Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատախազություն են կանչվել մեծահարուստ գործարար Գագիկ Ծառուկյանն ու նրա ընտանիքի անդամները։ Օգոստոսի 21-ին Ծառուկյանները պետք է ներկայանան դատախազություն՝ ծանոթանալու իրենց ունեցվածքի վերաբերյալ ուսումնասիրությանը։
Ծառուկյանը, որ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, դեռևս դիրքորոշում չի հայտնել՝ համաձա՞յն է արդյոք դատախազության գնահատականներին ու պատրա՞ստ է ապօրինի գնահատված իր ունեցվածքն առանց դատաքննության փոխանցել պետությանը, «Ազատությանը» հայտնեց նրա խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Պարոն Ծառուկյանը աշխատանքային այցով գտնվում է արտերկրում այս օրերին, և, հետևաբար, դիրքորոշում ճշտելու հնարավորություն չեմ ունեցել», - ասաց Տոնոյանը:
Գլխավոր դատախազությունը դեռևս չի մանրամասնում, թե ուսումնասիրության արդյունքում մեծահարուստ Ծառուկյանների ունեցվածքի որքան մասն են համարում ապօրինի։
Գագիկ Ծառուկյանի գույքի և եկամուտների հայտարագիրը թերևս միշտ էլ առանձնացել է մյուս գործիչների ներկայացրած հայտարարագրերից։
2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուներից ամենահարուստը, ինչպես և նախորդ տարիներին, Գագիկ Ծառուկյանն էր, իսկ նրա կարողությունն ամփոփող հայտարարագիրը՝ ամենածավալունը։
Այդ ժամանակ պարզվել էր, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը հայտարարագրել է մի ողջ կարողություն՝ 54 ընկերությունների բաժնետոմսեր, թանկարժեք զարդեր, կահույք, հեկտարներով հողատարածքներ ու նույնիսկ 252 հազար եվրո արժողությամբ վարագույր։
Հայաստանի թերևս ամենամեծահարուստ քաղաքական գործչին պատկանող բնակարանների և տների ընդհանուր մակերեսն անցնում է 21 հազար քառակուսի մետրը, նրան պատկանող հողատարածքները չափվում են հարյուրավոր հեկտարներով։
Ծառուկյանի ունեցվածքը քննության առարկա դարձավ դեռ տարիներ առաջ հարուցված քրեական գործից հետո։ 2021-ին նրան մեղադրեցին 90 միլիոն դրամ ընտրակաշառք տալու համար։ Գործը երեք ամիս է դատարանում է, ամբաստանյալի կարգավիճակ ունեցող Ծառուկյանը մեկ անգամ չէ հայտարարել՝ մեղքը չի ընդունում։ Մեղադրանքն առչնվում է դեռ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին։
«Ես կապ չունեմ, ես ճգիտեմ, մեղքը չեմ ընդունում, այդպիսի բան չկա», - հայտարարել էր Գագիկ Ծառուկյանը:
«Ես հինգ տարի ա՝ նույն բանը ասել եմ, մինչև հիմա էլ ասում եմ, եթե ես մեղավոր լինեի, վաղուց արդեն վաղեմության ժամկետը անցել ա, կդիմեի, որ վաղեմության ժակետով գործը կարճեին», - ընդգծել էր նա:
Եթե անգամ դատաքննության ընթացքում հաստատվի Ծառուկյանի մեղքը, նա, միևնույն է, չի ազատազրկվի՝ վաղեմության ժամկետի հիմքով։ Դատարանը ընդամենը կարող է մեղավոր ճանաչել ընտրակաշառք բաժանելու համար։ Գագիկ Ծառուկյանը, սակայն, արդարացում է պահանջում։