Մատչելիության հղումներ

Ծառահատման պաուզա. քաղաքային իշխանությունը ծառերի փոխարինման դեմ բողոքողներից գիտական հակափաստարկներ է ակնկալում


Երևանի կենտրոնում 300 թեղիներ հատելուց հետո քաղաքային իշխանությունը հայտարարեց՝ պաուզա է վերցնում՝ թող ծառերի փոխարինման դեմ բողոքողները գիտական հակափաստարկներ բերեն:

«Ակնկալում ենք, որ որոշակի գիտական շրջանակներից պետք է ստանանք գրավոր, հիմնավոր որևէ փաստաթուղթ», - ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը տեղեկացրեց՝ ավագանու առաջիկա նիստում կներկայացնի բազմաթիվ եզրակացություններ, որ ստացել է արտերկրից։ Ծառահատումների այս դադարի շնորհիվ առայժմ տեղում են Մելիք Ադամյան փողոցի 52 թեղիները, դրանք արդեն կանաչել են և կանաչապատման ՀՈԱԿ-ում դեռ պիտի քննարկեն՝ այս տարի հատել, թե՝ ոչ։

«Գիտական հիմքն իմ համար հետազոտությունն է, եթե հետազոտություն արված չէ, օֆիցիալ ինստիտուտների կարծիքները չկան», - ասաց Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը:

Սահակյանն օրեր առաջ Գիտությունների ազգային ակադեմիայում հրավիրված քննարկմանն էր։ Ակադեմիականները ծառերի փոխարինման ծրագիրն էին քննարկում, այն բանից հետո, երբ այս տարվա ծառահատման պլանը քաղաքապետարանն արդեն 95 տոկոսով իրականացրել է։ Ակադեմիան, այնուամենայնիվ, հայտարարեց, թե ծառերի փոխարինման ծրագիրն իրենց գիտահետազոտական կառույցները չեն ստացել, չեն քննարկել, մի խոսքով՝ այն իրականացվում է առանց գիտական տեսակետի։ Կանաչապատման հիմնարկի տնօրենի հակափաստարկն այն է, որ որոշման կայացմանը 24 գիտնական է մասնակցել, գիտխորհուրդ ունեն:

Լիլիթ Սահակյանը տարակուսում է՝ եթե որևէ ուսումնասիրություն չի արվել, ծառերը չեն հետազոտվել, ինչպե՞ս է որոշվում, որը հատել, որը թողնել։ Հենց այդ պատճառով անձամբ ոչ կողմ է ծրագրին, ոչ էլ դեմ:

«Մենք անորոշությունների պայմաններում ենք, կարող է ճիշտ է փոխարինելը, ես չեմ կարող ասել, կարող է սխալ է, 50:50 է», - ասաց Սահակյանը:

«Ազգային ակադեմիան ասում էր, որ որևիցե ինստիտուտ մինչև այս պահը չի հետազոտել, շատ վատ է, որ մինչև այս պահը չի հետազոտվել», - ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:

Ակադեմիական կենտրոնի տնօրենը հակադարձում է Կանաչապատման հիմնարկի ղեկավարին, բացատրում՝ գիտնականը հետազոտություն կաներ, եթե քաղաքապետարանից այդպիսի պատվեր ունենար և ապահովվեր համապատասխան ռեսուրսներով։ Օրինակ՝ ռեզիստոգրաֆ կոչվող սարքը, որ հնարավորություն կտա գնահատել ծառի կենսունակությունը, դրա ներսը տեսնել։

Ծառագետ Ժիրայր Վարդանյանը կարծում է՝ ռեզիստոգրաֆ ընդհանրապես պետք է, բայց քաղաքի թեղիները դրանով հետազոտելու կարիք բոլորովին չկար։ Վարդանյանը կանաչապատման ՀՈԱԿ-ին կից գիտխորհրդի ղեկավարն է:

Ուռուցքներով, սնկային հիվանդություններով են երևանյան թեղիները, պնդում է Վարդանյանը, դրանք օդը չեն մաքրում, աղմուկը չեն մեղմում, փոշին չեն կլանում։ Հատված ծառերի մեջ առողջներ էլ կան, Վարդանյանը համաձայն է, բայց՝ մեկ է՝ թեղին քաղաքի համար չէ:

Երևանյան թեղիները նոր ծառատեսակներով փոխարինելու քաղաքային իշխանության ծրագիրը անկախ ամեն ինչից շարունակվելու է։ Կանաչապատման ՀՈԱԿ-ից տեղեկացանք՝ ակադեմիայից որևէ գիտական կարծիքի չեն սպասում, մի քիչ կսպասեն, թե այս ծրագրի դեմ հանդես եկող ցուցարարներն ինչ եզրակացություն են բերելու։

Երևանում շուրջ 120 հազար թեղի կա, ըստ ծառերի փոխարինման ծրագրի, դրանք աստիճանաբար կհատվեն։

XS
SM
MD
LG