Մատչելիության հղումներ

«Նման հաշիվը արդարացում չունի»


«Այո, ցավալի պարտություն էր։ Մենք պիտի հասկանաք, որ առայժմ պատրաստ չենք թոփ թիմերի հետ մրցակցելու». - խորը հոգոց և ցավոտ եզրակացություն՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի առաջին արձագանքը ծանր խաղից հետո։ Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը խոշոր՝ 1:9 հաշվով պարտվեց պորտուգալացիներին։

«Երիտասարդ թիմ ենք, ֆուտբոլիստներ կան՝ առայժմ այս մակարդակի խաղալու համար պատրաստվել է պետք», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Մելիքյանը;

Ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանը, մինչդեռ, շեշտում է. - «Նման հաշիվը արդարացում չունի: Դու կարող ես խոշոր հաշվով պարտվել նման մրցակցի, բայց ոչ այս կարգի»:

Խնդիրը համակարգային է: Ֆուտբոլային մեկնաբանի համար էլ երեկվա 9։1 հաշիվն անսպասելի էր։ Պորտուգալիան ուժեղ թիմ է, ամեն ինչ անելու էր հաղթելու համար, սակայն այսպիսի հաշիվը, ըստ Աբելյանի, պարզապես արդարացում չունի։ Ու ի՞նչ, նորից մարզի՞չ փոխել։ Ֆուտբոլային մեկնաբանն ավելի քան վստահ է, որ առնվազն անազնիվ է ամբողջ պատասխանատվությունը Եղիշե Մելիքյանի վրա գցել։ Ի՞նչ աներ Մելիքյանը կամ նրա նախորդները, երբ պետական մակարդակով քայլ չի արվում ֆուտբոլը զարգացնելու համար։

«Պարբերաբար ազգային հավաքականը կարող է ինչ-որ հաղթանակներ ունենալ դրվագային, բայց դա համակարգային բնույթ չի կրում: Որովհետև ես չեմ կարող, թե, օրինակ, Եղիշե Մելիքյանը վատ մարզիչ է, կամ Պետրակովը վատն է, կամ Կապառոսը նրանից առաջ վատն էր՝ ամեն մեկը իր ուժերի չափով առավելագույնն անում է: Ու մենք անընդհատ փնտրտուքների մեջ ենք. մեկ ասում ենք արտասահմանցի մարզիչ է պետք, մեկ հայ մարզիչ է պետք, մեկ՝ չէ, խաղան տեղացի ֆուտբոլիստներով, չէ՝ դրսում խաղացող հայ ֆուտբոլիստների հրավիրենք ... Անընդհատ ինչ-որ ծայրահեղությունների մեջ ենք ընկնում, մինչդեռ դա ոչ մի տեղ չի տանում», - ընդգծեց Արման Աբելյանը:

Հայաստանի միակ գոլը երեկ խփեց հավաքականի ավագ, ռուսական «Կրասնոդար»-ի խաղացող Էդուարդ Սպերցյանը՝ խաղի18-րդ րոպին։ Մարզչի գնահատմամբ՝ առաջին խաղակեսը վատ չէր ընթանում, բայց խոստովանեց՝ թիմում կարծես հոգեբանական խնդիրներ կան. - «Չէինք սպասում այդպիսի սխալներ, բայց դա կապում եմ հոգեբանության հետ»:

Մեկ, երկու գոլ բաց թողելուց հետո թիմը դադարում է խաղալ, ֆուտբոլային մեկնաբանն է շարունակում է թեման՝ ընդգծելով, սակայն, որ Մելիքյանի գալով դրական փոփոխություն զգացվեց, ի՞նչ եղավ հետո. - «Մենք լավ խաղեր ունեցել ենք, և ցավալի է, որ Մելիքյանը կարծես ամեն ինչ նորից պիտի զրոյից սկսի»:

Ֆուտբոլի զարգացման տեսլական չկա, եզրահանգում է Աբելյանը, ընդգծելով՝ ազգային հավաքականի անգամ դրվագային հաղթանակները չեն փրկի, եթե ֆեդերացիան պատկերացում չունի՝ ինչ անել, որ Հայաստանում ֆուտբոլը գոնե դառնա պոպուլյար սպորտաձև, ինչպես անել, որ ընտրություն կատարվի ոչ թե 20, այլ 100 ֆուտբոլիստների միջև։ Խնդիրը, ֆուտբոլային մեկնաբանի պնդմամբ, խորը արմատներ ունի, ազգային հավաքականն ընդամենը տեսանելի վերջնակետն է

«Մինչև 17-եր, 19-ներ, 21-եր՝ այնտեղ նույնպես շատ անկայուն վիճակ է, ու ավելի շատ պարտություններ են: Էդ ամեն ինչը գալիս հասնում է ազգային հավաքական: Դա նրանից է, որ, ինչպես նշեցի, զարգացման տեսլական չկա, և ընդհանրապես մեզ նման երկրներում պետությունը շատ կարևոր դերակատարում ունի և՛ ֆինանսական աջակցության գործում, և՛ ինչ-որ զարգացման ծրագիր ստեղծելու, բայց դա մեզ մոտ գրեթե բացակայում է: Այսինքն՝ նկատի ունեմ պետություն-ֆեդերացիա-ակումբներ այդ կապը, որ պիտի ինչ-որ արդյունքի բերի, մեզ մոտ չկա, ակումբները առանձին, ամեն մեկը ինչքան կարողանում անում է», - ասաց Արման Աբելյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի շարունակական ձախողումների ֆոնին երկրպագուներն արդեն տևական ժամանակ է պահանջում են Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Անցած տարի, սակայն, նա հայտնեց, որ գնալ չի պատրաստվում։ Երեկվա պարտությունից հետո էլ սոցցանցերում նրա հրաժարականի պահանջներն են հնչում:

«Դե դա միանշանակ է՝ փոփոխությունը, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ ֆեդերացիայում փոփոխությունը՝ ավելի վերևից պիտի գա այդ ցանկությունը, այսինքն՝ կապ ունի նաև երկրի ղեկավարության հետ: Իսկ Մելիքբեկյանի և նրա թիմի աշխատանքը, ինձ թվում է, վաղուց է պարզ, որ չի ստացվել, և ընդհանուր ֆուտբոլը Հայաստանում գլոբալ չի զարգացել կամ որոշակի առաջընթաց ևս չի ունեցել», - ընդգծեց ֆուտբոլային մեկնաբանը:

Երեկվա ջախջախիչ պարտությունից հետո Հայաստանի ազգային հավաքականը մրցաշարային աղյուսակում վերջին` չորրորդ տեղում է և այլևս հնարավորություն չունի պայքարել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG