Մատչելիության հղումներ

«Եղածները դարն ապրել են». քաղաքային իշխանությունները ծրագրում են հարյուրավոր ծառեր նորերով փոխարինել


Թումանյան փողոցի տասնամյակներով վեր խոյացող թեղիներին շուտով վարդագույն հուդայածառեր կփոխարինեն. նորերը կտնկվեն նաև Ալեք Մանուկյանի ծառերի տեղում։ Մելիք Ադամյանի թեղիների փոխարեն կատալպաներ կաճեն՝ ավելի փոքր սաղարթով, որպեսզի ինչպես իրենք են բացատրում՝ կառավարության շենքի ետնամասն ավելի լավ երևա։

Քաղաքային իշխանությունները ծրագրում են այս գարնանը հարյուրավոր ծառեր նորերով կամ «ավելի արժեքավոր ու գեղազարդ տեսակներով» փոխարինել։ Աշխատանքները ուր որ է կմեկնարկեն, այս շաբաթ էին ուզում սկսել, եղանակը խանգարեց։ Ասում են՝ եղածները դարն ապրել են, հիվանդ են ու վարակված:

Մինչ տարբեր մասնագետներ, գործիչներ համաձայն չեն այս դիտարկումների հետ, քաղաքապետարանի մոտեցումն անընդունելի են համարում ու շեշտելով, թե ամռան տապին առանց սաղարթախիտ ծառերի ստվերների պարզապես հնարավոր չէ, քաղաքային իշխանությունները պնդում են՝ այլ տարբերակ չկա՝ հիվանդ ծառերը մյուսներին էլ են վարակում:

Ի՞նչ են մտածում նոր ծառերի ու Թումանյան փողոցի նոր՝ վարդագույն երանգի մասին. հարցրինք անցորդներին:

«Էս ինչ ա, ծառ ա, թե՞ ծաղիկ, եթե ծառ ա անիմաստ բան ա, մարդիկ ամառը ծառի տակով անցնում են և կաթվածահար չեն լինում, տափաստան են սարքում», - ասաց բնակիչներից մեկը:

«Սիրուն ա, ինչ վատ ա որ, կարող ա իրականում հին են, էն ա մի քանի ամիս առաջ մեկը չընկավ ավտոյի վրա, բա որ մի օր էլ մարդկանց գլխին ընկնի մի 10 հոգի մեռնի, կարող ա ավելի սիրուն լինի, քան էս նկարը», - նշեց մեկ այլ քաղաքացի:

Այս փողոցներում սպասվող փոփոխություններն անցած ամիս քաղաքապետարանում Կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը ներկայացրեց։ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի մասնագետների ու աշխատակիցների հետ շաբաթներ առաջ քայլեց այդ հատվածներով. հասցրեց նաև մարդկանց կարծիքները լսել և իր իսկ ձեռքի հպումով հասկանալ ծառերի վիճակը։

Իսկ ո՞ւմ հետ էր քայլում քաղաքապետը. նախորդ դարի կեսերից ապրող ծառերը փոխելու անհրաժեշտությունից խոսում էր, օրինակ, բուսաբան, պրոֆեսոր Ժիրայր Վարդանյանը:

Ընդդիմադիրները մի հին տեսանյութ գտան. 24-ի գարնանը էտի վնասի մասին բարձրաձայնած պրոֆեսորը 2015-ին ինքն էր էտելու խորհուրդ տվել. - «Երևան քաղաքի կանաչ տնկածները իրենց վիճակից ելնելով շատ դեպքերում անհրաժեշտություն կա էդ ծառերին ավելի խորը միջամտություն կատարել»:

Թե կոնկրետ ի՞նչ ժամկետներում կփոխարինվեն հարյուրավոր ծառերը, քաղաքապետարանից չեն հստակեցնում. աշխատանքների մեկնարկը տարբեր հանգամանքներից է կախված։ Ասում են՝ մաս-մաս են փոխելու, օրինակ, եթե Թումանյանը Բրյուսովի կողմից սկսեն՝ մինչ Փարպեցի խաչմերուկ ընկած հատվածն ամբողջությամբ կավարտեն, հետո նոր մյուս մասերին կանցնեն։

XS
SM
MD
LG