Մատչելիության հղումներ

Հաջորդն Ամիրյան փողոցն է լինելու. բողոքի ակցիա Երևանում ընդդեմ ծառահատումների


Այս տարի էլ գարունը սկսվեց ծառահատմամբ. Երևանի քաղաքապետարանի առջև այսօրվա բողոքի ակցիայի նպատակն էր՝ հասցնել փրկել դեռ չհատված, բայց քաղաքային իշխանության կողմից արդեն իսկ առանձնացված ծառերը։

«Հաջորդը Ամիրյան փողոցն է լինելու, Ավինյանը հասել է Ամիրյանին, հուդայածառերով փոխարինումը միգուցե դեռ հնարավոր է փրկել», - ասաց ակցիայի մասնակիցների մեկը:

Ծառերը նոր-նոր բողբոջում էին, սակայն կանաչել չհասցրին: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու իր աշխատակիցներն այլ սցենար էին նախատեսել նրանց համար։ Մի քանի օր առաջ Երևանի կենտրոնի բնակիչները արթնացան սղոցների ձայնից։

Բնությունը ազգություն չի ճանաչում, ասում են այսօրվա ակցիայի օտարազգի մասնակիցները, օրինակ՝ ուռենի և խնձորենի ներկայացող աղջիկներից մեկը ռուս էր, մյուսը՝ ֆրանսուհի։

«Ծառից էլ 3 խնձոր չի ընկնի, քանի որ էլ ծառ չկա», «Կենտրոն թավամաս» և նմանատիպ այլ գրառումներով պաստառները, ելույթները, պերֆորմանսները չհամոզեցին քաղաքային իշխանության ներկայացուցիչններից որևէ մեկին իջնել և պատասխանել ակցիայի մասնակիցներին հուզող հարցերին։

Արմեն Բեգոլանը
Արմեն Բեգոլանը

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի բացատրությունը ծառահատումից հետո սա էր. «Իրականացվում են կենսունակության ավարտին մոտ գտնվող, հիվանդ, ծեր, դեֆորմացված թեղիների փոխարինման աշխատանքները հուդայածառ եվրոպական ծառատեսակով: Փողոցը փորձում ենք բերել միատարրության»:

Մինչ ոմանք հատումները ծառերի սպանդ են անվանում, քաղաքային իշխանություն այլ կերպ է բացատրում՝ ծառերը վատն էին, կենսունակության ավարտին մոտ էին։

Բեգոյանը պնդեց, որ սոսիներին, կաղնիներին ձեռք չեն տալիս, իսկ երևանցիներին թխկիներից փրկել է պետք՝ հիվանդ են։ Քիմիական վերգետնյա պայքարն անարդյունք էր՝ ըստ Բեգոյանի։
Բնապահպան ակտիվիստները, սակայն, իրենց պաստառներով պահանջում էին ծառերը փրկել քաղաքապետարանից և հենց Բեգոյանից։

Ծառահատման պլանը Թումանյան փողոցում քաղաքային իշխանությունն անցած տարի 70 տոկոսով արդեն իսկ իրականացրել էր. Բեգոյանի խոսքով՝ գարնանը կշարունակեն հատել Թումանյանի և Մելիք-Ադամյանի ծառերը։ Ծառահատները այս տարի դեռ երկու փողոց պիտի այցելեն՝ Ամիրյան, Հալաբյան։

Ակցիայի մասնակիցներն այսօր իրենց բողոքի խոսքն ավարտեցին հատված ծառերի փողոցներում քայլերթով։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG