«Հերիք էղավ, էլի». - խորհրդարանի ղեկավարը զայրացած է, եկեղեցին աշխարհի հայերից փող է հավաքում՝ հարստանում, մոմ ու Coca Cola ծախում. - «Գինի ծախել, գինու, բանը, ռեստորաններ ունենալ ու հարկ չվճարեն: Ես ուզում եմ հասկանամ՝ ինչի՞ պիտի իրանք հարկ չվճարեն», - հայտարարեց Ալեն Սիմոնյանը երեկ Ազգային ժողովի նիստի ժամանակ:
«Եկեղեցականը, որի թաթիկը համբուրում ենք, օրենքից բարձր է, հասարակ գործարարը, որ Հայաստանի անվտանգությունն է ֆինանսավորում իր վճարած հարկերով՝ ոչ», - շարունակում է զայրանալ Սիմոնյանը։
Մայր Աթոռից այս ամենը անտեղյակություն, սուտ ու պոռոտախոսություն են որակում։ Դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է արձագանքել. - «Եթե խոսելուց առաջ չի ստացվում, գեթ պետք է փորձել դրանից հետո մտածել: Նույնիսկ այդ դեպքում դժվար չէր լինի տեղեկանալ, որ եկեղեցու՝ հարկեր չվճարելու մասին պնդումները մեղմ ասած սուտ են»:
Օրենսդիր մարմնի ղեկավարն առավոտից թեման թեժացնում է տելեգրամյան ալիքում՝ նա Հարկային օրենսգրքից, պետության ու եկեղեցու հարաբերությունների մասին օրենքից հոդվածներ է ներկայացրել, որոնցով եկեղեցին մասամբ ազատված է հարկերից։ Անհասկանալի է մնում, թե ինչու է օրենսդիր մարմնի ղեկավարը եկեղեցու՝ օրենքով վերապահված արտոնությունից օգտվելը համարում իրեն օրենքից վեր դասել։
Իշխանականները եկեղեցին տնտեսական հիմնարկ են անվանում վերջին շաբաթներին, ավելի կոնկրետ՝ այն պահից, երբ Մայր Աթոռի արքեպիսկոպոսը քաղաքական պահանջներով Հանրապետության հրապարակ մտավ:
«Մտնում ես եկեղեցի, մի վեդրո ջուր են լցնում մոմի տակ, որ հանկարծակի էդ մոմի էսքանը մնա, որ հալացնեն, նորից մոմ սարքեն վաճառեն: Տնտեսական հիմնարկ ա դառել», - հայտարարեց ԱԺ նախագահը:
Հայ Առաքելական եկեղեցու կրոնական շենքերը, նաև հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիներն ազատված են գույքահարկից։ Այդ հարկատեսակը չեն վճարում նաև այն շինությունների համար, որտեղ եկեղեցական, ծիսական պարագաներ են արտադրում կամ վաճառում։ Կառավարությունն է հաստատում այս շինությունների ցանկը։ Կրոնական պարագաների վաճառքը, ներառյալ՝ չարչրկված մոմը, ազատված է ավելացված արժեքի հարկից։ Հայաստանյան օրենսդրությունը այլ արտոնություններ էլ ունի հոգևորականների համար, օրինակ՝ դրսի թեմերում հոգևոր ծառայությունն ավարտելուց հետո իրենց ապրանքը կարող են Հայաստան տեղափոխել առանց հարկ վճարելու:
Եկեղեցու հարկման թեմայով վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ հինգ տարի առաջ է խոսել՝ հենց Վեհափառի հետ աշխատանքային ջերմ հանդիպման ժամանակ:
«Հաջորդ խնդիրների խումբը վերաբերվում է հարկային հարաբերություններին: Օրինակ՝ կա խնդիր անշարժ գույքի հետ կապված, գույքահարկի հետ կապված, և մենք պետք ա հասկանանք, թե էստեղ ինչ մոտեցում ունենք», - ասել էր վարչապետը:
Պետեկամուտների կոմիտեն այդ ժամանակ ղեկավարում էր Դավիթ Անանյանը։ Այսօր նրանից տեղեկացանք, որ եկեղեցու մասամբ հարկման սխեմաներում 2018-ից հետո ոչինչ չի փոխվել, իրենք հարցն ուսումնասիրել են ու համարել՝ ժամանակը չէ։
«Եզրակացությունը հետևյալն էր, որ կան երկրներ, կան եկեղեցիներ, որոնք որ ավելի ոչ բարվոք, կարելի է էսպես ձևակերպել, հարկային ռեժիմում են գտնվում, բայց ելնելով Հայ Առաքելական եկեղեցու բացառիկությունը՝ Հայ Առաքելական եկեղեցու հարկման կամ չհարկման հարցը քննարկելը ժամանակավրեպ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՊԵԿ նախկին ղեկավարը:
Ըստ Անանյանի՝ Երրորդ Հանրապետության առաջին օրից Հայ Առաքելական եկեղեցին հարկային արտոնություններ է ստացել, և դրա հիմքում հենց Սահմանադրությամբ արձանագրված՝ եկեղեցու բացառիկ դերն է։ Տնտեսագետը շեշտում է՝ այժմ եթե քաղաքական ամբիոնից հնչած հայտարարություններին հետևեն եկեղեցուն արտոնություններից զրկելու օրենսդրական փոփոխություններ, դա քաղաքական հաշվեհարդար կդիտվի, ոչ թե հարկային ռեֆորմ։
Եկեղեցու հարկային արտոնությունները պահպանե՞լ, թե՞ ոչ. քաղաքացիներն այս հարցին միանշանակ պատասխան չունեն:
Ի դեպ, Մայր Աթոռի ունեցվածքն ու գործարքները թեպետ մասնակի են հարկվում, այնուամենայնիվ կառույցը 1000 խոշոր հարկատուների ցանկում է՝ 488-րդ տեղում, այս տարվա առաջին երեք ամիսներին բյուջե է վճարել 147 միլիոն 475 հազար դրամ, մեծ մասը՝ շուրջ 119 միլիոնը եկամտահարկ է, 348 հազար դրամ ավելացված արժեքի հարկ է վճարել, ենթադրվում է՝ ոչ կրոնական գործարքի համար։