Մատչելիության հղումներ

«Ոչ մի բանով չեն ճնշել, Ծառուկյանին ոչ մեկը չի կարող ճնշել». Գագիկ Ծառուկյան


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, արխիվ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը որևէ քաղաքական ուժի, այդ թվում՝ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը չի աջակցում։

«Ես ոչ մեկին չեմ աջակցում, չեմ էլ աջակցելու», - այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լրագրողներին ասաց նա։

Մայիսի վերջին Գագիկ Ծառուկյանն իր տանը հյուրընկալել էր վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ սրբազանին։ Այսօր ԲՀԿ ղեկավարն ասաց, որ որպես իր ընտանիքի հարազատի է ճաշ ունեցել արքեպիսկոպոսի հետ։ Այն ժամանակ սրբազանը մտահոգություն էր հայտնել՝ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո իրավապահները գուցե նրա հետևից էլ գնան։

ԲՀԿ առաջնորդը հավելեց, որ քաղաքական ոչ մի հանդիպում որևէ արտախորհրդարանական ուժի հետ չի եղել։

«Ես ոչ մեկի հետ չեմ միավորվելու», - հայտարարեց նա։

Հարցին, թե ավելի վաղ հարուցված քրեական գործով ճնշվե՞լ է իր քաղաքական գործունեությունը, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. - «Ոչ մի բանով չեն ճնշել, Ծառուկյանին ոչ մեկը չի կարող ճնշել»։

Իսկ ԱԱԾ մեկուսարանում անցկացրած օրերը ճնշում չէի՞ն, հարցին կրկին արձագանքեց հայտարարելով՝ «ոչ մի ճնշում էլ չի եղել»։ «Ցանկացած քաղաքական գործիչ, ցանկացած մարդ պետք է պատասխան տա օրենքի առաջ, եթե մեղավոր չես, խի՞ պիտի ինչ-որ բանից վախենաս։ Ես ընտրակաշառք ընդհանրապես չեմ բաժանել, եղել է 3000 հոգու քննություն, կանչել են հանրապետությունով մեկ, և ոչ մեկը չկա, որ ասի՝ Ծառուկյանն ընտրակաշառք է բաժանել», - պնդեց Գագիկ Ծառուկյանը։

Գագիկ Ծառուկյանը մեղադրյալ է 2017-ին ընտրակաշառք բաժանելը կազմակերպելու, ինչպես նաև ապօրինի հարստացման գործերով։ Ընտրակաշառքին առնչվող քրեական գործի մասին իրավապահները հայտարարեցին այն ժամանակ, երբ ԲՀԿ ղեկավաը սկսեց քննադատել Փաշինյանի կառավարությանը՝ պահանջելով նրա հրաժարականը։ Ծառուկյանի քննադատությունից հետո իրավապահները խուզարկել էին նրա՝ Կոտայքի մարզի առանձնատունը, ինչից հետո ԱԱԾ-ն նրան կանչել էր հարցաքննության, հետո էլ մեղադրել ընտրակաշառք տալու համար, ապա կալանավորել։ Ավելի ուշ Ծառուկյանը կալանքից ազատ արձակվեց։

ԲՀԿ-ականները մեկը մյուսի հետևից հայտարարում էին քաղաքական հետապնդման մասին։ Իշխանությունները հակադարձում էին, որ որևէ ազդեցություն իրավապահների վրա չկա։

Այսօր Էջմիածնում Գագիկ Ծառուկյանը չհստակեցրեց, թե արդյոք հաջորդ խորհրդարանում տեսնում է իրեն, ինչու իր քաղաքական ուժը որևէ դիրքորոշմամբ հանդես չեկավ սահմանազատման և վերջին շրջանի այլ իրադարձությունների վերաբերյալ։

XS
SM
MD
LG