Մատչելիության հղումներ

4 գյուղերը վերադարձնելու Բաքվի պահանջից մինչև սահմանազատում․ ի՞նչ տեղի ունեցավ վերջին 8 շաբաթներին


Նիկոլ Փաշինյանը ցուցադրում է Հայաստանի քարտեզը, 12-ը մարտի, 2024թ․
Նիկոլ Փաշինյանը ցուցադրում է Հայաստանի քարտեզը, 12-ը մարտի, 2024թ․

Հայաստանի քարտեզի ոսկեգույն ուրվագծով ու սահմանազատման թեմայով վարչապետ Փաշինյանն առաջին անգամ Ոսկեպար ու Կիրանց մտավ մարտի 18-ին. ուղիղ ասաց՝ ինչ կլինի, եթե Բաքվի պահանջը՝ վերադարձնել նախկինում ադրբեջանաբնակ 4 գյուղերը, չկատարվի։

«Մենք հիմա կարող ենք ստեղից դուրս գանք, գնանք ասենք՝ «չէ՛, չկա՝ էն էլ չկա, էն էլ չկա, էն էլ չկա», դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսելու», - հայտարարեց Փաշինյանը։

Աշաղի Ասկիպարա, Խեյրիմլի, Բաղանիս Այրում, Կզլհաջիլի ադրբեջանաբնակ գյուղերը հայկական Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, Բերքաբեր գյուղերին են կպած, տեղ-տեղ խառնված։

Հայկական գյուղամեջերը Փաշինյանի այցից հետո վերածվեցին թեժ բանավեճերի հարթակների․ սահմանի գիծն ինչպե՞ս է անցնելու, ո՞ւմ տան կամ հողամասի միջով, հաջորդ հարցը՝ եթե Բաքուն Հայաստանից օկուպացրած հողերը չի վերադարձնում, մենք ինչո՞ւ ենք վերադարձնում։

«Սաղ տանք խաղաղության դիմաց, բա ինչ ստանանք», - հարցնում էր գյուղացիներից մեկը։

Մինչ մարդիկ սպասում են Նիկոլ Փաշինյանի երկրոդ գալստյանը, ընդդիմադիրներ, հայտնի-անհայտ քաղաքական գործիչներ են գնում Տավուշի գյուղամեջեր։

«Ոչ մեկին չենք հավատում ընդդիմադիր ըլնի, թե՛ պետական, թե՛ ցեղական», - ասում էի տավուշցիները։

Տավուշցիները փակել են Կիրանց տանող ճանապարհը, 1-ը մայիսի, 2024թ․
Տավուշցիները փակել են Կիրանց տանող ճանապարհը, 1-ը մայիսի, 2024թ․

Ապրիլի վերջին քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ութ հոգանոց խմբով հաստատվում է Ոսկեպարում, սահմանազատմանը դեմ հանդես եկողներին հրավիրում միանալ իրեն գյուղում։

Նույն օրերին «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումն է տարածում առաջին հայտարարությունն՝ «առանց սահմանազատման սկզբունքների շուրջ վերջնական համաձայնության ու փոխադարձության սկզբունքի այս սահմանազատումը բխում է Ադրբեջանի շահերից։ Կործանարար է»։ Համաձայն չեն։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հենց սահմանին գտնվող Ոսկեպարի եկեղեցում պատարագներ է անում։

Ոսկեպարի եկեղեցին, 22-ը ապրիլի, 2024թ․
Ոսկեպարի եկեղեցին, 22-ը ապրիլի, 2024թ․

«Ես Ոսկեպարում և Կիրանցում վարչապետ լինելուց հետո մի քանի անգամ եմ եղել, էս որ որոշ հոգևորականներ կան հիշել են, որ էնտեղ եկեղեցի կա, էնտեղ շոու-պատարագ են անում, քանի՞ անգամ են էս ընթացքում էդ եկեղեցու մասին հիշել ու քանի՞ անգամ են էնտեղ պատարագ արել», - Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է վարչապետը։

Շոուն կշարունակվի, արձագանքնեց Տավուշի սրբազանը՝ հիշեցնելով Ոսկեպարում պատարագում է տարիներ շարունակ։

Տավուշի սահմանազատման թեման եռում է Տավուշի 4 գյուղերում ու խորհրդարանում՝ մինչև առաջին այցից շուրջ մեկ ամիս անց վարչապետ Վաշինյանը վերադառնում է Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր՝ ապրիլի 17-ին։

Երկու օր անց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձանժողովները հրապարակում են այն, ինչ արդեն պայմանավորվել են. 4 գյուղերը վերադարձնում ենք Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գործող սահմաններով։ Ոսկեպարի ճանապարհի մեջ մխրճվող հատվածը այս փուլում չի սահմանազատվում։ Գեոդեզիական չափումներով սահմանը կնկարագրվի ու մինչև մայիս 15-ը կստորագրվի այդ մասին արձանագրությունը։

Հայ -ադրբեջանական նոր համաձայնությունը իշխանությունը ձեռքբերում է համարում, ընդդիմությունը՝ կապիտուլյացիա։ Հենց պայմանավորվածության հրապարակման օրը երեկոյան Կիրանցի հատվածում մարդիկ փակում են միջպետական ճանապարհը։


Մանրամասները ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG