Փաստաբանները մեկ քայլ առաջ են որակում ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու օրենքը սահմանադրական ճանաչելու՝ Բարձր դատարանի որոշումը: Միաժամանակ ընդգծում են՝ քանի դեռ որոշումն ամբողջությամբ չի հրապարակվել, դեռ անպատասխան հարցեր ունեն:
Ավելի քան երկու տարվա քննությունից հետո երեկ Սահմանադրական դատարանը եզրահանգեց, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը պաշտոնյան ձեռք է բերել պաշտոնը ստանձնելուց հետո, ինչպես նաև՝ այն գույքը, որը կապ ունի հանցանքի հետ:
«Որոշումը որոշակիություն է մտցնում, իմ ընկալմամբ, գոհ լինելը պատճառաբանական մասը ուսումնասիրելուց հետո կարող եմ հստակ հայտնել, բայց մի քայլ առաջ եմ համարում», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբան Վարազդատ Ասատրյանը:
Դատարանը երկու հիմնական մեկնաբանություններով անդրադարձել է օրենքի այն հոդվածին, որը սահմանում է, թե իրավապահները որ դեպքերում կարող են քաղաքացու գույքի օրինականությունը ստուգել:
Ըստ գործող օրենքի՝ և՛ հասարակ քաղաքացու, և՛ երբևէ պաշտոն զբաղեցրածի ունեցվածքը ենթակա է բռնագանձման երկու պարագայում. երբ կոռուպցիոն հանցագործության համար են մեղադրվում, և երբ կան պարզապես կասկածներ գույքի ապօրինի ծագման վերաբերյալ:
Ըստ ՍԴ որոշման՝ օրենքի թիրախում շարունակում են մնալ թե՛ պաշտոնյաները, թե՛ հասարակ քաղաքացիները: Պարզապես Բարձր դատարանը նեղացրել է որոշ պայմաններ:
«Նախնական էն ինչ որ կա սահմանադրականության համապատասխանության մասով տրված մեկնաբանությունը, դրանք արդեն իսկ խաղի հստակ ուղղություններ մտցնում են», - նշեց Ասատրյանը:
Ըստ այդմ, ՍԴ-ն կարծում է, որ բռնագանձման ենթակա է նախկին կամ գործող պաշտոնյայի այն գույքը, որը նա ձեռք է բերել պաշտոնը ստանձնելու հետո միայն: Մինչդեռ երեք տարի գործող օրենքով բռնագանձման ենթակա է ամբողջ գույքը:
Բարձր դատարանի երկրորդ մեկնաբանությամբ՝ բռնագանձման ենթակա է նաև այն գույքը, որը կապ ունի քրեական հանցագործության հետ: Մինչդեռ գործող օրենքով այս դեպքում ևս բռնագանձվում է ամբողջ գույքը, եթե դատարանն այն որակում է ապօրինի:
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով փաստաբան Վարազդատ Ասատրյանի խոսքով՝ Բարձր դատարանը որոշակի հստակություն է մտցրել. - «շրջանակը, որը որ սահմանվել է, որոշակի հստակություն մեր համար՝ մասնագետներիս, մտցրել է»:
Բարձր դատարանը երեկ տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ օրենքի մյուս հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանը: Մինչդեռ ընդդիմադիրները Սահմանադրական դատարանում վիճարկում էին ամբողջ օրենքը, պնդում, որ այն խախտում է քաղաքացու իրավունքները, և եթե գործերը հասնեն Եվրոպական դատարան, ապա Հայաստանը մեծ վնասներ կկրի:
Նիկոլ Փաշինյանի օրոք ընդունված օրենքը հնարավորություն է տալիս Դատախազությանը հետ գնալ մինչև 1991 թվականն ու ստուգել՝ արդյոք քաղաքացին օրինական ճանապարհով է հարստացել։ Մյուս վիճարկելի դրույթն այն է, որ քաղաքացուն ստիպում են 30 տարվա վաղեմության գործարքների փաստաթղթեր ներկայացնել, երրորդն այն է, որ Դատախազությունն է զբաղվում այս հարցով, մինչդեռ, ըստ ընդդիմադիրների, սա այս կառույցի գործը չէ:
Արդյոք ՍԴ-ն լուծում է հիմնական խնդիրը
Փաստաբան Արա Ղազարյանը հարցնում է՝ արդյոք Սահմանադրական դատարանի որոշումը լուծում է հիմնական խնդիրը՝ իրավական որոշակիությունը, երբ Դատախազությանը հնարավորություն է տալիս հետ գնալ մինչև 1991 թվական:
«Էս օրենքը էնքան հետ է գնում ու էնքան ծանր պայմաններ է քաղաքացու վրա, որ քաղաքացու համար շատ դժվար է դրա տակից դուս գալ, որովհետև 2025 թիվը 2005 թիվ չէ: Այն պահին, երբ որ քաղաքացին կատարում է մի արարք, որը իրավախախտում է, քաղաքացին պետք է հստակ օրենքը կարդալով հասկանա՝ դա իրավախախտո՞ւմ է, թե՞ ոչ: Եվ քաղաքացին չի կարող գուշակել, Նոստրադամուս չի, թե 20 տարի հետո ինչ նոր օրենքներ կընդունվեն, որ դա համարվի խախտում», - ընդգծեց Ղազարյանը:
Ստացվում է, որ Բարձր դատարանը սահմանադրական է ճանաչել այն կարևոր հոդվածը, որը թույլ է տալիս իրավապահներին հետ գնալ ու, ըստ փաստաբանի, քաղաքացուն պարտադրել ինքնուրույն ապացուցել, թե 1991-ից հետո ինչպես ու ինչ միջոցներով է ունեցվածք կուտակել:
Սրանով, ըստ Ղազարյանի, խախտվում են քաղաքացիների իրավունքները: Նրանք, դեռ 20, 30 տարի առաջ որևէ գույք ձեռք բերելով, չգիտեին, որ պարտադրված են փաստաթղթեր ունենալ, պահել դրանք, որ մի օր ներկայացնեն իրավապահաներին: Սա էլ այն դեպքում, երբ այդ տարիներին այլ իրավիճակ էր, փաստաթղթաշրջանառությունն էլ թերի էր կամ առհասարակ չկար:
«Երբ որ հետադարձ ուժ են տալիս օրենքին, երկու խնդիր է էստեղ. մեկը՝ իրավական կանխատեսելիությունը, այսինքն՝ մարդու համար պարզ չէ, թե անցյալում էդ արարքը հանցագործությո՞ւն է կամ իրավախախտում, թե՞ ոչ, երկրորդ՝ շատ դժվար է պաշտպանվել՝ անցյալ գնալը բոլորի համար դժվար է», - ասաց Արա Ղազարյանը:
ՍԴ երեկվա հրապարակումից հետո փաստաբանը եզրակացնում է, որ Հակակոռուպցիոն դատարանում ընթացող շատ դատավարություններ, այդ թվում՝ ուժի մեջ մտած վճիռներ, այս նոր որոշումից հետո պետք է վերանայվեն: Բայց դրա համար նախ պետք է գործող օրենքում փոփոխություններ կատարվեն: