Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագն այսուհետ ռուսական «Կրասնոդարի» խաղացող Էդուարդ Սպերցյանը կլինի: Անցած ամիս Իռլանդիայի հետ արտագնա հանդիպմանը կարմիր քարտ ստացած, ապա ոչ սպորտային վարքի համար 3 խաղով որակազրկված Տիգրան Բարսեղյանն այլևս ավագի թևկապը չի կրի, նորությունն անձամբ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտնեց՝ պնդելով, թե որոշումը Բարսեղյանի կարմիր քարտի հետ կապ չունի. «Ես խոսել եմ իր հետ, ասել եմ ես քեզ խոսք եմ տալիս՝ այս աշունը վերջանա դու լինելու ես թիմի ավագ ու երկար տարիներ ու դու դրան արժանի ես»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եղիշե Մելիքյանը:
Աշխարհի առաջնության որոկավորման փուլի առաջին 4 հանդիպումներում Տիգրան Բարսեղյանն էր թևակը կրում, ամեն բան, կարծես, կարգին էր ընթանում, Երևանում Պորտուգալիային խոշոր հաշվով պարտվելուց հետո թիմն ուշքի եկավ, տանը հաղթեց Իռլանդիային, հաջորդ մրցակիցը Հունգարիան էր: Բուդապեշտում կայացած խաղում թեև տան տերերը հաղթեցին, սակայն, ընտրանին լավ տեսք ուներ: Չստացվեց գոլերի վերածել ստեղծած պահերը: Մի քանի օր անց հավաքականը Դուբլինում Իռլանդիայի հետ ուժերը չափեց՝ մրցաշարային տեսանկյունից շատ կարևոր հանդիպում: Ընտրանին, առվազն, մրցակցին չէր զիջում ու հանկարծ Տիգրան Բարսեղյանը գլխով հարվածեց հակառակորդ թիմի ֆուտբոլիստին ու հեռացվեց դաշտից, թիմը մնաց 10 հոգով ու սեփական դարպասն անառիկ պահել չկարողացավ:
Օրերս հավաքականի արդեն նախկին ավագն ափսոսանք հայտնեց.
«Կյանքում ու, հատկապես, ֆուտբոլում լինում են պահեր, երբ դժվար է մի վայրկյանում ճիշտ որոշում կայացնել: Ցավոք, իմ վերջին խաղում տրվելով էմոցիաներին՝ սխալվեցի: Շատ եմ ափսոսում, որ առաջիկա կարևոր խաղերում չեմ կարողանալու լինել դաշտում եւ օգնել թիմակիցներիս», - ասված էր հայտարարությունում:
Այսօր գլխավոր մարզիչը փակագծեր բացեց՝ պնդում է՝ կարմիր քարտից հետո հենց ինքը Բարսեղյանին թույլ չի տվել ներողություն խնդրել, այդ պահին ֆուտբոլիստը նաև ցանկացել է առհասարակ հեռանալ հավաքականից.
«Առաջին խոսքն իմն է եղել՝ օգնել և հոգեբանական օգնելով թիմին, որ չընկճվեն: Տիգրան Բարսեղյանն ինքն է ուզել խոսել հանդերձարանում, այն որ ներողություն խնդրելով, որ ուզում է հրաժարվել, ես չեմ թողել իրեն, ասել եմ՝ Տիկո ջան, դու շատ բաներ ունես հավաքականի համար արած, չի կարելի էմոցիաների տակ, ես որպես տարիքով մեծ, որպես քեզ ավագ ընկեր, մարզիչ , չեմ թողնի, որ դու էմոցիաների տակ որոշումներ կայացնես...Օգնելով իրեն, ասել եմ՝ բան մի խոսա, կանցնի ժամանակ, երբ ունենաս որոշում, սառը գլխով կարտահայտվես», - պատմեց մարզիչը:
Եղիշե Մելիքյանը նաև այլ մանրամասներ հայտնեց՝ հաստատեց ՝ Տիգրան Բարսեղյանը ի սկզբանե չի էլ ցանկացել իր հետ աշխատել ու միանալ ընտրանուն, տարիներ առաջ տեղի ունեցած մի միջադեպի պատճառով.
«Այո, եղել է նման բան, ցանկություն չգալու իմ օրոք: Ես անձամբ հետը խոսել եմ հեռախոսով, հրավիրել եմ, ասել եմ՝ արի, իրար հետ մի անգամ աշխատենք, խոսենք հետո նոր որոշումդ կայացնես: Աշխատեց, խոսեց, հիմա կարող եք հարցնել՝ ուզում է գալ, թե չի ուզում: Ինքը հիմա ամենանվիրված տղաներից մեկն է, էդ նվիրվածությունը, ինքը չկարողացավ կառավարել իր ցանկություններն ու էմոցիաները, դրա համար ստացվեց էդ կարմիր քարտը: Դրա համար ես իր վրա ջղայնացած չեմ, երբ տեսնեի իր մեջ անլրջություն, տեսնեի, որ ինքը չի պայքարում մինչև վերջ և այլն, այո, ես շատ չոր կնայեի, բայց ֆուտբոլիստ է, աշխարհում շատերը կարմիր քարտ են ստանում, ստացվեց էդ տղու մոտ»:
Մելիքյանն այսօր ավելի բաց էր խոսում, քան պաշտոնական ասուլիսների ընթացքում: Լրագրողները փորձեցին վերջին տարիներին ֆուտբոլային հանրությանը մտագոհգող ու քննարկվող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ, ճիշտ չէ՞ արդյոք տպավորությունը, թե արտասահմանում խաղացող կայացած ֆուտբոլիստները դժկամությամբ են հավաքականին միանում, եթե պետք է համոզել ու եզրեր գտնել ավելի ճիշտ չի՞ լինի դադարեցնել համագործակցությունը: Հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը չէր էլ թաքցնում, որ Բարսեղյանին չի հրավիրում նրա ոչ կարգապահ վերաբերմունքի համար և ուղիղ էր հայտարարում՝ նա օրինակելի ֆուտբոլիստ չէ: Ներկայիս գլխավոր մարզիչը թեև պնդում է՝ թիմի ներսում մթնոլորտը լավն է, սակայն, չի հերքում, որոշ ֆուտբոլիստներ նախապայմաններով են թիմին միանում. «Դրա պատճառները երկուսն են. առաջինը, որ մենք չունենք հաղթանակներ, արդյունք չկա: Երկրորդը, որ չկա ռեսուրս, դրա համար պետք է ճկուն լինել, մենք չունենք էդ ռեսուրսը, սենց ուղիղ ասենք՝ չես գալիս չէ, հաջողություն, մյուսը...»:
Մելիքյանի նշանակումից անմիջապես հետո թիմի երկարամյա ավագ Վարազդատ Հարոյանը ընտրանուց հեռացավ, պարզաբանեց, թե Մելիքյանի հետ աշխատանքի լավ փորձ չի ունեցել, և իրենք, «տարբեր աշխարհների մարդիկ են»: Ի, վերջո, ի՞նչ խնդիր են ունեցել. «չիմացա»,- հարցին սառը արձագանքեց գլխավոր մարզիչը. «Ամեն ինչը ինքն արդեն ասել ա, ինչքանով է իրականությանը համապատասխանում, չի համապատասխանում, դա արդեն իմ համար 10-րդ հարցն է: Գիտեք՝ ինչքան հարցեր կան, որ պիտի մտածեմ, պետք է մտածեմ Հարոյանի հարցի մասի՞ն, դիմացը կարևոր խաղեր ունեմ, Հարոյանը թող մտածի իր մասին»:
Ավագի փոփոխությունը միակ նորությունը չէ. Լուկաս Սելարայանը նույնպես որոշել է հեռանալ ընտրանուց: Այս ամիս կայանալիք Հունգարիայի, ապա Պորտուգալիայի հետ հանդիպումներում նա հավաքականում արդեն չի լինի, այս դեպքում պատճառն ըստ գլխավոր մարզչի ոչ թե միջանձնային խնդիրներն են, այլ 33-ամյա ֆուտբոլիստի անձնական հարցերը, ֆիզիկապես այլևս չի ստացվում.
«Շատ շնորհակալ եմ, իրենից, ինչ-որ ինքն արել է մեր հավաքականի համար: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք: Բայց, ես մի բան գիտեի, որ մինչև իմ գալն ինքն արդեն ուզում էր ազգային հավաքականում կարիերան ավարտեր: Ես կապվել եմ, խնդրել եմ իրեն, բացատրել եմ, որ դժվար պահ է, ինքն էլ ընդունելով ու հասկանալով, որ Հայաստանի ազգային հավաքականի համար իրոք դժվար պահեր կան, որ ինքը կարող է օգնել, ինքը եկավ այդ խաղերին, 4 խաղ մասնակցեց և վերջին խաղից առաջ՝ Իռլանդիայում մենք իր հետ խոսեցինք, ինքը խնդրեց, որ էլ չի կարողանում, 33 տարեկան է, ընտանեկան հարցեր, դժվար է ամեն ինչը ...», - ասաց Եղիշե Մելիքյանը:
Նոյեմբերի 13-ին Հունգարիային ընդունելով ապա մի քանի օր անց հյուրընկալվելով Պորտուգալիային, Հայաստանի ազգային հավաքականը կավարտի աշխարհի առաջնության որակավորման փուլը: Ընտրանին 3 միավորով խմբում վերջին տեղում է, սակայն, առայժմ պահպանում է հաջորդ փուլ դուրս գալու տեսական շանսերը: Ի դեպ, հավաքականում փաստացի նման խնդիրներ են ծագում այնպիսի խաղացողների հետ, որոնք թեև բարձր կարգ ունեն, սակայն, համաշխարհային աստղեր էլ չեն: Նույն Պորտուգալիայի կազմում ավագի թևկապով շարունակում է խաղալ 40-ամյա Քրիշտիանու Ռոնալդուն: Նա Երևանում 2 գոլ խփեց: