Մայրաքաղաքում կառավարության անդամների հետ դեռ շաբաթներ առաջ կայացած հանդիպումներից հետո Կիրանցի բնակիչները գյուղի կադաստրային քարտեզի վրա վերարտադրել են պաշտոնյաների նշած սահմանային կետերը, որ գյուղում էլ, վերևներում էլ ցավոտ բառով են նկարագրում։
«Այս բոլոր հողերը, կամուրջը (ցույց է տալիս նկարի գծագրության վրա-խմբ), մարդկանց տները կիրանցեցիների հողերն են, որոնք հրապարակված քարտեզով անցնում են Ադրբեջանին։ Հիմա մնացել է այս երեք սյունը», - ասում է բնակիչներից Գոհար Վարդանյանը։
Կիրանցում հարյուր ընտանիք կա, ուղիղ կեսը սեփական հողատարածք ունի սահմանազատվող հատվածում։ Գոհար Վարդանյանը, որ կառավարության շենքում հանդիպման մասնակիցներից էր, ասում է՝ վարչապետի հետ հանդիպումից եզրակացրել է, որ սա փոփոխման ենթակա չէ, գյուղի կեսը կտուժի այս սահմանազատումից։
«Մենք ունենք երեք տարբերակ՝ վատ, շատ վատ ու ամենավատ։ Հիմա վատ տարբերակն այն է, որ այս վիճակով, ոնց որ կա, առանց այս երեք կետերի սահմանը գծվի, վերջանա, իսկ մնացածը, որը պիտի ավելացնեն մի քիչ ձախ, մի քիչ աջ, շատ վատ ու ամենավատ տարբերակներն են։ Մենք այդ պահի դրությամբ լավ տարբերակ չունենք, որ դրանից ուրախ լինենք կամ շնորհակալ, չկա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կիրանցի բնակիչ Գևորգ Սիմոնյանը։
«Երեք հոգու արտ, ամեն մեկինը կես հեկտար չափով՝ մոտ 1.5 հեկտար արդեն ընկել է այդ սահմանային գծման մեջ», - հավելեց նա։
Դեռ անցած շաբաթ գյուղի կամրջին, նորակառույց դպրոցին ու մասնավոր տներին մոտեցող սահմանազատումը Կիրանցում կրքեր բորբոքեց, սահմանազատման ժամանակավոր կասեցումը, վարչապետի պնդումները, թե մանրամասն քննարկելու են, որ բնակիչներն առնվազն բավարարված լինեն, չհանգստացրին բողոքի դուրս եկածներին։ Ցույցերը մայրաքաղաք հասան։
Հիմա Կիրանցում սպասողական վիճակ է։ Պարեկներն ու ռազմական ոստիկանության աշխատակիցները հսկողություն են իրականացնում սահմանազատվող հատված տանող ճանապարհին։ Այսօր «Ազատության»-ը չթույլատրեցին անգամ հեռվից նկարահանել այդ հատվածները։ Եթե նախկինում դրա հնարավորությունը կար, ապա այսօր ասացին՝ արգելված է։
Ընդամենը երկու օր է մնացել այն ժամկետի ավարտին, երբ հայկական ու ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովները պետք է համատեղ փաստաթուղթ ստորագրեն։ Ապրիլի 19-ի համատեղ հայտարարության համաձայն՝ հանձնաժողովները պետք է գեոդեզիական չափումների հիման վրա կոորդինատներ հստակեցնեն, սահմանազատվող չորս հատվածների նկարագրություն կազմեն, համաձայնեցնեն ու արձանագրություն ստորագրեն մինչև մայիսի 15-ը։
Կիրանցում, մինչդեռ, վստահ են՝ չեն ավարտի, եթե անցած շաբաթ սառեցված գործընթացն այսօրվա դրությամբ դեռ չեն վերսկսել։
«Եթե պիտի վերջացրած լինեն ամսի 15-ին, գոնե թե էսօրվանից պիտի սկսեին աշխատանքները, որ հասցնեին իրենց ժամկետներում վերջացնել, բայց չեմ կարծում, որ ամսի 15-ին վերջացրած կլինեն, որովհետև այս պահի դրությամբ ոչ մի աշխատանք չի կատարվում։ Սաղ մեր դիտարկման տակ է, մենք նայում ենք, հետևում ենք, ոչ մի աշխատանք չի կատարվում այս պահի դրությամբ։ Երեք կետերը ոնց թողել էին, էդպես էլ մնում է», - ասաց բնակիչներից Գևորգ Սիմոնյանը։
Կառավարությունից սահմանազատման աշխատանքների կասեցման ընթացքում գյուղի բնակիչների հետ հանդիպող չի եղել։ Հայաստանի վարչապետն իր վերջին ասուլիսում հայտարարել էր, որ քննարկելու խնդիր ունեն, երեք զգայուն երեք կետերում աշխատանքը սառեցրել են, որ պայմանավորվեն ու նոր միայն վերսկսեն գործընթացը։
Սահմանազատման հայկական հանձնաժողովը գլխավորող Մհեր Գրիգորյանի գրասենյակից խոստացել, բայց դեռ չեն պատասխանել «Ազատության» հարցերին, թե երբ կվերսկսեն աշխատանքները։
Գյուղում հիմա հեռվից դիտում են՝ ինչ է կատարվում քաղաքական դաշտում, որ սկիզբ առավ Կիրանցում իրենց գյուղի բնակիչների խնդիրներով։