Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպումն ուղեկցվեց երկրպագուների խմբերի ակցիաներով. պահանջում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը։
Վերջին շաբաթներին ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականի պահանջով ակումբային մասշտաբի ցույցերն առաջին անգամ տեղափոխվեցին արդեն հավաքականի մակարդակ։ Խաղի ընթացքում ի նշան բողոքի՝ երկրպագուները ճայթռուկներ պայթեցրին, մարզադաշտը ծխով պատվեց։ Չի բացառվում, որ ՈՒԵՖԱ-ն այս միջադեպերի համար տուգանի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։
Արդեն հինգ տարի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Մելիքբեկյանն, արձագանքելով իր հրաժարականի պահանջին, ասել էր, թե Ֆեդերացիան արել է հնարավոր ու անհնար ամեն ինչ լավ արդյունքներ ունենալու համար։ Նշել՝ հասկանում է ֆուտբոլասերների դժգոհությունը, բայց վերջնագրերով խոսելու գործելաոճը չի ընդունում։
Երկրպագուները Մելիքբեկյանի հրաժարականը պահանջում են հավաքականի իրար հաջորդող պարտություններից հետո, ասում են՝ ակցիաները շարունակելու են մինչև իրենց նպատակին հասնելը։
Երեկ սեփական հարկի տակ 0։1 հաշվով Ֆարերյան կղզիներին պարտվելուց հետո ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանն ասաց. - «Երկու խաղակեսում էլ թիմն ուներ առավելություն, ստեղծեց գոլային պահեր, ուղղակի չկարողացանք վերածենք գոլի։ Եթե ստատիստիկան էլ նայեք, կտեսնեք ՝ինչքան հարված է եղել դարպասին, ցավոք, ֆուտբոլում դա արդեն երկրորդային է դառել։ Կարող ես ունենալ առավելություն, բայց պարտվես»։
Սա հավաքականի այս տարվա վերջին տնային խաղն էր, իսկ նոյեմբերի 17-ին տեղի կունենա Լատվիա-Հայաստան խմբային փուլի վերջին հանդիպումը։
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի 5 տուրերից հետո առաջատարը Հյուսիսային Մակեդոնիան է, Հայաստանի ընտրանին 4 միավորով 3-րդն է։