Մատչելիության հղումներ

Ուժեղացված հսկողություն Ազատամուտից Ղազախ հատվածում, ուր ենթադրյալ հայ-ադրբեջանական հանդիպումն է


Մի քանի ժամ է մնացել մայիսի 15-ի ավարտին։ Մինչև այս պահը ոչ մի պաշտոնական տեղեկություն՝ Տավուշի ու Ղազախի հատվածի սահմանազատվող գյուղերի մասին հայ-ադրբեջանական փաստաթուղթ կստորագրվի, թե՝ ոչ։

Տավուշի Ազատամուտ գյուղից դեպի ադրբեջանական Ղազախ տանող հատվածում ցերեկը ռազմական ոստիկանության ուժեղացված հսկողություն էր, տեղի բնակիչները ենթադրում են, որ այդ պահին երկու երկրների պաշտոնյաների հանդիպում էր ընթանում։ Առավոտյան տեղացիները դեպի Ադրբեջանի սահման գնացող պետական մեքենաներ էին տեսել։

Հայ-ադրբեջանական հանդիպումներ այս վայրում էլի են եղել, օրինակ, անցած տարի հայ ռազմագերիների և Հայաստանում դատապարտված երկու ադրբեջանցիների փոխանակումը։

«Ազատության» տեղեկություններով՝ այն հատվածում, որտեղ ենթադրաբար ընթանում է հայ - ադրբեջանական հանդիպումը, երեկ վրաններ են տեղադրվել։

Սահմանազատման հանձնաժողովները ապրիլի 19-ին համատեղ հայտարարություն էին տարածել ու վերջնաժամկետ սահմանել, թե չափումների արդյունքում կազմելու են սահմանագծի չորս հատվածների նկարագրությունն ու մինչև մայիսի 15-ը դրա մասին արձանագրություն ստորագրելու։

Բայց, մինչև այս պահը ոչ հայտարարվել է ստորագրման տեղն ու ժամկետը, ոչ էլ՝ ով է հայկական կողմից այն ստորագրելու։

Թե սահմանազատման հայկական հանձնաժողովը ղեկավարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը, թե երկու երկրների հանձնաժողովների հանդիպում-պայմանավորվածությունների մասին սովորաբար հայտնող Հայաստանի արտգործնախարարությունը ողջ օրը ոչ մի կոնկրետ պատասխան չտվեցին։

Բաքվից ևս լուռ են։

Արձանագրության ստորագրումից բացի, այլ հարցեր ևս անպատասխան են մնում, դրանց թվում՝ հայ և ադրբեջանցի սահմանապահների տեղակայումը սահմանագծի համաձայնեցված հատվածներում երբ է սպասվում։

Վարչապետի աշխատակազմը միայն պետական «Արմենպրես»-ին էր պարզաբանել, թե կարճ, բայց առանց արհեստական ձգձգումների՝ ողջամիտ ժամկետներում են չորս գյուղերի հատվածում զորքերը հետ քաշվելու՝ իրենց տեղը զիջելով սահմանապահներին։

Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշին սահմանակից Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ Խեյրիմլին, Ղզլհաջիլին, Աշաղը Ասկիպարան և Բաղանիս Այրումը՝ դրա դիմաց չստանալով 90-ականների պատերազմի ժամանակ Ադրբեջանի վերահսկողությանն անցած Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները:

Այս փուլում չի սահմանազատվում Ոսկեպարին հարակից դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, այսինքն՝ այն դեռևս մնում է հայկական վերահսկողության տակ։ Իշխանությունը հայտարարում էր՝ այդ պայմանավորվածությունն Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով նվազեցնելու է անվտանգային ռիսկերը։ Նույն կարծիքին չէին սահմանազատման կիզակետում հայտնված Տավուշի գյուղերի բնակիչները, որոնք սահմանազատում սկսելու հաջորդ իսկ օրվանից Կիրանցի հատվածում փակեցին դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը։

Կարծում են՝ այս հատվածներում սահմանազատումը հայկական կողմից միակողմանի զիջում է և անվտանգային ռիսկերը միայն կավելացնի։

Սահմանազատվող չորս գյուղերից անհանգիստ էին հատկապես Ոսկեպարում ու Կիրանցում։ Բողոքի ցույցեր եղան, Ոսկեպարում մտահոգ էին Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցով, թե ադրբեջանական ուժերի տեղակայումից հետո այնտեղ մտնել չի լինի։ Վարչապետը հավաստիացրեց՝ եկեղեցին եղել ու կմնա հայկական վերահսկողության տակ։ Իսկ ահա Կիրանցում այդպես էլ անհայտ է մնում՝ երեք վիճահարույց կետերի շուրջ գյուղացիների մտահոգությունները փարատող որևէ պայմանավորվածություն ադրբեջանական կողմի հետ ձեռք բերվել է, թե՝ ոչ։

Սահմանազատումը կանգ է առել հենց այս գյուղում, ըստ գյուղացիների, մայիսի 7-ից։ Վարչապետը այդ օրը խոսեց 3 զգայուն կետերից։ Նշել էր, որ սահմանազատման գործընթացը կվերսկսվի միայն լիարժեք քննարկելուց և համաձայնության հասնելուց հետո։ Թե ում հետ էին քննարկումներ անցկացնելու, չէր հստակեցրել։ Կիրանցում, համենայն դեպս,ըստ գյուղացիների, ամսի 7-ից հետո պաշտոնյա չեն տեսել։

Այսօր էլ «Ազատության»-ը փոխանցեցին՝ երեք վիճահարույց կետերում, ի տարբերություն իրենց գյուղի և մյուս սահմանազատվող մյուս երեք հատվածների, սահմանային սյուներ չեն տեղադրվել, սահմանազատման աշխատանքներ չեն նկատել։ Մայիսի 6-ից հետո նոր սահմանասյուների մասին չի հայտարարվել, վերջին անգամ Երևանն ու Բաքուն ասել են, թե 40 սյուն են տեղադրել։

Կիրանցի վարչական ղեկավարի ու գյուղացիների պնդմամբ՝ ցավոտ կետերը գյուղի դպրոցի հատվածում է, որն, ըստ բնակիչների, մի քանի տասնյակ մետրի վրա կհայտնվի Ադրբեջանի հետ սահմանից, մյուս երկուսը կամրջի ու մի քանի մասնավոր տների հատվածներում են, որոնք ենթադրաբար Ադրբեջանին կանցնեն։

Գործընթացը սառեցնելու մասին նաև իշխանական պատգամավորներն են խոսում։ Երկու օր առաջ Վահե Ղալումյանը՝ Տավուշի մարզպետի եղբայրը, հայտարարեց. - «Եթե այդ երեք կետերի մասին է խոսքը, դա որոշակի ժամանակով սառեցվել էր, որ բնակիչների ներկայացրած սեփականության վկայականները համեմատեն հիմա այդ սահմանակետերին դրվող…»։

Գործընթացը կանգ առավ կիրանցցիների բողոքի ցույցերին զուգահեռ։ Դրանք զսպելու, սահմանազատվող հատվածներ գյուղացիների մուտքն արգելելու համար ոստիկանական մեծաթիվ ուժեր էին կուտակվել գյուղում։ Բայց, իշխանությունը հերքում է, թե այս ամենը կապ ունի Կիրանցից սկսված քաղաքական զարգացման հետ, երբ Տավուշի թեմի առաջնորդը սահմանազատումը կասեցնելու պահանջով երթով հասավ Երևան և մայրաքաղաքում վարչապետի հրաժարականի հարց դրեց։

XS
SM
MD
LG