Մատչելիության հղումներ

Հայաստանում փոքր մոդուլային ատոմակայան կկառուցվի. մասնագետները ռիսկային են համարում, կառավարությունից հակադարձում են

Ինչո՞ւ կառավարությունն ի վերջո որոշեց, որ Հայաստանում պետք է կառուցի հենց փոքր մոդուլային միջուկային ռեակտոր (SMR) և ոչ թե ՋՋԷՌ՝ Ջրաջրային էներգետիկական ռեակտոր, որը տասնամյակներով օգտագործվում է Մեծամորի ատոմակայանում և ներկայումս էլ շահագործվում:

Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց՝ «ընտրել են մոդուլայինը, որպեսզի լրացուցիչ ճկունություն ապահովեն Հայաստանի էներգետիկ համակարգում»:

«Որովհետև մասնավորապես արևային էներգիայի արտադրության ծավալների աճով պայմանավորված հաճախ է կարիք լինում մեր հիմնական հզորությունները, այդ թվում նաև ատոմակայանի արտադրողականությունը իջեցնել, այսինքն, փոխել օրվա ընթացքում, և մոդուլները մեզ այդ հնարավորությունը ավելի ճկուն են տալիս», - ասաց Խուդաթյանը:

«Վաղաժամ է և խիստ ռիսկային»

Մասնագետները, սակայն, պնդում են՝ մոդուլային ատոմակայան կառուցելու Հայաստանի կառավարության ընտրությունը վաղաժամ և խիստ ռիսկային է և այդ որոշումը պետք է վերանայվի:

Էներգետիկայի գծով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանն «Ազատության» հետ զրույցում նշում է՝ գլխավոր խնդիրն այն է, որ այս պահին լիցենզավորված և աշխատող մոդուլային ռեակտորներ աշխարհում չկան: Մինչև 300 մեգավատտ փոքր հզորությամբ այս ռեկատորների օգտագործումը էլեկտրաէներգետիկայում ապացուցված չէ: Ավելին՝ կիրառումից մի քանի տարի անց դրանք պետք է վերալիցքավորվեն, ինչը շատ բարդ է և կարող է ամիսներ տևել:

Փոքր մոդուլային կայանները հիմնականում տեղակայվում են նավատորմում, ատոմային ավիակիրների և սառցահատների վրա: Այժմ, ըստ ՄԱԿ -ի փորձագետի, լողացող փոքր մոդուլային ատոմակայան կա Ռուսաստանում, որը տեղակայված է Լոմոնոսով նավի վրա և իրականացնում է այդ երկրի ամենահեռավոր վայրերի էլեկետրամատակարարումը: Անցած տարի մի փորձնական կայան էլ թողարկվել է Չինաստանում: Այսինքն, ըստ Մարջանյանի, աշխարհում մոդուլային ատոմակայանների կառուցման փորձի խիստ պակաս կա:

«Մասնագիտական տեսանկյունից այն վաղաժամ է, հիմնավորված չէ, և ունի լուրջ թերություններ, այդ թվում նաև ռիսկեր», - ասաց նա:

«Ազատության» հարցին՝ ի՞նչ կարող է լինել, արտանետրումներ կարո՞ղ են լինել լիցքավորման ընթացքում, փորձագետը պատասխանեց. «Ինչ ասես, այդ տեխնոլոգիան փորձարկված չէ իրական շահագործման պայմաններում: Ատոմային էներգետիկայի ոլորտում օգտագործվում են տեխնոլոգիաներ, որոնք ունեն տասնամյակների հուսալի ու անվտանգ փորձառություն: Չփորձված տեխնոլոգիաների օգտագործումը, որոնց ո՛չ տնտեսական, ո՛չ ինժեներական, ո՛չ ֆիզիկական և այլ հեռանկարները պարզ չեն, ինքնին ռիսկային է»:

Տարածքային կառավարման նախարարը հակադարձում է

Տարածքային կառավարման նախարարը հակադարձում է՝ գերտերություններն այսօր իրենց երկրներում կառուցում են ժամանակակից ատոմակայաններ՝ փոքր մոդուլային ռեակտորներով, և եթե դրանք ռիսկային լինեին, ապա դժվար նման քայլի գնային. «Բացառում եմ, որ օրինակ Չինաստանն ու ԱՄՆ-ն իրենց երկրներում թույլ տան ռիսկային ատոմակայաններ կառուցել»:

Նախարարը համաձայն է, որ աշխարհում այս պահին չկան շահագործվող փոքր մոդուլային ատոմակայաններ: Հենց այդ պատճառով էլ Հայաստանն այս պահին չի սկսում կառուցման աշխատանքները: Ըստ Խուդաթյանի՝ աշխատանքները կսկսվեն ամենայն հավանականությամբ 2027-ին, երբ արդեն կառուցված ատոմակայանները կփորձարկվեն:

Փորձարկումներից կախված, նախարարի փոխանցմամբ, Երևանում արդեն որոշում կկայացնեն, թե ինչ տիպի մոդուլային կայան կառուցել՝ ամերիկյան, չինական, ռուսական, թե եվրոպական:

«Տարբեր երկրներում, այդ թվում՝ եվրոպական երկրներում, Չինաստանում, ԱՄՆ-ում այս պահին արդեն բազմաթիվ մոդուլային ատոմակայանների կառուցումը մոտենում է ավարտին, և այս տարվա ընթացքում բազմաթիվ մոդուլային ատոմակայաններ կմիացվեն էդ երկրների էներգահամակարգերին», - ասաց Խուդաթյանը:

Դեռ անցած տարի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել էր, որ Հայաստանն արդեն ԱՄՆ-ի հետ առարկայական քննարկումների փուլում է նոր ատոմակայանի կառուցման հարցով։ Արմեն Գրիգորյանն ասել էր, որ Միացյալ Նահանգների հետ քննարկում են իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցերը:

ՄԱԿ-ի էներգետիկ փորձագետի համոզմամբ՝ մոդուլային ատոմակայան կառուցելու Հայաստանի իշխանության որոշումը ավելի շատ աշխարհաքաղաքական է և ոչ թե ինժեներական կամ էներգետիկ բնույթի: Փորձագետն ասում է, որ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանը գտնվել է Արևմուտքի ճնշման տակ, որպեսզի ռուսականից անցում կատարի ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորի կառուցմանը:

«Նպատակը Հայաստանի և Ռուսաստանի միջև ատոմային համագործակցությունը խզելն է, և ուղղորդել Հայաստանի ատոմային էներգետիկ ոլորտը Ռուսաստանից այլ ուղղություն», - ասաց Մարջանյանը:

Նիկոլ Փաշինյանի կաբինետի անդամ Դավիթ Խուդաթյանը, սակայն, հերքում է ճնշումների մասին պնդումները. «Հայաստանի վրա ճնշում չկա»:

Ի դեպ, Տարածքային կառավարման նախարարը տեղեկացրեց, որ կառավարությունն արդեն նոր ընկերություն է ստեղծել՝ Ատոմային նոր էներգաբլոկի կառուցման համար: Ընկերությունը հենց այդպես էլ կոչվում է «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ: Այս պահին արդեն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի համար մրցույթ է հայտարարված:



XS
SM
MD
LG