Ի վերջո, ի՞նչ տեսակի ատոմակայան և ումի՞ց ձեռք կբերի Հայաստանը. Մեծամորի կայանի շահագործման ավարտին տասը տարուց էլ քիչ է մնացել: Իշխանություններն ընդունում են մասնագետների մտահոգությունը, որ դա այնքան էլ երկար ժամանակ չէ՝ ատոմակայանի տեսակի ու արտադրողի ընտրության, ապա կառուցման համար: Հայաստանը մտադիր է առաջիկա մեկ տարում արդեն որոշում կայացնել:
Վերջին տարիներին Երևանը միայն հայտնում էր, որ ռազմավարական որոշում ունի հրաժարվել սովորական ատոմակայանի կառուցումից՝ նախընտրությունը տալով նոր՝ մոդուլային կայանին: Դրա հիմնական առավելությունը փոքր ռեակտորն է և վթարի տեղայնությունը: Այսինքն՝ երբ միջադեպից հետո հարակից բնակավայրերը չեն մեկուսացվում:
Վարչապետ Փաշինյանն անգամ Միջուկային էներգիայի միջազգային գագաթնաժողովում՝ Փարիզում էր հայտարարել, որ Հայաստանը որոշել է անցնել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի: Մի շարք երկրների առաջնորդների առջև Փաշինյանը խոսել էր արդեն գործնական քայլերի մասին:
«Հայաստանը, ինչպես այստեղ ներկայացված շատ երկրներ, մեկնարկել է Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման կյանքի մինչև 2036 թվականը երկարաձգման ծրագիր։ Այս երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր միջուկային էներգաբլոկի բարեհաջող և անվտանգ անցման համար: Այս նպատակով՝ մեր ուշադրությունը կենտրոնացած է քաղաքացիական միջուկային էներգիայի նորարարությունների վրա, մասնավորապես՝ փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների վրա, որոնք խոստումնալից հեռանկարներ են առաջարկում», - ասել էր վարչապետը:
Հայաստանն այս որոշումը հիմնավորում է, որ մոդուլային ռեակտորներն ավելի կարճ շինարարական ժամկետներ են պահանջում, հզորությունը կարող է ընդլայնվել։ Երեկ, սակայն, Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո առաջին ճեպազրույցում վարչապետը հայտարարեց, թե այս որոշումը վերջնական չէ, քանի որ աշխարհում դեռ այս տեխնոլոգիայի հաջողությունն արձանագրված չէ: «Մենք նաև դրա համար ենք ժամանակը հնարավորինս ձգում, որ վերջին ժամկետում որոշում կայացնենք: Ցանկությունները մի բան են, իրականությունն՝ այլ: Այդ տեխնոլոգիան մեր ձեռքում չէ: Հայաստանը փորձադաշտ չէ», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Առայժմ միայն Ռուսաստանն ու Չինաստանն են այս տեխնոլոգիայով ատոմակայանից օգտվելու գործնական փուլին մոտեցել, փորձարկող մյուս երկրները դեռ չեն շտապում: Եվրամիությունում դիտարկում են 2030 թվականից սկսել գործնական քայլերը:
Ո՞ր երկիրը կընտրի Հայաստանը
Նոր մոդելի ատոմակայան կառուցելու շուրջ Հայաստանը բանակցում է հինգ երկրի հետ՝ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան, Հարավային Կորեա և Ֆրանսիա: Արդեն այս ամիս Երևան է գալու «Ռոսատոմ»-ի ղեկավարը՝ ներկայացնելու նոր ատոմակայանի ռուսական առաջարկը: «Մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն: Ով լավագույն առաջարկը կանի, կգնանք դրա հետևից», - երեկ ասաց վարչապետը:
Այդ թեման, սակայն, անկախ Երևանի կամքից դարձել է աշխարհաքաղաքական ընտրության հարց՝ պարբերաբար ի ցույց դնելով գերտերությունների միջև մրցակցությունը: Աղմուկ էր բարձրացրել Միացյալ Նահանգների փոխանախագահ Ջեյ Դի Վենսի երևանյան հայտարարությունը, թե միջուկային համագործակցության բանակցությունների արդյունքներով ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորներն ի վերջո Հայաստան կգան: Մոսկվայի դժգոհությունների ֆոնին Երևանը մի քանի անգամ պարզաբանեց, որ ամերիկյան ռեակտորներ ձեռք բերելու որոշում չկա, ընդամենը ստորագրվել է փաստաթուղթ, որը հայկական կողմին հնարավորություն կտա ամբողջական տեղեկատվություն ստանալ ամերիկյան տեխնոլոգիաների մասին:
Ռուսաստանն, իր հերթին, պնդում է, որ մտադիր է հետագայում ևս հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր, ուստի «Ռոսատոմ»-ը պատրաստ է հնարավորինս շուտ սկսել նոր ատոմակայանի շինարարությունը:
Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը կարող է երկարաձգվել
Մոդուլային կամ սովորական ատոմակայանի կառուցումը կարող է նաև հետաձգվել. վերջին օրերին արդեն երկրորդ անգամ վարչապետը խոսում է գործող ատոմակայանի շահագործման ժամկետը ևս տասը կամ գուցե քսան տարով երկարաձգելու հնարավորության մասին: Մեծամորի կայանը փակելու հարցում հատկապես ակտիվ են հարևան Թուրքիան և Ադրբեջանը, որոնք պարբերաբար անվտանգության ահազանգեր են հնչեցնում: Հայաստանը երբեք դեմ չի արտահայտվել անվտանգության միջոցառումներին, դեռ 2017-ին Եվրամիության հետ ստորագրված փաստաթղթում առանց ժամկետների կա հիշատակում ատոմակայանի փակման և անվտանգ ապամոնտաժման վերաբերյալ: