Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանը չի մեկնաբանում իր խոշոր ունեցվածքը բռնագանձելու դատախազության հայցը


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր հրաժարվեց մեկնաբանել իր խոշոր ունեցվածքը բռնագանձելու պետության հայցը։

Դատախազությունը դատարան է դիմել՝ պահանջելով Ծառուկյանից հօգուտ պետության բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 213 միլիոն դոլար, մոտ 40 ընկերություններում նրա բաժնեմասերը։ Դրանք այժմ կալանքի տակ են:

Դատախազությունը մասնավորապես պահանջում է բռնագանձել Ծառուկյանի՝ Աբովյան տանող ճանապարհի շքեղ առանձնատունը, «Մուլտի գրուպ» կոնցեռնի, «Կենտրոն» հեռուստաընկերության, «Եվրոմոթորս»-ի, «Արարատ ցեմենտ»-ի, Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի բաժնետոմսերը, տրանսպորտային միջոցներ և այլն։

Ավելի վաղ հենց ինքը՝ Ծառուկյանը հերքել էր, թե ապօրինի կուտակած գույք ունի. - «Բոլորը գիտեն, որ Ծառուկյանը 89 թվից աշխատել, ստեղծել է ընտանիքով մեկ, մեկը երկուս է դարձրել, երկուսը` չորս, տասը` հարյուր, դա բոլորը գիտեն»:

Դատախազության հայցին նաև նրա փաստաբաններն են անդրադարձել։ Նրանք պնդում են, որ Ծառուկյանի «գույքերի ծագումն օրինական է, դրանց վերաբերյալ առկա են ծանրակշիռ ապացույցներ»՝ առայժմ սակայն, փաստաբանները չեն հրապարակում իրենց մատնանշած ապացույցները։ Խոստանում են դա անել առաջիկայում։

Փաստաբաններից Սմբատ Մինասյանն «Ազատությանը» ասել էր, որ ամիսներ առաջ՝ օգոստոսի վերջին են ստացել 50 հազար էջանոց հայցադիմումը, որի ուսումնասիրությունը դեռ չեն ավարտել։

«Իրականությունը կբացահայտեմ, մարդու գլխին չի կարելի էդ աստիճանի սարքել»

Մինչ Ծառուկյանի ենթադրյալ ապօրինի ունեցվածքին առնչվող դատական գործը նոր պետք է մեկնարկի, Հակակոռուպցիոն դատարանում այսօր բուն դատաքննության փուլ անցավ ԲՀԿ առաջնորդին առնչվող մեկ այլ՝ ընտրակաշառք տալու գործը։

Վերջին խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած կուսակցության առաջնորդը մեղադրվում է 2017 թվականի հերթական ընտրություններին 171 միլիոն դրամ ընտրակաշառք տալու համար։

«Ես ավելին կասեմ, իրականությունը կբացահայտեմ, որ սաղ ամաչեն, գետինը մտնեն, որ մարդու գլխին չի կարելի էդ աստիճանի սարքել», - ասաց Ծառուկյանը:

Ծառուկյանը այս մեղադրանքով 2020 թվականին մեկ ամսով կալանավորվել, ապա ազատ էր արձակվել։ Այս գործով անցնում է նաև Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը։ Նա ևս չի ընդունում մեղադրանքն ու արդարացում է պահանջում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG