Վարչապետ Փաշինյանը Ֆեյսբուքում շարունակում է «հատիկ առ հատիկ» խորագրի ներքո ազդարարել, թե ինչ գույք է վերադարձրել պետությանը, երբեմն այնպիսի օրինակներ բերելով, որոնք արժանանում են օգտատերերի քննադատությանը:
«Մեծերից չի ստացվում, էլի ընկաք քյասիբների հետևից», - գրել է օգտատերերից մեկը:
«Քոչարյանի, Սարգսյանի և մյուսների միլիարդները թող մնա ու էլի ավելանա, ընկեք ավտոտնակների հետևից, նայեք՝ էլ ով ինչ ունի», - նշել է մեկ ուրիշը:
Օրերս վարչապետին ոգևորել էր դեռ 2023 թվականի վերջին ուժի մեջ մտած մի վճիռ, որով քաղաքացին համաձայնել է պետությանը տալ իր գույքը՝ մայրաքաղաքի Վաղարշյան 1 հասցեում գտնվող, 5 միլիոն դրամ արժեցող ավտոտնակը:
Այդ հասցեում բազմաթիվ ավտոտնակներ կան: Թե կոնկրետ որն է հիմա պատկանում պետությանը, պարզել չկարողացանք. բակում ապրողները պնդում էին, թե անտեղյակ են թեմայից:
Երևանի բնակիչն իր կամքով է համաձայնել ավտոտնակն ու ընտանիքին պատկանող գույքը՝ «Ռենջ ռովեր» (Range rover) մակնիշի ավտոմեքենան, ավելի քան 7 հազար դոլարը հանձնել պետությանը: Սա կոչվում է հաշտության համաձայնություն, իսկ այդ դեպքում դատարանը հիմնական քննություն չի անցկացնում:
«Բառիս բուն իմաստով հատիկ առ հատիկ է։ Եթե տենց ձեզ դուր չի գալիս, ուրեմն՝ «Ռենջ ռովեր» առ «Ռենջ ռովեր» ենք վերադարձնելու, «Բրաբուս» առ «Բրաբուս», «Յաշիկ» առ «Յաշիկ», - հայտարարել էր վարչապետը։
Մեկ այլ վճիռ էլ կա, նորից հաշտությամբ հաստատված: Դրանով քաղաքացուց հօգուտ պետության վերադարձվել է Ավանում գտնվող մի սպորտային կենտրոն: Այս վճիռն էլ կայացվել է ուղիղ մեկ տարի առաջ: Այս դեպքում ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված քաղաքացին պետությանն է տվել 5 միլիոն դոլարի իր սեփականությունը:
Փաշինյանի խոսքով հեշտ չէ, քանի որ հոգ են տանում պետության մասին
Չնայած հատիկ առ հատիկ հեշթեգով պարբերական գրառումներին, վարչապետն այսօր խորհրդարանում ընդունեց, որ արագ արդյունքի չեն հասել. «Բայց հեշտ չի ոչ թե նրա համար, որ մենք հոգ ենք տանում թալանչիների համար, մենք հոգ ենք տանում մեր պետության համար»:
Փաշինյանի խոսքով՝ իրենք ուզում են, որ կայանանան ինստիտուտները, ոչ թե որոշեն ու անեն՝ ինչ ուզեն, ինչպես՝ մի շարք երկրներում:
Իրավապաշտպանը Փաշինյանի այս ակտիվության մեջ երկու պատճառ է տեսնում
Մինչ վարչապետը խոսում է համակարգի կայացումից, իրավապաշտպանները նրա իշխանության քայլերը որակում են դանդաղ ու անարդյունավետ:
Ինչո՞ւ է վարչապետը հատկապես վերջին ամիսներին նման ակտիվություն դրսևորում՝ նշանավորելով մի ավտոտնակի, մի հողակտորի վերադարձը պետությանը: Սա այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը երկու տարուց ավելի է քննում է՝ արդյո՞ք Փաշինյանի օրոք ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը:
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը երկու շարժառիթ է տեսնում. առաջինը՝ հանրության ուշադրությունը պահել խնդրի վրա հատկապես նախընտրական շրջանում: Երկրորդ պատճառն, ըստ Հովհաննիսյանի, Սահմանադրական դատարանն է:
«Ամբողջ հեղափոխության և նախընտրական ժամանակահատվածում խոսվել է նրա մասին, որ թալանչիները, նախկին ղեկավարությունը փորձել է հանրային գույքը կարծես թե յուրացնել և հարստանալ հանրության միջոցներով, և այդ գործընթացը հեղափոխության ակնյունաքարային գործընթացներից մեկն էր, որը որպես այդպիսին մինչև այսօր չի իրականացվել», - ասաց իրավապաշտպանը՝ շարունակելով, - «ՍԴ-ի վրա ուշադրություն գրավելն է, որպեսզի ՍԴ-ն կարծես այն որոշումը չկայացնի, որը կտապալի հեղափոխական խոստումը»:
Արդեն տասն օր է, ինչ Բարձր դատարանը խորհրդակցական սենյակում է: Դատարանից ամիսներ շարունակ չեն պարզաբանում, թե ինչու իրենց քննության ընթացքում չեն կասեցրել օրենքի կիրառումը, այնինչ այս ընթացքում դատախազությունը շարունակում է մեկը մյուսի հետևից բողոքներ ուղարկել դատարան, պահանջել ապօրինի որակել անցած 30 տարիներին ունեցվածք կուտակածների, այդ թվում՝ նախկին պաշտոնյաների գույքն ու փողերը:
Ամեն գործով տարբեր հաշվարկներ են իրականացվում, հստակ մոտեցում չկա. փաստաբան
«Հաշվարկի հստակ մեխանիզմ չկա, ամեն գործով տարբեր հաշվարկներ են իրականացվում, հստակ մոտեցում չկա, թե կոնկրետ այս կամ այն համանման ապացույցները ինչպես պիտի գնահատվեն, որովհետև տարբեր գործերով էլի տարբեր մոտեցումների ենք ականատես լինում», - «Ազատությանն» ասաց Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Վարազդատ Ասատրյանը:
Պաշտոնյաների թալանածը հետ բերելու խոստումով 2020-ին ընդունված օրենքը հնարավորություն է տալիս Դատախազությանը հետ գնալ մինչև 1991 թվականն ու ստուգել՝ արդյո՞ք պաշտոնյան օրինական ճանապարհով է հարստացել: Փաստաբաններն ու ընդդիմադիրները նկատում են՝ եթե օրենքը որակվի հակասահմանադրական, գույքից զրկվածները կարող են փոխհատուցում պահանջել՝ ընդհուպ հասնելով Եվրոպական դատարան:
Լավ գաղափար, վիճահարույց օրենք, հավելեց Վարազդատ Ասատրյանը:
Մինչև օրս կայացված 12 վճիռներով պետությանն է վերադարձվել ավելի քան 17 միլիոն դոլար։ Անցած տարիներին դատարան են ուղարկել 136 հայցադիմում՝ ավելի քան 527 միլիարդ դրամի, նաև 270 շարժական, 1381 անշարժ գույքի բռնագանձման պահանջով: