Սահմանազատման գործընթացի դեմ ապրիլի 20-ից Տավուշի մարզում, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերում իրականացվող բողոքի ակցիաների ընթացքում մայիսի 8-ի դրությամբ առերևույթ հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ, 9 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, հաղորդում է Քննչական կոմիտեն։
Ըստ այդմ՝ նախաձեռնվել է ընդհանուր 11 քրեական վարույթ և բոլոր վարույթներով նախաքննությունը շարունակվում է։
Կոմիտեն նշում է, որ դրանցից 7-ը նախաձեռնվել են Տավուշում, Երևանում և մյուս մարզերում ավտոճանապարհները փակելու ընթացքում կատարված առերևույթ խուլիգանական արարքների, դրանց ընթացքում գույքերի դիտավորյալ վնասման, ֆիզիկական ներգործության, ոստիկանության աշխատակցի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ավտոմեքենաներով ճանապարհները փակելու, անվադողեր հրկիզելով երթևեկությունը խաթարելու դեպքերի առթիվ։
Մյուս 4 քրեական վարույթները վերաբերում են ակցիաների ընթացքում մասնակիցների կողմից ավտոմեքենայի անվադող վնասելուն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ատելության քարոզ կատարելուն, ակցիաների շրջանակներում բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, ինչպես նաև՝ առերևույթ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու դեպքերին:
Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են» Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Ըստ այդ պայմանավորվածության՝ կողմերը «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։
Վրաստան տանող ճանապարհին, Կիրանց գյուղի սկզբնամասում տավուշցիները բողոքի ակցիաներ սկսեցին։ Մարդիկ համոզված են, որ այս սահմանազատման արդյունքում ադրբեջանական կողմին են անցնելու նաև հայկական որոշ տարածքներ, այդ թվում՝ Կիրանցից։
Մայիսի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Կիրանցի հատվածում կա սահմանազատման ենթակա 11 կետ։ Առաջիկա օրերին կսկսեն այն հատվածի սահմանազատումը, որը չի վիճարկվում, իսկ մյուս 3 կետերի շուրջ լուծումներ կփնտրեն։ Հայտարարությունից ժամեր անց՝ կարմիր բերետավորները մտան գյուղ և բիրտ ուժ կիրառելով հերթապահություն իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկեցին Իջևանի բաժանմունք։ Ավելի ուշ Ներքին գործերի նախարարությունը հաղորդեց, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում ականազերծում է իրականացնում պետական սահմանի վերարտադրության նպատակով Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար:
ՆԳՆ-ն նաև հերքեց, թե քաղաքացիների նկատմամաբ ուժ է կիրառվել։ Ժամեր անց բերման ենթարկված 31 քաղաքացիներն ազատ արձակվեցին
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը մայիսի 4-ին հայտարարեց՝ Կիրանցից քայլերթով շարժվում են դեպի Երևան: Նախատեսում են մայիսի 9-ին արդեն հասնել Երևան ու մեծ ակցիաների շնորհիվ հասնել սահմանազատման գործընթացի դադարեցման: