Մատչելիության հղումներ

Սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման վերջնաժամկետը լրանում է


Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված առաջին սահմանային սյունը, 23-ը ապրիլի, 2024թ.
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված առաջին սահմանային սյունը, 23-ը ապրիլի, 2024թ.

Արդյո՞ք Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն այսօր կստորագրեն արդեն իսկ սահմանազատված հատվածների արձանագրություն-նկարագրությունը, թե՞ նախապես հայտարարված ժամկետը կհետաձգվի։

Երկու երկրների սահմանազատման հանձնաժողովները ապրիլի 19-ին համատեղ հայտարարության մեջ սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման վերջնաժամկետ էին սահմանել մինչև մայիսի 15-ը։ Այսինքն՝ այդ վերջնաժամկետը լրանում է այսօր։

Սահմանազատման հայկական հանձնաժողովի ղեկավար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից ողջ օրվա ընթացքում որևէ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, խոսնակը «Ազատության» զանգերն անարձագանք է թողնում։

«Կիրանցի հատվածում մենք ունենք 12 կետ սահմանային, և էս պահի դրությամբ արդեն 8 կետը որոշված է, այսինքն՝ սյուները տեղադրված են էդ հատվածում». - վարչապետ Փաշինյանը մայիսի 7-ին ասուլիսում հայտարարել էր, թե Տավուշի հատվածում սահմանազատման «90 տոկոսը արված» է, ընդգծելով՝ Կիրանցի հատվածում կա սահմանազատման ենթակա 3 կետ, որոնց շուրջ դեռ պետք է լուծումներ գտնեն.

«Մենք ունենք 3 կետ, որոնք առավել զգայուն են, մենք խնդիրը կլուծենք էնպես, որ նրանք դա բավարար կհամարեն, Կիրանցի ժողովուրդը կհամարի բավարար: Հենց այս պահին աշխատանքը գնում է էդ ուղղությամբ»:

Կիրանցում սահմանազատման աշխատանքներն անցած շաբաթվանից դադարեցված են։ Վիճահարույց կետերը, որոնք վերաբերում են գյուղի կամրջին, դպրոցին և մի քանի սեփական տներին, շարունակում են չլուծված մնալ։ Դեռևս պարզ չէ, թե ինչպես է կատարվելու սահմանազատումը այս 3 կետերում, պարզ չէ նաև՝ արձանագրությունը կստորագրվի առանց այդ 3 կետերի սահմանազատմա՞ն, թե՞ փաստաթղթի ստորագրումը կհետաձգվի։

Հստակ չէ նաև հարցը, թե արդեն իսկ սահմանազատված հատվածներից Հայաստանի Զինված ուժերն արդեն պետք է ե՞տ քաշվեն, թե՞ դեռ ոչ։ Վարչապետ Փաշինյանի աշխատակազմն ասել էր, թե սահմանազատումից հետո զորքերի հետքաշումը տեղի է ունենալու կարճ, բայց ողջամիտ ժամանակահատվածում։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր պնդում էին, թե այս հարցերի պատասխանները չունեն։

Նրանցից միայն Գագիկ Մելքոնյանը համաձայնեց կարծիք հայտնել՝ ընդգծելով, որ երբ Տավուշի հատվածում ամբողջական սահմանազատում լինի, այն ժամանակ էլ Հայաստանի Զինված ուժերը ետ կքաշվեն իրենց դիրքերից:

«Մինչև մայիսի 15-ը պետք է ավարտվեր սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, բայց արդեն ինչ-ինչ պատճառներով մի երկու-երեք հատվածում դեռ սահմանազատված չի, և էդ երկու-երեք տեղն էլ արդեն կգան ընդհանուր հայտարարի, սահմանազատման-սահմանագծման աշխատանքները կավարտվեն, դրանից հետո արդեն էս առաջին փուլի ընդհանուր պայմանավորվածությունը որ կա սահմանազատման-սահմանագծման աշխատանքների՝ փուլը լիովին կավարտվի, նոր արդեն երկրորդ կետով արդեն զորքերը հետ կքաշվեն՝ իրենց տեղը զիջելով սահմանապահ զորքերին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մելքոնյանը:

Ինչո՞ւ է Կիրանցում սառեցվել սահմանազատումը, և այժմ ի՞նչ գործընթաց է տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներ միջև։ Գագիկ Մելքոյնյանն ասում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում. - «Կիրանցում՝ նույն կամուրջը, կամ նմանատիպ, ասենք, տեղեր կա, որ, ասենք, հիմի շատ հնարավոր է, որ մենք իրենց հետ համաձայնեցնենք՝ էդ խնդիրները լուծվի: Դրա համար գործընթաց է գնում, որպեսզի, ասենք, հուզումներ չլինեն»:

«Նաև կարո՞ղ ենք ասել, որ Բագրատ սրբազանի շարժումը ինչ-որ առումով ազդեց, որպեսզի առայժմ դադարեցնեն, և այդ վիճահարույց տեղերում չանեն», - այս հարցին իշխանական պատգամավորն արձագանքեց. - «Ոչ, դա Բագրատի հետ կապված ոչ մի բան... ընդհակառակը՝ էդ շարժումը խանգարեց, լիովին խանգարեց, և եթե էդ շարժումը չլիներ, հիմի ավելի շուտ էդ գործընթացը կավարտվեր»:

«Հայաքվեն» հաղորդում ներկայացրեց Դատախազություն

Մինչ կհստակեցվի, թե երբ վերջնականապես կավարտվի Տավուշ-Ղազախ հատվածի սահմանազատումը, ընդդիմադիր «Հայաքվե» նախաձեռնությունն այսօր «Հանցագործության մասին հաղորդում» ներկայացրեց Գլխավոր դատախազություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և սահմանազատման հայկական հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի դեմ։

«441 հոդվածը Քրեական օրենսգրքի՝ պաշտոնատար անձի կողմից սեփական իրավասությունների գերազանցում՝ և՛ վարչապետի, և՛ Մհեր Գրիգորյանի, որովհետև իրենք գործում են, ի դեպ, նկատի ունեցեք, գործում են որպես կազմակերպված խումբ», - «Ազատությանն» ասաց «Հայաքվեի» ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանը:

Ըստ «Հայաքվեի»՝ սահմանազատման գործընթացը, որը տեղի է ունենում երկու հանձնաժողովների հայտարարության հիման վրա, օրենքից դուրս է։ Նախաձեռնության համոզմամբ՝ Հայաստանի սահմանը կարող է որոշվել միայն միջազգային պայմանագրի հիման վրա, որը հետագայում Սահմանադրական դատարանը պետք է հաստատի, ապա նաև այն պետք է վավերացվի Ազգային ժողովում:

«Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է այժմ կասեցված գործընթացը, կոնկրետ Կիրանցում ի՞նչ է տեղի ունենում», - այս հարցին Չալաբյանը պատասխանեց. - «Որովհետև մենք բոլորս ընդվզում ենք դրա դեմ, որովհետև էս իշխանությունը հասկանում է, որ ինքը հաջորդ քայլը անի՝ այստեղ հանրային պայթյուն տեղի կունենա»:

Իշխանությունից այս պնդումներին հակադարձում են՝ Տավուշում սահմանազատում իրականացնելով Հայաստանի անվտանգության հարցն են լուծում՝ լեգիտիմությունից զրկելով Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու փորձերը։

XS
SM
MD
LG