Մատչելիության հղումներ

Ճնշում լինելու է, բայց մենք լավ թիմ ենք, հավատ ունենք, կպայքարենք. Եղիշե Մելիքյան


Աշխարհի առաջնության ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը ուժերը կչափի Իռլանդիայի ընտրանու հետ։

Հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը նշեց, որ ծանր հանդիպում է սպասվում. «Թիմը, սակայն, լավ է պատրաստվել, եկել ենք Բուդապեշտ, որպեսզի կարողանանք լավ ֆուտբոլ խաղալ, անմնացորդ նվիրվել և կարողանանք դրական արդյունքի հասնել»։

Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն էլ հավելեց. «Մենք գործ ունենք լավ թիմի հետ, հասկանում ենք, որ սա տնային խաղ չէ, դա նշանակում է, որ ճնշում լինելու է, խնդիր լինելու է, բայց մենք լավ թիմ ենք, հավատ ունենք, նվիրվածություն, կպայքարենք։ Ի տարբերություն Ձեր մարզչի, որը 7 տարի է աշխատում այս թիմի հետ, ես՝ 7 շաբաթ։ Ինքը լիովին գիտի, իսկ ես նոր եմ ծանոթանում… Մի բան ինձ հանգստացնում է, որ ես հավատում եմ իմ թիմին, իմ թիմը հավատում է ինձ»։

«Ազատությունը» Բուդապեշտում Հունգարիայի հետ խաղից առաջ հարցեր է ուղղել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին և հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանին։ Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև.

Խաղադաշտում կներդնենք մեր բոլոր ուժերը. Բիչախչյան

«Ազատություն».- Վահա՛ն, ենթադրում եմ տեսական հատվածին՝ վիդեո անալիզներին բավական շատ ժամանակ եք այս օրերի ընթացքում հատկացրել, որքանո՞վ է դա, օրինակ՝ հենց Ձեզ օգնում, քանի որ դա ավելի շատ հիշելու, մտապահելու հետ է կապված։ Բացի այդ, մրցակցի կազմում մի քանի առանցքային ֆուտբոլիստներ չեն խաղալու, որքանո՞վ դա կարող է օգնել մեր ընտրանուն։

Վահան Բիչախչյան.- Այո, միանշանակ շատ լավ ենք ուսումնասիրել Հունգարիայի հավաքականին։

Ինչ մնում է՝ հակառակորդի ֆուտբոլիստների խաղալ-չխաղալուն, կարող եմ ասել, որ կոնկրետ այս խաղում և մյուս խաղում ավելի շատ կենտրոնանալու ենք հենց մեր խաղի վրա։ Ունենք մեր պլանը, հուսով եմ, որ կկարողանանք լիովին օգտագործել։ Կներդնենք մեր բոլոր ուժերը խաղադաշտում, վստահ եմ, որ կկարողանանք խաղալ այն խաղը, որը մենք ենք ուզում։ Հաստատ պրոբլեմներ կստեղծենք հակառակորդի համար։



«Ազատություն».- Չնայած մարզիչը Ձեր կողքին է, այդուհանդերձ եթե այդ հանգամանքը Ձեզ չի կաշկանդում, մի փոքր նրա մասին կխոսե՞ք։ Նոր մարզչի գալով հավաքականում ի՞նչ փոփոխություններ են եղել, ի՞նչ փոփոխություններ եք Դուք տեսնում հավաքականում։ Ակնհայտ էր, որ Պորտուգալիայի հետ խաղից հետո Իռլանդիայի դեմ ամեն ինչ այլ էր, այլ հավաքական տեսանք։

Վահան Բիչախչյան.- Թիմում շատ լավ մթնոլորտ է, նոր մարզիչը եկել է էներգիայով, հավատով լի, ու այդ ամենը փոխանցում է մեզ, վստահություն տալիս, հավատք սեփական ուժերին։ Հուսով եմ, որ այսօր նույնպես կկարողանանք խաղալ այն մակարդակի, ինչպես խաղացինք Իռլանդիայի դեմ հանդիպմանը։ Միանշանակ, ժամանակ է պետք, որպեսզի մարզիչը կարողանա լիովին փոխանցել իր մտքերն ու ցանկությունները մեզ։ Բայց, ամեն ինչ շատ լավ է ստացվում։ Կարող եմ ասել, որ մինչև հիմա հասցրել ենք իրար ճանաչել և վստահ եմ, որ մեր նոր մարզիչի հետ հավաքականն ավելի լավ տեսք կունենա, կլինի ավելի ուժեղ ու կհասնենք մեր առջև դրված նպատակներին։

Հավաքականում խորքային խնդիրներ կան. Մելիքյան

«Ազատություն»- Պարո՛ն Մելիքյան, Պորտուգալիայի հետ խաղից հետո Իռլանդիայի դեմ խաղում տակտիկան լիովին փոխել էիք, ասացիք՝ «ուզում էիք սյուրպրիզ, և դա արեցինք»։ Հունգարիայի դեմ խաղում կլինե՞ն անակնկալներ։

Եղիշե Մելիքյան.- (Ծիծաղում է-խմբ.) Այ՛ո, մեր տնային խաղերում ես ցանկություն ունեի անակնկալներ անելու։ Ինչը ստացվեց, ինչը չստացվեց, որը ստացվեց, որը՝ չէ։ Իսկ ոչ տնային խաղում ավելի շատ ուշադիր եմ, թե մրցակիցն ավելի շատ ինչ անակնկալ կանի մեզ, որ մենք պատրաստ լինենք դրան։ Ավելի շատ կենտրոնացած եմ դրան։

«Ազատություն». - Դուք առաջին պաշտոնական խաղից հետո նշում էիք, որ «այո՛, հավաքականում կան որակով ֆուտբոլիստներ, բայց մի քանի խաղ է պետք, որպեսզի ընդհանուր թիմի հնարավորությունները հասկանաք»։ Հիմա արդյոք պատրա՞ստ եք այդ մասին խոսել, եթե այո, խորքային ի՞նչ խնդիրներ եք տեսել։

Եղիշե Մելիքյան.- Ասեմ, որ խորքային խնդիրներ կան, տեսել եմ, բայց լուծումները չեմ կարող միանգամից գտնել ու լուծել։ Դրա համար ժամանակ է պետք, դրա համար ես այս ցիկլից առաջ եմ ընդունել թիմը՝ հասկանալով, որ նման հարցերի շուրջ պետք է մտածել ու ավելի լավ արդյունք տալ։ Այն ամենի մասին, որ Դուք խոսում եք, ուղղակի ժամանակ է ուզում։ Այսքան շուտ չեմ կարող ամեն հարցին կոնկրետ պատասխանել։

Մանրամասները՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG