Պատերազմը դադարեցնելու հարցով Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և եվրոպական մի քանի երկրի արտգործնախարարների՝ Լոնդոնում այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է: Հանդիպմանը, որին պետք է քննարկվեր կարգավորման ամերիկյան առաջարկը, հրաժարվել է մասնակցել ԱՄՆ պետքարտուղարը: Փոխարենը, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը, արտգործնախարարն ու պաշտպանության նախարարը Լոնդոնում հանդիպում են Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ՝ քննարկելու հնարավոր հրադադարի պայմանները:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսն ասել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպմանը չի մասնակցի հագեցած գրաֆիկի պատճառով:
«Նա չի մասնակցի Լոնդոնում տեղի ունեցող հանդիպումներին ... Գիտեմ, որ գեներալ Քիթ Քելլոգն է այնտեղ, և, հետևաբար, նա կմասնակցի այդ քննարկումներին», - նշել է Բրյուսը:
Մինչդեռ բանակցություններին մասնակցող ամերիկացի պաշտոնյան անանուն մնալու պայմանով Axios-ին ասել է, թե Ուկրաինան երեկ հասկացրել է, որ մտադիր են քննարկել 30-օրյա հրադադարի հնարավորությունը, այլ ոչ թե ամերիկյան առաջարկը, ըստ որի՝ Ուկրաինան պետք է Ռուսաստանի մաս ճանաչի գրավված տարածքները, այդ թվում՝ Ղրիմը: Արդյունքում, Վաշինգտոնում որոշել են, որ հանդիպմանը չեն մասնակցի պետքարտուղարն ու ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, այլ միայն բանագնաց Քիթ Քելլոգը:
Ուկրաինայի նախագահը երեկ հայտարարել էր, որ ուկրաինական պատվիրակությունը Լոնդոնի հանդիպմանը քննարկելու է առանց նախապայմանների կամ ժամանակավոր հրադադարը: Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ Կիևը պատրաստ է ամբողջական հրադադար հաստատելուց հետո Ռուսաստանի հետ բանակցել ցանկացած ձևաչափով։ Նաև շեշտել, որ Ուկրաինան Ղրիմը չի ճանաչում Ռուսաստանի մաս:
«Ուկրաինան իրավաբանորեն չի ճանաչում Ղրիմի օկուպացիան: Այստեղ խոսելու ոչինչ չկա: Դա մեր Սահմանադրության շրջանակներից դուրս է: Դա մեր տարածքն է, Ուկրաինայի ժողովրդի տարածքը», - հայտարարել է Զելենսկին:
Այսօր էլ Ուկրաինայի նախագահը սոցցանցում վերահաստատել է՝ Կիևը պնդում է, որ անհապաղ, լիարժեք և անվերապահ հրադադար հաստատվի:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն, իր հերթին, ասել է, որ ԱՄՆ-ը «շատ հստակ առաջարկ» է ներկայացրել կողմերին, ապա կրկին սպառնացել, որ Վաշինգտոնը դուրս կգա բանակցություններից, եթե կողմերը չհամաձայնեն իր առաջարկին: «Ժամանակն է, որ կա՛մ նրանք համաձայնեն, կա՛մ ԱՄՆ-ը դուրս կգա այս գործընթացից», - ասել է Վենսը՝ նշելով, որ անհրաժեշտ կլինի տարածքային զիջումների գնալ, նոր սահմաններ գծել, որոնք մոտ կլինեն ճակատային ներկայիս գծերին. - «Անշուշտ, դա նշանակում է, որ ուկրաինացիները և ռուսները երկուսն էլ ստիպված կլինեն հրաժարվել իրենց հսկողության տակ գտնվող որոշ տարածքներից: Պետք է տարածքային փոխանակումներ լինեն»:
Ֆրանսիայի նախագահն արձագանքել է ԱՄՆ փոխնախագահին՝ ասելով, որ խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է հաշվի առնի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և եվրոպական ձգտումները շատ խիստ պահանջներ են եվրոպացիների համար», - France-Presse-ին ասել է Էմանյուել Մակրոնը: Մեծ Բրիտանիան էլ հայտարարել է, որ Ուկրաինա՛ն պետք է որոշի իր ապագան: «Մենք երբեք չենք լքի Ուկրաինային», - ասել են Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից:
Կրեմլի խոսնակն ասել է, որ Ռուսաստանը շարունակում է երկխոսությունը ԱՄՆ-ի հետ հնարավոր կարգավորման շուրջ, սակայն Եվրոպայի կամ Ուկրաինայի հետ շփումներ չկան: Դմիտրի Պեսկովը նշել է, որ Լոնդոնում ԱՄՆ և Ուկրաինայի բանագնացները պետք է մոտեցնեին դիրքորոշումներ, որպեսզի ԱՄՆ-ը շարունակեր իր միջնորդական ջանքերը:
«Որքանով հասկանում ենք, դեռ հնարավոր չի եղել մոտեցնել նրանց դիրքորոշումները որոշ հարցերի շուրջ, և այդ պատճառով այդ հանդիպումը չի կայացել», - ասել է Պեսկովը:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամմին երեկ X-ում գրել է, որ Ուկրաինայի հարցով արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտոնակից Մարկո Ռուբիոյի հետ, հավելելով, որ բանակցությունները շարունակվում են նույն տեմպերով, իսկ Լոնդոնում այսօրվա հանդիպմանը կմասնակցեն այլ պաշտոնյաներ:
«Մեծ Բրիտանիան աշխատում է ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի հետ հանուն խաղաղության և վերջ դնելու Պուտինի անօրինական ներխուժմանը ... Սա վճռորոշ պահ է Ուկրաինայի, Բրիտանիայի և եվրատլանտյան անվտանգության համար», - գրել է Միացյալ Թագավորության արտգործնախարարը:
Եվրոպացի դիվանագետը, անանուն մնալու պայմանով, «Ազատությանն» ասել է, որ հանդիպմանը չմասնակցելով՝ ԱՄՆ-ը հավելյալ ճնշում է գործադրում Ուկրաինայի վրա: Քաղաքական վերլուծաբան Օլեգ Սահակյանն էլ «Ազատության» «Նաստոյաշչեե վրեմյա» հեռուստաալիքին ասել է, որ այսօրվա բանակցությունները տեխնիկական բնույթի կլինեն, թե ինչպիսին կարող է լինել հրադադարը: Այս պահին բոլոր կողմերը փորձում են օգուտ քաղել գործընթացից, իսկ ԱՄՆ-ը որևէ պարտավորություն չի ստանձնի:
«Ամբողջ առեղծվածն այն չէ, թե ինչպես կավարտվի բանակցային գործընթացը: Դա բավականին պարզ է: Այն կփլուզվի 90+ տոկոս հավանականությամբ: Հարցն այն է, թե ինչ ռեսուրսներով և ինչ վիճակում բոլոր կողմերը դուրս կգան դրանից», - ընդգծել է Սահակյանը:
Դիվանագիտական ճակատում այս իրադարձությունների ֆոնին ռուսական զինուժն այսօր անօդաչուներով հարվածել է Դնեպրոպետրովսկի շրջանի Մարգանեց քաղաքին, կա 9 զոհ, 40 վիրավոր: Գիշերն էլ հարվածել են Օդեսային, Խարկովին և Պոլտավային, կան տուժածներ: Ռուսական կողմն, իր հերթին, հայտարարել է, որ Դոնեցկում ևս մեկ բնակավայր է վերցրել: