Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտնում են Ազգային ժողովից:
Գրիգորյանը հրաժարականը ներկայացրել է այսօր՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի որոշումից ժամեր անց:
Ավելի քան 10 օր մնալով խորհրդակցական սենյակում` ՍԴ-ն երեկ սահմանադրական ճանաչեց ընդդիմադիրների վիճարկած օրենքը, որով դատախազությունը ապօրինի է որակում քաղաքացիների ունեցվածքն ու դիմում դատարան՝ դրանք պետության օգտին բռնագանձելու:
Վահե Գրիգորյանն ավելի վաղ՝ այս հունվարին, 9 տարով Եվրոպական դատարանի դատավոր է ընտրվել: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Հայաստանի երեք թեկնածուներից նախապատվությունը տվել էր հենց Գրիգորյանին:
Բարձր դատարանից «Ազատությանը» փոխանցել էին՝ Գրիգորյանի պաշտոնավարումը ՄԻԵԴ-ում կմեկնարկի ընտրվելու պահից երեք ամսվա ընթացքում։
49-ամյա Գրիգորյանը հանրությանը հայտնի դարձավ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, երբ որպես փաստաբան պաշտպանում էր ընդդիմադիրների շահերը, նաև հենց Եվրոպական դատարանում ներկայացնում էր Մարտի 1-ի զոհերի հարազատներին, իսկ ՍԴ-ում էլ՝ ընդդիմության դիմումը համապետական ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով:
Նա Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվեց 2019-ին՝ Փաշինյանի իշխանության երկրորդ տարում: Այն ժամանակ կրքերը բարձր դատարանում եռում էին, իշխանությունը փորձում էր փոխել նախկին իշխանության օրոք ձևավորված դատարանի կազմը, ինչը ի վերջո հաջողվեց:
Վերջին ամիսներին Գրիգորյանը հարուցեց ընդդիմադիրների զայրույթը, երբ Հանրայինի եթերից անդրադառնալով վարչապետի հրաժարականը պահանջող ուժերին՝ ասել էր. «Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման դեմ հայհոյախոսությամբ զբաղվող բոլոր հեղինակները պնդում են նույնական տեքստերով այն, ինչ ասում է Ադրբեջանի քաղաքական իշխանությունը»:
Ընդդիմադիրների քննադատությունն ուղղված էր ՍԴ այն որոշմանը, որով բարձր դատարանը եզրահանգել էր, որ հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը համապատասխանում է Սահմանադրությանը, իսկ Անկախության հռչակագիրը, որը Բաքուն պահանջում է հանել Սահմանադրությունից, չպետք է մայր օրենքում ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի: