Մատչելիության հղումներ

Նոր ատոմակայանի կառուցման համար Հայաստանը կդիմի Ռուսաստանի, թե՞ Արևմուտքի օգնությանը


Նոր ատոմակայանի կառուցման համար Հայաստանը կդիմի Ռուսաստանի ու Բելառուսի, թե՞ Արևմուտքի օգնությանը: Դատելով Փաշինյան - Պուտին երեկ տեղի ունեցած հանդիպումից՝ Հայաստանն այս հարցում դեռևս վերջնական որոշում չունի, այնուամենայնիվ, վարչապետ Փաշինյանը նշեց, թե այս հարցի շուրջ ակտիվ երկխոսություն ունեն Ռուսաստանի հետ:

«Մեր երկրի համար նույնպես ատոմային էներգիան շատ կարևոր է: Դուք ճիշտ նկատեցիք, որ մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի հետ և աշխատում ենք ՀԱԷԿ-ի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու նպատակով: Մենք այժմ աշխատում ենք և փնտրում Հայաստանի համար հարմար նախագծեր՝ փոքր մոդուլային ատոմային հնարավորություններ, և իհարկե, այդ հարցում նույնպես շատ ակտիվ երկխոսություն ունենք ՌԴ-ի հետ: Մենք շատ արդյունավետ համագործակցում ենք «Ռոսատոմ» կորպորացիայի հետ», - նշել է Փաշինյանը:

Ռուսաստանի նախագահը, հրապարակված տեսանյութի համաձայն, հատուկ ընդգծում է, որ Հայաստանի ԱԷԿ -ը ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 30 տոկոսը, ինչը լուրջ ցուցանիշ է: Վլադիմիր Պուտինը շեշտեց՝ հենց ռուսական «Ռոսատոմ» ընկերությունն է այժմ աշխատում կայանի գործունեության ժամկետի երկարաձգման ուղղությամբ: Նոր ատոմակայան կառուցելու Հայաստանի ծրագրերին Պուտինը չանդրադարձավ, համենայն դեպս հանդիպման հրապարակային մասում:

Հայաստանն իր էներգետիկայի հիմնական պաշարը ստանում է Մեծամորի ատոմակայանից, սակայն ատոմակայանի էներգաբլոկի շահագործման ժամկետը լրանում է 11 տարի անց՝ 2036 -ին: 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը անցած 3 տասնամյակում պարբերաբար երկարացվել է, վերջին անգամ՝ 2023 -ին, մինչև նոր ատոմակայանի կառուցումը:

Կառավարությունը դեռևս քննարկում է, թե որ երկրի տեխնոլոգիայով և ինչ հզորության նոր միջուկային էներգաբլոկ պետք է կառուցել։

Չնայած ռուսական կողմի հետ քննարկումներին, անցած տարվանից Հայաստանի իշխանությունները սկսեցին խոսել ամերիկյան՝ փոքր մոդուլային տիպի ատոմային էլեկտրակայանների հնարավորություններին ծանոթանալու մասին:

«Նոր ատոմակայանի հետ կապված մենք մտել ենք շատ առարկայական փուլ», - անցած տարվա հուլիսին հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և նշեց, որ Հայաստանը Միացյալ Նահանգների հետ առարկայական քննարկումների փուլում է նոր ատոմակայանի կառուցման հարցով։

Գրիգորյանն ասել էր, թե «ակնկալում են, որ ԱՄՆ-ի ներհամակարգային պրոցեդուրաներն անցնելուց, կսկսեն աշխատել»: Թե ինչով ավարտվեցին այս աշխատանքները, դեռ հայտնի չէ:

Արդյոք Պուտին - Փաշինյան երեկ կայացած հանդիպումից հետո կողմերը որոշակի պայմանավորվածության եկել են Հայաստանի նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցում, այս մասով պաշտոնապես տեղեկություն չի հաղորդվել:

Սկսել Հայաստանում նոր էներգաբլոկի կառուցում. Լուկաշենկոյի առաջարկը՝ Փաշինյանին

Ամեն դեպքում երեկ Մոսկվայում ընթացող համաժողովին ուշագրավ էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ սկսել Հայաստանում նոր էներգաբլոկի կառուցում: Իր ելույթի սկզբում Լուկաշնեկոն հպարտացել էր, թե Բելառուսը դարձել է միջուկային պետություն և աչքի է ընկնում ատոմակայաններ կառուցելու հմտություններով. «Այո, եթե պետք է, դիմեք, եթե նախագահը իր համաձայնությունը կտա, մենք պատրաստ ենք սկսել աշխատանքները»:

Մինչ այդ՝ Փաշինյան- Լուկաշենկո լարված հարաբերությունների ֆոնին երեկ բելառուսական տելեգրամյան ալիքները տարածեցին Հայաստանի վարչապետի ու Բելառուսի նախագահի ձեռքսեղմման լուսանկարը: Սա թերևս նրանց առաջին շփումն էր՝ երկու երկրների միջև դիվանագիտական սկանդալից, միմյանց դեսպաններին ետ կանչելուց ու Փաշինյանի կոշտ հայտարարություններից հետո:

Լարվածությունը սկսել էր, երբ ՀԱՊԿ անդամ Բելառուսի նախագահը ասել էր, որ տեղյակ է եղել Ղարաբաղի վրա հարձակվելու Ալիևի ծրագրերից և որ անգամ համաձայն է եղել այդ խնդրի ռազմական լուծմանը:

«Բելառուս ես այլևս երբեք ես չեմ այցելի, քանի այնտեղ նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Ընդհանրապես հայտարարում եմ, որ այս պահից Հայաստանի Հանրապետության ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի», - անցած տարի հունիսին հայտարարել է Փաշինյանը:

Մինսկում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին կմասնակցի Հայաստանի փոխվարչապետը՝ հեռավար

Ի դեպ, 3 օրից՝ սեպտեմբերի 29 -ին, Բելառուսում կայանալու է ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստը, և ինչպես հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղարի տեղակալ Իգոր Պետրիշենկոն, Հայաստանը նույնպես հաստատել է իր մասնակցությունը: Բելառուսցի պաշտոնյայի խոսքով, այժմ Փաշինյանը պետք է որոշի մասնակցության ֆորմատը:

Փոխվարչապետի գրասենյակից «Ազատությանը» փոխանցեցին, որ Հայաստանից կմասնակցի Մհեր Գրիգորյանը՝ հեռավար: Վարչապետ Փաշինյանն այդ օրերին Ստրասբուրգում է լինելու, որտեղ մասնակցելու է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին:





XS
SM
MD
LG