Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երեկ խաղաղ միջուկային համագործակցության շուրջ բանակցություններն ավարտելու մասին հայտարարություն ստորագրեցին:
Մինչ Միացյալ Նահանգների երկրորդ ամենաբարձրաստճան պաշտոնյայի այցը հայկական կողմը չէր հստակեցնում, թե որ երկրի տեխնոլոգիայով է նոր ատոմակայան կառուցելու: Ջեյ Դի Վենսը նախօրեին բավականին ուղիղ հայտարարեց՝ ամերիկյան տեխնոլոգիաները՝ փոքր մոդուլային ռեակտորները Հայաստան կհասնեն:
«Մենք նաև շատ հպարտ ենք հայտարարել, որ մեր երկրներն ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության 123 համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա կհարթի ճանապարհն ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր: Սա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ, ամերիկյան տեխնոլոգիաները կգան այս երկիր», - ասաց Վենսը՝ շարունակելով. - «Կրկին, սա այն քիչ երկրներից մեկն է, որտեղ մենք բավականաչափ վստահություն ունենք այս մակարդակում ներդրումներ կատարելու, այս տեսակի տեխնոլոգիաներ ուղարկելու հարցում, և սա տեղի է ունենում վարչապետի ղեկավարության շնորհիվ»։
Այս պահին աշխարհում գործող ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորներ չկան, այնտեղ առայժմ հղկում, կատարելագործում են դրանք, Պետքարտուղարությունն այն հաջորդ սերնդի տեխնոլոգիա է որակում: Վերջնական գործարքի համար նախ պետք է «123 համաձայնագիր» կնքել, երեկ կողմերը հայտարարեցին դրա շուրջ բանակցություններն ավարտելու մասին, առջևում ներպետական ընթացակարգերն են: Այս պահին Վաշինգտոնը նման 26 համաձայնագրեր կնքել է, որոնք վերաբերում են 50 երկրի, Հայաստանի հարևաններից այսպիսի փաստաթուղթ Միացյալ Նահանգները ստորագրել է միայն Թուրքիայի հետ: Նման համաձայնագրեր ունեն նաև, օրինակ, Ռուսաստանի ու Չինաստանի հետ:
Հայաստանը պետք է նոր էներգաբլոկ կառուցի մինչ 2036 թվականը, ատոմակայանի այժմ շահագործվող էներգաբլոկի գործունեությունն այդ ժամկետով է երկարաձգվել:
Որքա՞ն կարժենա ամերիկյան տարբերակը. Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նաև թվեր հրապարակեց՝ սկզբնական փուլում խոսքը ընդհանուր 5 միլիարդ դոլարի մասին է, այսինքն՝ փոքր մոդուլային ռեակտորի կառուցումը նախնական հաշվարկով հենց այդքան կարժենա. - «Գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով»։
«Այդ 5 միլիարդը, այնուհետև 4 միլիարդը՝ դա, ըստ էության, լինելու է վարկ Հայաստանին». - տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ այս հաշվարկները դեռ շատ նախնական են, տեխնոլոգիան է՛լ ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Թե, ի վերջո, այն որքան կարժենա, հիմա դժվար է ասել, սակայն եթե Հայաստանը ցանկանում է այս տեխնոլոգիան կիրառել, արդեն պետք է հերթ կանգնի:
«Հիմա, կարող ենք ասել, նախնական պատվերների փուլն է այս մոդուլային ռեակտորների պարագայում, և Հայաստանը պետք է այդ պատվերների ցանկում կամ երկրների ցանկում ընդգրկվեր ապագայի համար», - նշեց Պարսյանը:
Փորձագետների հիմնական մտագոհությունն էլ հենց տեխնոլոգիայի նորությունն է, այն դեռ չի շահագործվել, փորձարկված չէ: Տնտեսագետն անցած տարի Միացյալ Նահանգներում էր և տեղում է փորձել մանրամասներ պարզել:
«ԱՄՆ-ում ներկայումս հինգ-վեց տեսակի ատոմային մոդուլային կայանների նախագիծ է քննարկվում: Անցած տարի ԱՄՆ իմ այցի ժամանակ այդպիսի նախագծերի մասին փորձեցի որոշակի տեղեկատվություն հավաքել: Նշեմ, որ այդպիսի տեղեկատվություններ շատ քիչ են, դեռ ուսումնասիրության մեջ են, քննարկման մեջ են, կոնկրետ պատրաստի վիճակ չկա, որ կարողանան քեզ տրամադրել», - ասաց Սուրեն Պարսյանը:
Միացյալ Նահանգների էներգետիկայի դեպարտամենտի կայքում կարդում ենք՝ փոքր մոդուլային ռեակտորներն այս պահին մշակման փուլում են: Տեխնոլոգիան համապատասխան լիցենզիա կստանա 2020-ականների վերջին կամ 2030-ականների սկզբին:
Փոխնախագահ Վենսի հայտարարությանը Մոսկվայի արձագանքը չուշացավ. Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, ըստ էության ակնարկելով, որ ամերիկյանը դեռ չի կիրառվում, պնդել է, թե ռուսական տարբերակին իրական այլընտրանք Հայաստանը չունի:
«Ռոսատոմ»-ը պատրաստ է ամենասեղմ ժամկետներում սկսել նախագծի իրականացումը, բնականաբար՝ հայ ընկերների ցանկության դեպքում: Ապահովության ու արդեն փորձված տեխնոլոգիաների և նաև ֆինանսական տեսանկյունից, այդ թվում՝ շինարարության, հետագա շահագործման և մասնագետների անհրաժեշտ վերապատրաստման տեսանկյունից այլընտրանքներ չկան», - հայտարարել է Գալուզինը:
Բարձրաստիճան պաշտոնյան «Իզվեստիա»-ին հայտնել է, թե նոր ատոմակայանի կառուցումը երկու երկրների օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում, և այն պարբերաբեր քննարկում են տարբեր մակարդակներում: Օրերս Մոսկվա այցի ընթացքում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նաև «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին էր հանդիպել. թե ինչ են քննարկել, չեն տեղեկացրել:
Արդյո՞ք Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտարարությունը նշանակում է, որ Երևանը վերջնականապես որոշել է ատոմակայանի էներգաբլոկի փոխարեն ամերիկյան փոքր մոդուլային ռեակտոր կառուցել՝ նախընտրելով համագործակցել Միացյալ Նահանգների հետ, այլ ոչ Ռուսաստանի, որը շարունակ պատրաստակամություն է հայտնում Հայաստանում նոր ատոմակայան կառուցել: Այս հարցը «Ազատություն»-ը գրավոր ուղարկել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Խոստացել են շուտ պատասխանել: