«Հաջորդ անգամ չլսեմ ծառահատում բառը: Ծառահատում մեր կազմակերպությունը չի իրականացնում, դուք ճիշտ չեք ասում, այստեղ ծառերի փոխարինում է». - Արմեն Բեգոյանը՝ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը բարկացավ, երբ լրագրողներն ասացին, որ Պարոնյան, Պռոշյան փողոցներում ծառահատում է իրականացվում: Պնդեց՝ դեռ 20 տարի առաջ իրենց կենսունակությունը սպառած հիվանդ ու որդնած թեղիները փոխարինվում են սաֆորաներով, դրանց մեկ հատն արժե 91 հազար 500 դրամ։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ ինչո՞ւ է փողոցի երկայնքով դեկորատիվ սաֆորա տնկվում, եթե դրանք թեղիների փոշեկլանիչ ֆունկցիան չունեն։ «Ո՞վ ասաց փոշի չի կլանում կամ սաղարթ չունի։ Գիտնականներ ու պրոֆեսորներ ունենք մեր խորհրդում, առանց նրանց գիտական եզրակացության ոչ մի ծառ չենք փոխարինում», - նորից բարկացավ պաշտոնյան։
«Ի՞նչ է նշանակում դեկորատիվ ծառեր եք տնկում։ Հարգելիս, սա էլ է դեկորատիվ ծառ, սա, որ հեսա փոխարինում ենք, էն Պրոսպեկտի սոսիներն էլ են դեկորատիվ, Երևան քաղաքի բոլոր այն ծառերը, որոնք պտղատու չեն, դրանք դեկորատիվ ծառեր են։ Ի՞նչ եք ուզում, դեղձի ծա՞ռ տնկենք այստեղ։ Պիտի տնկվեն ֆունկցիոնալություն կատարող, այսինքն՝ տերևային մակերես, սաղարթային մակերես։ Ուզում ենք տնկենք ծառ, որի կյանքի տևողությունը քաղաքում 100 տարի է», - ասաց Բեգոյանը:
«Թեղիները հիվանդ են ու որդնած, որովհետև լավ չեք խնամել, խորը էտ եք արել, հիմա էլ ձերբազատվում եք դրանցից», - տարբեր մասնագետների հղումներ անելով՝ ասացին լրագրողները:
Այդ պնդումն էլ Բեգոյանը չընդունեց, հակադարձելով՝ այդպիսի հայտարարություն են անում զեղծարարները՝ նկատի ունենալով իրենից մի քանի քայլ այն կողմ կանգնած ակտիվիստ Էդուարդ Հայրումյանին ու ավագանու ընդդիմադիր անդամ Քրիստինե Վարդանյանին:
«Մենք ունենք մի երկու կեղծարար, դրանք ընդամենը երկու-երեք հոգի են, մեկը՝ ավագանու անդամ տիկին Վարդանյանը, Ամիրյան փողոցից հրապարակել է կադրեր, գտել է մի հատված՝ մի 20-30 մետրանոց, որտեղ ծառեր չկան, դրեք, նայեք, իր էջում է, ամբողջ տեսանյութը էնպես, էն անկյան տակ է նկարված, որ Ամիրյան փողոցում որևիցե ծառ չի երևում, և բղավում, գոռում, գոչում է, որ Ամիրյան փողոցում ամբողջ ծառերը կտրված են», - նշեց պաշտոնյան:
Բեգոյանն ի պատասխան քննադատության ասաց՝ Հայաստանում առաջին անգամ միայն իրենց իշխանության օրոք քաղաքային յոթ անտառներ ու ավելի քան 25 հազար ծառ է ծնկվել, պնդեց՝ դրանց շնորհիվ քաղաքի կանաչ տարածքներն ավելացել են 60 հեկտարով:
Սրանք թվարկելուց հետո, լրագրողներն ասացին՝ «ինչո՞ւ քննադատություն չեք ընդունում, ուզում եք, որ ձեզ միայն ծափահարեն ու բրավո՞ ասեն»։
«Երբ որ դուք, վերջին 30 տարում էնքան աշխատանք չի կատարվել մեր երկրում, ինչքան կատարվել է վերջին երեք տարում, բա պիտի ասեք բրավո, բա ի՞նչ պիտի ասեք», - արձագանքեց Արմեն Բեգոյանը:
Պաշտոնյայից մի քանի քայլ այն կողմ կանգնած ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը, որ տարիներ շարունակ բարձրաձայնում է քաղաքային խնդիրները, ասաց՝ երեկ «Նաիրի» բժշկական կենտրոնի տարածքում կանաչապատման ՀՈԱԿ-ի աշխատակիցներն առողջ ծառեր են կտրել։ Բեգոյանն ասաց՝ դա մասնավոր տարածք է, սեփականատերն է որոշել, իրենք էլ խորհուրդ են տվել, որ այո, կարող են կտրել, որովհետև, ըստ նրա, դրանք հիվանդ ծառեր էին, միջատներն էլ լցվում էին հիվանդասենյակներ։ Ակտիվիստն այս բացատրությունը չի ընդունում։
«Ստոպ տվեցին աշխատանքը, ես տեղ չգնացի, նորից ասեց՝ «լավ, էսի չէինք կտրում, էսի էտում էինք», հելան երկու ճյուղ վերևից կտրեցին էդ երկու ծառից, թողեցին գնացին։ Բա եթե օրինական ծառահատում էին անում, եթե էդ նույն ծառերը ալերգիկ են, էն մեկը կտրել եք, էդ երկուսը խի՞ եք թողել, ակտիվիստը չմասնագետ ո՞վ է, որ ձեզ ասի՝ «էս ծառը մի կտրեք», դուք էլ չեք կտրում», - ընդգծեց Հայրումյանը:
Ավագանու ընդդիմադիր անդամ Քրիստինե Վարդանյանը, որ կանաչապատման ՀՈԱԿ-ի փոխտնօրենն է եղել Հայկ Մարությանի քաղաքապետության օրոք, այսօրվա թեղիները սաֆորաներով փոխարինելուն դեմ չէ, բայց ասաց. - «Իրանք արդեն հազարավոր ծառեր են Երևան քաղաքում կտրել։ Սկզբից ասում էին, որ թեղիները հիվանդ են, և դրա համար են կտրում, հիմա թեղիներին միացան հացենիները, երեկ Ամիրյան փողոցում իրանք կտրել էին շատ երիտասարդ ակացիաները։ Այսինքն՝ էս մարդիկ անում են անհասկանալի մի հատ գործողություն, ցույց են տալիս երեք հատ վնասված ծառ, արանքում հատում են զանգվածներով հսկայական ծառեր, որոնք որ ստվերառատ էին»։
Կանաչապատման հարցերով քաղաքային իշխանության քննադատները բազմիցս էին պնդում, որ աշխարհում ծառերի վիճակը ստուգվում է ռեզիստոգրաֆ սարքով, մինչդեռ Երևանում գնահատումը ակնադիտական է։ Քաղաքապետարանն արդեն գնել է այդ սարքից։ Բեգոյանի պնդմամբ՝ հատվող բոլոր ծառերը ստուգվել են այդ սարքով, որը ցույց է տալիս ծառի ներսի վիճակը և պարզում՝ ենթակա՞ է հատման, թե՞ ոչ։
Երևանի բժշկական համալսարանի հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինե Վարդանյանը կասկածի տակ է դնում՝ արդյո՞ք քաղաքապետարանն ունի համապատասխան մասնագետներ։ Նրա խոսքով՝ սարքը նոր է ձեռք բերվել, իսկ դրանով աշխատելու համար պետք է լիցենզիա և վերապատրաստում։ Հարցնում է՝ ե՞րբ են այդ վերապատրաստումն անցել, ե՞րբ են հասցրել։ Իսկ առհասարակ, ասաց, մայրաքաղաքում հաճախ տնկվում են ծառեր, որոնք չեն դիմանում Երևանի կլիմային, օդի աղտոտվածության այս պայմաններում չեն կլանում թունավոր նյութերը, և այլն։
«Կան ծառեր, որոնց ֆունկցիոնալությունը միջավայրը պահպանելու մեջ է, այսինքն՝ սանիտարական ֆունկցիա են կրում, և կան ծառեր, որոնք բարձր դեկորատիվ հատկանիշներ ունեն։ Դեկորատիվ հատկանիշներով ծառերը տնկում ենք այգեպուրակային տարածքներում, դա հուդայածառն է, կատալպան է, ալբիցիան է՝ էն ծառատեսակները, որոնք որ իրենք տնկում են փողոցներում, ինչը ուղղակի անթույլատրելի է: Իսկ փողոցների ծառերը՝ կաղնիները, սոսիները, սոճի կարելի է տնկել, թեղիները, հացենիները, այսինքն՝ էն ծառատեսակները, որոնք որ Խորհրդային Միության ընթացքում հենց տնկվել են մեր փողոցների խնդիրը լուծելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդանյանը: