Սուրբ Հարության տոնի առիթով Ռուսաստանի նախագահի հայտարարած հրադադարի ավարտից հետո ռուսական զորքը գիշերը վերսկսել է անօդաչուներով և հրթիռներով հարվածները ուկրաինական թիրախներին: Կողմերը միմյանց մեղադրել են Զատկի ընթացում հրադադարը խախտելու համար:
Կիևը միևնույն ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն այս ընթացքում մեծ հեռահարության հրթիռներով քաղաքացիական ենթակառուցվածքներին չի հարվածել: Ուկրաինայի նախագահն առաջարկել է ևս 30 օր չկիրառել այդպիսի հրթիռներ:
«Եթե Ռուսաստանը չհամաձայնի նման քայլի, ապա դա կլինի ապացույց, որ նա ցանկանում է շարունակել անել միայն այն, ինչը մարդկային կյանքեր է ոչնչացնում և շարունակում է պատերազմը», - հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:
Ռուսական կողմն առայժմ չի արձագանքել այս առաջարկին, թեև Կրեմլի խոսնակն ավելի վաղ ասել էր, որ նախագահ Պուտինը հրադադարը երկարացնելու վերաբերյալ որևէ հրահանգ չի տվել:
Իր հերթին, ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ Ուկրաինան և Ռուսաստանն այս շաբաթ կկարողանան համաձայնության գալ հրադադար հաստատելու շուրջ և գործարք կկնքեն:
«Հուսով եմ՝ Ռուսաստանն ու Ուկրաինան այս շաբաթ համաձայնության կգան։ Այնուհետև երկուսն էլ կսկսեն մեծ բիզնես անել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որը ծաղկում է, և հարստություն կստեղծեն», - ասել է Դոնալդ Թրամփը:
Հնարավո՞ր է, որ Մոսկվան և Կիևն այս շաբաթ հրադադարի շուրջ համաձայնության գան: Կրեմլին խոսնակն այսօր հրաժարվել է պատասխանել այս հարցին: Միայն ասել է, թե հուսով են, որ ամերիկյան կողմի հետ աշխատանքն արդյունք կտա:
«Նախագահ Պուտինը և ռուսական կողմը բաց են խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու համար։ Մենք շարունակում ենք աշխատել ամերիկյան կողմի հետ և, իհարկե, հուսով ենք, որ այդ աշխատանքն արդյունք կտա», - հայտարարել է Դմիտրի Պեսկովը:
The Wall Street Journal-ը գրում է, որ Փարիզում անցած շաբաթ տեղի ունեցած հանդիպմանը ԱՄՆ-ն Ուկրաինային է փոխանցել հրադադարի վերաբերյալ Թրամփի առաջարկները, ըստ որոնց՝ Ուկրաինան պետք է ռուսական տարածք ճանաչի Ղրիմը և հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցությունից: Նաև առաջարկվում է չեզոք գոտի հայտարարել Զապորոժիեի ուկրաինական ատոմակայանի տարածքը և այն հանձնել ԱՄՆ վերահսկողությանը։
Եվ հիմա Վաշինգտոնը սպասում է Կիևի պատասխանին, որն ակնկալվում է այս շաբաթ Լոնդոնում սպասվող հանդիպմանը: Նախորդ շաբաթ, սակայն, Զելենսկին հայտարարել էր, որ բոլոր տարածքները, որոնք Ռուսաստանը գրավել է պատերազմի ժամանակ, ուկրաինական են, և իրենք երբեք դրանք չեն ճանաչի Ուուսաստանի մաս, դա կարմիր գիծ է իրենց համար:
Ռուսաստանի և Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգն, իր հերթին, Fox News-ին ասել է, որ շատ լավ լուծումներ են առաջարկել Ուկրաինային, մեկը՝ հազվագյուտ օգտակար հանածոների գործարքի մասով, մյուսը՝ համապարփակ հրադադարի: Ամերիկացի պաշտոնյան կարծում է, որ խնդրի կարգավորման հնարավորություն կա, և իրենք ճիշտ ուղու վրա են:
«Աշխարհում չափազանց շատ այլ հարցեր կան, որոնց կարգավորմանը պետք է ներգրավվի ԱՄՆ-ն: Եվ այս պատերազմը չափազանց երկար է ձգվում: Սակայն կարծում եմ, որ կա կարգավորման հնարավորություն», - նշել է Քելլոգը:
Արդյոք ԱՄՆ վարչակազմը ցանկանում է հրադադարի հաստատել նախքան կլրանա Թրամփի պաշտոնավարման 100-րդ օրը: Սթենֆորդում գործող Հուվերի ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Սանովիչը «Ազատության» «Նաստոյաշչեե վրեմյա» հեռուստաալիքին ասել է, որ Թրամփի թիմում կա՛ այդ շտապողականությունը: Այդուհանդերձ, հիմա ԱՄՆ վարչակազմը փոխել է ռազմավարությունը և նախապատրաստական ավելի լավ աշխատանք է փորձում անել՝ ներգրավելով նաև եվրոպացի առաջնորդներին, ինչի ապացույցն է Փարիզի անցած շաբաթվա հանդիպումը, որին մասնակցում էին ամերիկյան, եվրոպական և ուկրաինական կողմերը:
«Նպատակն այն է, որ բոլորը համաձայնեն այդ ծրագրին, իսկ հետո միասին Կիևին կհամոզեն նույնպես համաձայնել ծրագրին, ինչից հետո Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կմեկնի Մոսկվա կամ Սանկտ Պետերբուրգ՝ Պուտինին կոնսենսուսի վրա հիմնված առաջարկ ներկայացնելու համար», - ասել է Սանովիչը:
Վտարանդի ռուս անկախ քաղաքական վերլուծաբան Դմիտրի Օրեշկինն էլ ասել է՝ Պուտինն այս պատերազմը սկսեց, որպեսզի կանգնեցնի Արևմուտքի հետ Ուկրաինայի մերձեցումը: Սակայն հիմա խոսքն արդեն այն մասին է, որ ԱՄՆ վերահսկողության տակ պետք է անցնի Զապորոժիեի ատոմակայանը, գազի ենթակառուցվածքը. - «Եվ ընդհանուր առմամբ, իրավիճակը հիշեցնում է 1939-ին Ուկրաինայի բաժանումը, ոչ թե ԽՍՀՄ-ի և Գերմանիայի, այլ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Ընդ որում, ԱՄՆ-ն է հայտնվում հաղթողի դիրքում»:
Քաղաքագետի կարծիքով՝ Զատկին Պուտինի հայտարարած հրադադարը պարզապես ցուցադրական քայլ էր, որպեսզի Թրամփը շատ չզայրանա: Եթե նա լրջորեն վերաբերվեր հրադադարին, ապա կարող էր դրա մասին վաղ հայտարարել ու ավելի երկար ժամկետով: