Մատչելիության հղումներ

Որտե՞ղ եք տեսել, որ մենք Կոկա-կոլա կամ գինի ենք վաճառում. Շիրակի թեմի առաջնորդ


Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, արխիվ
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, արխիվ

Մերկապարանոց ու կեղծ մեղադրանքներ. կաթողիկոսի գլխավորությամբ անցկացված ժողովից հետո առաքելական եկեղեցու եպիսկոպոսներն ու թեմերի առաջնորդները երեկ այսպես արձագանքեցին իշխանությանը։ Վարչապետի հրաժարականի պահանջով Տավուշի թեմի առաջնորդի սկսած շարժումից հետո վերջին օրերին եկեղեցու հարկման թեման չի իջնում քաղաքական ամբիոններից։ Այս մասին խոսել է թե՛ վարչապետը, թե՛ խորհրդարանի խոսնակը։ Առաքելական եկեղեցուց հիշեցնում են՝ իրենք հարկվում են։

«Որտե՞ղ եք Կոկա-կոլա ռեստորան տեսել, մեկը կատակով գրել էր՝ «մտա եկեղեցի, մոմավաճառից Կոկա-կոլա ուզեցի, չկար»։ Էդ որտե՞ղ եք տեսել, որ մենք Կոկա-կոլա կամ գինի ենք վաճառում։ Եթե նույնիսկ կա մի կրպակ, որտեղ Կոկա-կոլա կամ գինի է վաճառվում, եկեղեցապատկան կրպակ, մեր թեմում չկա, այնտեղից, բնականաբար, հարկ վճարվում է», - ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Մայր Աթոռի ունեցվածքն ու գործարքները մասնակի են հարկվում՝ եկեղեցին հարկային արտոնություններ ունի, այդուհանդերձ կառույցը, ըստ Պետեկամուտների կոմիտեի, 1000 խոշոր հարկատուների ցանկում 488-րդ տեղում է։ Շիրակի թեմի առաջնորդը եկեղեցու հարկման թեման այս պահին օրակարգ բերելը հարկային տեռոր կամ ռեպրեսիա է համարում։ Պնդում է՝ եկեղեցին թափանցիկ կառույց է։

«Բայց թափանցիկ է չի նշանակում՝ իրենց պիտի հաշվետու լինի, իրենք ո՞վ են, որ իրենց հաշվետու պիտի լինի», - շեշտեց նա։

Վարչապետը մինչդեռ օրերս խորհրդարանում հենց թափանցիկության թեման էր առաջ բերել, հիշեցրել, որ ստվերում դրամաշրջանառություն չթողնելու համար եկեղեցուն հարկելու թեման 2018-ի հեղափոխությունից հետո իշխանությունների օրակարգում եղել է, բայց պնդել էր, թե եկեղեցին մերժել է։

Ի դեպ, Պետեկամուտների կոմիտեն այն ժամանակ ղեկավարած Դավիթ Անանյանն «Ազատության»-ն ասել էր, որ եկեղեցու մասամբ հարկման սխեմաներում 2018-ից հետո ոչինչ չի փոխվել, իրենք հարցն ուսումնասիրել են ու համարել, որ ժամանակը չէ։ Արքեպիսկոպոսն ասում է՝ եթե եկեղեցու նկատմամբ իշխանության գործելաոճը այսպես շարունակվի, իրենք էլ խորհրդային տարիներին եկեղեցուց բռնագանձված ունեցվածքը կպահանջեն։

«Եթե իրենք հարկահավաքությունը դարձնում են առաջնային և հայ եկեղեցու հետ շփվում են իբրև հարկատուի, ուրեմն հայ եկեղեցին էլ իրենց հետ կշփվի իբրև պահանջատեր», - ասաց նա։

1700-ամյա եկեղեցին նվիրատվություններով է ապրում, գումարով կնունք ու հարսանիք անելն էլ նվիրատվություն է, որը չի հարկվում, ասում է Շիրակի թեմի առաջնորդը։ Իշխանությունը մինչդեռ կարծում է՝ եկեղեցին տնտեսական հիմնարկի է վերածվել։ Սրբազանն ընդգծում է՝ ծիսական նշանակության ապրանքները՝ մոմը, կրոնական գրականությունը, հուշանվերները, խունկը օրենքով չեն հարկվում։ Օրինակ է բերում մոմի հումքի՝ պարաֆինի ներկրումը։

«Միշտ էլ պարաֆին ներկրել է Հայ առաքելական եկեղեցին սովետական միության տարիներին, Սովետական միությունից առաջ և ոչ մի անգամ պարաֆինի համար հարկ չի վճարել։ Հիմա անկախ Հայսատանում որոշ սինլքորներ ասում են՝ հա, պիտի վճարեն, որ դրանով պիտի բանակ պահենք։ Բանակ պահելու համար եկեղեցին փող տվել է, տալիս է ու էլի կտա», - ասաց սրբազանը։

Արդյոք իշխանությունը խոսքից գործի կանցնի ու կվերանայի եկեղեցու հարկման սխեմաները, առայժմ պարզ չէ, այդ մասին կոնկրետ հայտարարություններ չեն հնչել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG