ֆրանսիան, որպես միջուկային տերություն, երաշխավորի Եվրամիության մյուս երկրների անվտանգությունը։
Մակրոնը շեշտել է, որ միջուկային զենք կիրառելու որոշումը կմնա բացառապես Ֆրանսիայի նախագահի իրավասությունների շրջանակում։