Ռուսաստանի արտգործնախարարության Հյուսիսատլանտյան դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը նշանակվեց Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր է համապատասխան հրամանագիրը ստորագրել։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ-ում Ռուսաստանի և Ռուսաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանների արագ նշանակումներն ապահովելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան բանակցությունների ընթացքում և որ Ռուսաստանի նոր դեսպանն առաջիկայում կմեկնի Վաշինգտոն։
ԱՄՆ-ում Ռուսաստանի նախկին դեսպան Անատոլի Անտոնովն ավարտեց իր առաքելությունը 2024-ի հոկտեմբերին և վերադարձավ Մոսկվա։ Անտոնովը յոթ տարի ղեկավարեց ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանությունը՝ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների ամենադժվար ժամանակաշրջանում․ վերջին տարիներին երկու երկրների հարաբերություններն աննախադեպ վատթարացել էին։
Ալեքսանդր Դարչիևը ՌԴ արտգործնախարարության Բրիտանիայի, Իռլանդիայի, Կանադայի ու Միացյալ Նահանգների բաժանմունքն էր ղեկավարում և գլխավորում էր ռուսական պատվիրակությունը երկու երկրների դիվանագետների Թուրքիայում անցկացված բանակցությունների ժամանակ։