Մատչելիության հղումներ

Պետությունը ցանկանում է պատկառելի ունեցվածք բռնագանձել Ծառուկյանից


Մեծահարուստ գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան, արխիվ
Մեծահարուստ գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան, արխիվ

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 213 միլիոն դոլար, բաժնեմասեր մոտ 40 ընկերություններում. պատկառելի այս ունեցվածքը պետությունը ցանկանում է բռնագանձել Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկից՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանից։

Երեք տարի տևած ուսումնասիրությունից հետո Գլխավոր դատախազությունը դատարան է դիմել՝ եզրակացնելով, որ այս կարողությունը Ծառուկյանն ու ընտանիքի 11 անդամները ապօրինի են կուտակել։

«Գլխավոր դատախազությունը դատարանին խնդրել է Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել թվով 42 տրանսպորտային միջոց, 8 տրանսպորտային միջոցի ձեռքբերման արժեք՝ մոտ 348 միլիոն դրամ, զիջված պահանջի իրավունքի գումար՝ շուրջ 33 միլիոն դրամ, թվով 79 անշարժ գույք և 10 անշարժ գույքի շուկայական արժեք», - օրերս Հանրային հետ զրույցում ասել է դատախազ Համլետ Հարությունյանը:

Դատախազը պարզաբանել է, որ ապօրինի են գնահատել Ծառուկյանի՝ Աբովյան տանող ճանապարհի շքեղ առանձնատունը, «Մուլտի գրուպ» կոնցեռնի, «Կենտրոն» հեռուստաընկերության, «Եվրոմոթորս»-ի, «Արարատ ցեմենտ»ի, Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի բաժնետոմսերը։

Ի պատասխան, փաստաբանների թիմը հակադարձել է՝ Ծառուկյանն իր կարողությունը կուտակել է արդար քրտինքով։

«Պաշտպանական խումբը հավաստիացնում է, որ Գագիկ Ծառուկյանի գույքերի ծագումն օրինական է, դրանց վերաբերյալ առկա են ծանրակշիռ ապացույցներ, որոնք հնարավորինս սեղմ ժամկետներում կներկայացվեն դատարան և գլխավոր դատախազություն», - հայտարարում են փաստաբանները՝ դեռևս չբացելով փակագծերը, թե ինչ հակափաստարկներ ու ապացույցներ ունեն և ինչու դրանք չեն հրապարակում։ Նրանք այսօր չցանկացան մանրամասներ ներկայացնել «Ազատությանը»՝ խոստանալով դա անել առաջիկայում։

Իսկ ինչո՞ւ են հապաղում. փաստաբան Սմբատ Մինասյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ ամիսներ առաջ՝ օգոստոսի վերջին են ստացել 50 հազար էջանոց հայցադիմումը, որի ուսումնասիրությունը դեռ չեն ավարտել։ Թե՛ նա, թե՛ գործընկեր փաստաբան Էմին Խաչատրյանը հարց են բարձրացրել՝ ինչպե՞ս կարող են Դատախազության երեք տարվա ուսումնասիրությանը արձագանքել կարճ ժամկետում, իրենց ևս ժամանակ է պետք։

Ինքը ԲՀԿ առաջնորդն այս կապակցությամբ հայտարարել է. - «Բոլորը գիտեն, որ լիարժեք Ծառուկյանը 89 թվից աշխատել, ստեղծել ա ընտանիքով մեկ, մեկը երկուս ա դարձել, երկուսը՝ չորս, տաս, հարյուր, դա բոլորը գիտեն: Կամ այդ դպրոցները, հիվանդանոցները, մանկապարտեզները, եկեղեցիները, որ ես կառուցել եմ, ասենք, ապօրինի հարստացում... ո՞նց, չեմ կարում հասկանամ: Ոնց ասեմ՝ օրենքի ցավը տանեմ, օրենքը վերաբերում ա բոլորին»:

Գագիկ Ծառուկյանն իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց տարիներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելուց հետո։ Նրան մեղադրանք ներկայացվեց 2017 թվականի խորհրդարանականը ընտրություններին 90 միլիոն դրամ ընտրակաշառք տալու համար։ Ծառուկյանը մեկ ամսով կալանավորվեց, ապա ազատ արձակվեց։ Այս գործին զուգահեռ էլ իրավապահները սկսեցին ուսումնասիրել նրա ունեցվածքի օրինականությունը։

Ընտրակաշառքի գործը դեռ դատարանում է. Ծառուկյանը, որ կարող էր ազատվել քրեական հետապնդումից վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, չգնաց այդ քայլին։ Նա դատարանում հայտարարեց, որ արդարացում է պահանջում, իսկ վաղեմության ժամկետի կիրառման դեպքում չէր արդարացվի:

«Ես կապ չունեմ, ես չգիտեմ, մեղքը չեմ ընդունում, այդպիսի բան չկա», - ասաց Գագիկ Ծառուկյանը: - «Ես հինգ տարի ա նույն բանը ասել եմ, մինչև հիմա էլ ասում եմ, որ եթե ես մեղավոր լինեի, վաղուց արդեն վաղեմության ժամկետը անցել ա, կդիմեի, որ վաղեմության ժակետով գործը կարճեին»։

«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդի՝ Դատախազության գնահատականներով ապօրինի համարվող գույքն ու եկամուտները այժմ կալանքի տակ են։ Դատարանի որոշմամբ Ծառուկյաններին արգելվել է դրանք վաճառել, նվիրել մինչև դատաքննության ավարտը։ Ծառուկյանները հնարավորություն ունեն կասեցնելու դատավարությունը՝ համաձայնելով Դատախազության գնահատականներին, եթե ընդունեն, որ իսկապես ունեցվածքն ապօրինի է, ու համաձայնեն դրա մինչև 75 տոկոսը վերադարձնել պետությանը։

Կգնա արդյոք Գագիկ Ծառուկյանը այդ քայլին՝ դեռ պարզ չէ։ Հայտնի է, որ Ծառուկյանների ունեցվածքի բռնագանձման գործը հակակոռուպցիոն դատարանում կքննի դատավոր Լիլի Դրմեյանը, առաջին նիստը օրը դեռ չի նշանակվել։

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարելուց հետո «Բարգավաճ»-ի 67-ամյա առաջնորդը պասիվ է, ներքաղաքական կյանքին չի խառնվում։

Ծառուկյանների փաստաբանները ծանոթանում են ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման գործի նյութերին
please wait

No media source currently available

0:00 0:04:04 0:00
XS
SM
MD
LG