Միջուկային էներգիայի փարիզյան գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց՝ Մեծամորի ատոմակայանի ժամկետը լրանալուց հետո Հայաստանը որոշել է անցնել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի: Մի շարք երկրների առաջնորդների առջև Փաշինյանը խոսեց արդեն գործնական քայլեր մասին:
«Հայաստանը, ինչպես այստեղ ներկայացված շատ երկրներ, մեկնարկել է Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման կյանքի մինչև 2036 թվականը երկարաձգման ծրագիր։ Այս երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր միջուկային էներգաբլոկի բարեհաջող և անվտանգ անցման համար: Այս նպատակով՝ մեր ուշադրությունը կենտրոնացած է քաղաքացիական միջուկային էներգիայի նորարարությունների վրա, մասնավորապես՝ փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների վրա, որոնք խոստումնալից հեռանկարներ են առաջարկում», - ասաց վարչապետը:
Փաշինյանը հիշեցրեց, որ մոդուլային ռեակտորներն ավելի կարճ շինարարական ժամկետներ են պահանջում, հզորությունը կարող է ընդլայնվել, ինչն ավելի լավ է համապատասխանում Հայաստանի էլեկտրացանցերի կարիքներին։
«Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ։ Ներկայումս մենք ուշադիր ուսումնասիրում ենք տեխնոլոգիաները և գնահատում միջազգային գործընկերների առաջարկները։ Ընտրության գործընթացն առաջնորդվում է հուսալիության, երկարաժամկետ կայունության հաշվառմամբ և միջուկային անվտանգության, պաշտպանվածության և չտարածման բարձրագույն չափանիշներին մեր նվիրվածությամբ», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մոդուլային ռեակտորների թեման վարչապետն այսօր առանձին հանդիպմանը քննարկել է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ:
Միայն թե գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ, թե ո՞ր երկրի արտադրության ռեակտորների վրա կանգ կառնի Հայաստանը: Համաժողովի ամբիոնից էլ վարչապետը փակագծեր չբացեց: Այս հարցի պատճառով, սակայն, Երևանը դարձել է աշխարհաքաղաքական կենտրոնների միջև կռվախնձոր, մասնավորապես Միացյալ Նահանգների փոխանախագահ Ջեյ Դի Վենսի հայաստանյան հայտարարությունից հետո. - «Մենք նաև շատ հպարտ ենք հայտարարել, որ մեր երկրներն ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության 1-2-3 շուրջ բանակցությունները: Երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա կհարթի ճանապարհ ամերիկյան ևհայկական ընկերությունների համար՝ կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր: Սա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ, ամերիկյան տեխնոլոգիաները կգան այս երկիր: Կրկին՝ սա այն քիչ երկրներից մեկն է, որտեղ մենք բավականաչափ վստահություն ունենք այս մակարդակում ներդրումներ կատարելու, այս տեսակի տեխնոլոգիաներ ուղարկելու հարցում»:
Չուշացավ Ռուսաստանի պատասխանը. Մարիա Զախավորան չէր քննադատել Հայաստանի իշխանություններին, բայց կասկածի տակ էր դրել ամերիկյան ռեակտորների արդյունավետությունը. - «Հայաստանը, իհարկե, ազատ է աշխատել այն գործընկերների հետ, որոնց հետ հարկ կհամարի: Սակայն ամերիկյան տեխնոլոգիաների օգտին կատարված ընտրությունը իսկապես հարցեր է առաջացնում: Ի՞նչ են այդ ռեակտորները իրենցից ներկայացնում և որտե՞ղ են արդեն շահագործվում»:
Իսկ փոխարտգործնախարար Գալուզինն ավելի ուղիղ էր ասել, որ Մոսկվան մտադիր է հետագայում ևս հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր, ուստի «Ռոսատոմ»-ը պատրաստ է հնարավորինս շուտ սկսել նոր ատոմակայանի շինարարությունը:
Երևանը ստիպված եղավ մի քանի անգամ բացատրել, որ ամերիկյան ռեակտորներ ձեռք բերելու որոշում չկա, ընդամենը ստորագրվել է փաստաթուղթ, որը հայկական կողմին հնարավորություն կտա ամբողջական տեղեկատվություն ստանալ ամերիկյան տեխնոլոգիաների մասին:
«Հենց համաձայնագիրը ստորագրվել է նրա համար, որպեսզի մենք ավելի խորացված, հաջորդ շերտի անհրաժեշտ տեղեկատվությունը ստանանք: Եվ մենք գնում ենք առաջ էդ ճանապարհով, բայց ոչ միայն Միացյալ Նահանգների հետ՝ բոլոր այն գործըկերների հետ, որ էդ տեխնոլոգիան ունեն», - հայտարարել էր վարչապետը:
Հայաստանը դիտարկում է Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Հարավային Կորեայի և Չինաստանի առաջարկները:
Ի դեպ, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ այսօր հայտարարեց, որ դաշինքը մոդուլային ռեակտորների նոր ռազմավարություն է որդեգրել:
«Մեր նպատակը շատ պարզ է․ մենք ուզում ենք, որ այս նոր տեխնոլոգիան Եվրոպայում գործարկվի 2030 թվականից, որպեսզի այն կարողանա կարևոր դեր խաղալ ավանդական ռեակտորների կողքին՝ ճկուն, անվտանգ և էներգաարդյունավետ համակարգում», - ասաց ֆոն դեր Լայենը:
Եվրամիության որևէ երկրում դեռ չեն տեղակայվել մոդուլային փոքր ռեակտորներ, կան միայն հաղորդումներ մտադրությունների մասին: