Մատչելիության հղումներ

Վարչապետին անվստահություն հայտնելու առաջին փուլն ընդդիմադիրները հաղթահարել են. Բագրատ սրբազան (լուսանկարներ)


«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում, Երևան, 12-ը մայիսի, 2024թ.
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում, Երևան, 12-ը մայիսի, 2024թ.

21։00

Տավուշի թեմի առաջնորդը նշեց, որ վարչապետի իրենց թեկնածուն չի կարող լինել որևէ կուսակցության կամ խմբի անդամ։

Ասաց՝ ինքը պատրաստ է ցանկացած պատասխանատվություն ստանձնել՝ ցանկացած աստիճանի՝ Վեհափառի օրհնությամբ, ժողովրդի ցանկությամբ։

Ապա ներկայացրեց վաղվա անելիքները. - «Վաղն առավոտյան ժամը 08։00-ից տոտալ փորձում ենք դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնենք ամբողջ քաղաքը և Հայաստանի Հանրապետության մյուս մարզերը՝ անհամաձայնություն հայտնելով ստին ու չարիքին»։

20։32

Բագրատ սրբազանը հայտարարեց, որ հանդիպել է «Պատիվ ունեմ» խմբակցությունից դեռևս 2021 -ին դուրս եկած պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ։

«Վերջինս որոշակի մտածումներով չի մերժել միանալու այս գործընթացին։ Ես ենթադրում եմ, որ առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը։ Մնացել է կարևոր երկու հարցերի լուծումը՝ վարչապետի թեկնածուի և պակասող 18 պատգամավորների աջակցության հարցը։ Առաջիկա օրերին մենք պետք է լուծենք նաև այս հարցը», - ասաց նա։

Վարչապետին անվստահություն հայտնելու Ազգային ժողովի որոշման նախագիծ խորհրդարան ներկայացնելու համար առնվազն 36 պատգամավորի ստորագրություն է անհրաժեշտ։ Ընդդիմադիր «Հայաստան» (29) և « Պատիվ ունեմ» ( 6) խմբակցությունները միասին ունեն 35 պատգամավոր: Այսինքն՝ նախագիծը խորհրդարան ներկայացնելու համար անհրաժեշտ է ևս մեկ պատգամավորի ստորագրություն։

Իմփիչմենթը կյանքի կոչելու գործընթացը քննարկման փուլում է, «Ազատության»-ը փոխանցել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկանը։

ՔՊ-ականներն «Ազատության» հետ զրույցում բացառել էին, թե իրենցից որևէ մեկը կմիանա իմփիչմենթի գործընթացին։

20։18

Սրբազանը հայտարարեց, որ փաստացի բարոյապես և քաղաքականապես չլինելով ժողովրդի իշխանություն՝ վարչապետ Փաշինյանը պետք է հեռանա։ Նրան մեղադրեց ստախոսության, կեղծ թեզեր կիրառելու, հայ եկեղեցու դեմ հալածանքի, ատելության մշակույթի տարածման, պատերազմի սպառնալիք բերելու, բանակի ստորացման համար։

Խոսելով իրենց մյուս պահանջի մասին՝ Բագրատ Գալստանյանն ասաց, որ այս շարժումը դեմ չէ սահմանագծմանը և սահմանազատմանը, սակայն գտնում է՝ այն պետք է տեղի ունենա խաղաղության պայմանագրի կնքումով և ապա սահմանագծմամբ ու սահմանազատմամբ՝ ըստ Հայաստանի օրենքների, միջազգային պայմանագրերի՝ երաշխավորների ներգրավմամբ և համապարփակ, ամբողջական մեկ փաթեթով։

«Այս գործընթացը պետք է դադարեցվի», - ասաց նա նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, հայտարարել է, թե սահմանազատման կասեցման պահանջ ներկայացնողները պատերազմ են հրահրում Հայաստանի դեմ և սպառնում են ՀՀ ինքնիշխանությանը։

Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են» Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։

Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Կոորդինատների հստակեցումը պիտի ձևակերպվի արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024թ. մայիսի 15-ը, ինչից հետո այդ հատվածներում սահմանագիծը կհամարվի սահմանազատված։

20։07

Բագրատ սրբազանը հարթակից ողջույններ հղեց ու շուտափույթ վերադարձ մաղթեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս ռազմագերիներին։

«Մեր ամոթն է իրենց այնտեղ գտնվելը»,- ասաց արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նա շեշտեց՝ այսօր դուրս է եկել պայքարի, որովհետև. - «Մենք ապրում ենք գողացված ուրախության և անպատվության ժամանակներում, երբ կորսված է մեր հայրենիքի չքնաղ, խտացված ազատությամբ լեցուն հատվածը, իմ և ձեր բոլորի սիրելի Արցախ աշխարհը»։

19։19

ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյան
ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյան

Վերջին հանրահավաքին Բագրատ սրբազանը խնդրել էր մի շարք նախկին դիվանագետների ներկայացնել Ադրբեջանի հետ բանակցությունների հայեցակարգ։

ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը ներկայացրեց մշակված փաստաթուղթը՝ նախ նշելով, որ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելը հակաիրավական է և քրեորեն պատժելի։

«Սահմանազատման գործընթացի համար իրավական հիմք է ծառայում բանակցող կողմերի համատեղ ընդունված մեթոդաբանությունը՝ հիմնվելով վավերական և իրավական ուժ ունեցող ԽՍՀՄ ներպետական ակտերի վրա։ Հետևաբար, Ալմա-Աթայի հռչակագիրը որևէ կերպ չի կարող նման հիմք հանդիսանալ, քանի որ չի պարունակում սահմանային որևէ նկարագիր։ Հռչակագիրը ենթադրում է միմյանց նկատմամբ տարածքային հավակնություններ չներկայացնելու պահանջը», - ասաց նա։

Վահագն Մելիքյանն ընդգծեց, որ հռչակագրին կցված չեն քարտեզներ։

Նա հայտարարեց, որ պետք է բացառել հայկական զինված ուժերի ցանկացած նահանջ կամ դիրքային փոփոխում մինչև հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական սահմանազատման և սահմանագծման գործընթացի ավարտը։ Նա շեշտեց՝ սահմանազատման և սահմանագծման համար առաջին հերթին անհրաժեշտ է միջպետական համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ վավերացրած խորհրդարանների կողմից։

«Եթե այդ գործընթացի ընթացքում ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ ՀՀ որևէ տարածք կարող է անցնել Ադրբեջանին, ապա հարցը պետք է դրվի հանրաքվեի։ Ուստի, եզրակացությունը մեկն է՝ այդ գործընթացն անօրինական է և հակասահմանադրական», - հայտարարեց Մելիքյանը։

Դիվանագետի խոսքով՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ են ձեռնարկել ՀՀ արտաքին քաղաքական նշակետը աներկբայորեն կայուն և տևական խաղաղության շուրջ չընդհատվող և համապարփակ բանակցությունները՝ բոլոր առաջնահերթ հարցերի օրակարգով։

Նպատակ ունենալով բացառել պատերազմի հավանականությունը՝ Հայաստանի նոր իշխանությունը՝ ի դեմս նոր բանակցողի, պետք է սթափ գնահատական տա առկա իրավիճակին և ձերբազատվի ժողովրդի թիկունքում ձեռք բերված բանավոր պայմանավորվածություններից, միաժամանակ ներգրավվի կառուցողական և փոխշահավետ բանակցություններում, ներկայացրեց նա։ Վահրամ Մելիքյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է նաև բացառել արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերն ու դիրքավորումները, վերականգնել ռազմավարական հարաբերությունները դաշնակիցների հետ, խորացնել գործընկերությունը ուժային այլ կենտրոնների հետ։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանն «Ազատության» հետ զրույցում ավելի վաղ անդրադարձել էր հնարավոր առաջարկներին։

«Ջանքը, առաջարկներ ներկայացնելը կառավարությանը ես լավ եմ գնահատում, դա ավելի լավ է առնվազն, քան կառավարությանն ուլտիմատում ներկայացնելն ու դրանից մի քանի օր հետո միայն ինչ-որ ծրագիր կազմելու գործընթաց սկսելու մասին խոսելը, բայց չեմ կարծում, թե Վարդան Օսկանյանը որևէ նոր բան ունի տալու Հայաստանի դիվանագիտությանը», - ասել է ՔՊ փոխնախագահը։

19։03

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյան

«Սա մաքուր հայկական ազգային, սրտով, հոգով, էությամբ շարժում է։ Սպասարկում է մեր ազգային ու պետական շարժերը։ Ու գիտեք՝ ինչո՞ւ են բոլորը խառնվել իրար, որովհետև սա միավորել է տարբեր մարդկանց, քաղաքական հոսանքներին մեկ նպատակի շուրջ՝ հայրենիք ունենալու նպատակի շուրջ, պատիվ ունենալու նկատակի շուրջ», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նրա խոսքով՝ այս օրերին դրսևորել են բացառիկ համերաշխություն թե կուսակցությունների, թե քաղաքական տարբեր հոսանքների միջև։

«Այսօր մեր առջև խնդիր է դրված՝ լինել Արևմտյան Ադրբեջան, թե Հայաստան։ Մենք ընտրում ենք Հայաստանը։ Մենք ընտրում ենք արժանապատիվ խաղաղությունը, մենք ընտրում ենք հայեցի լինելը, մեր հող ու ջրին տեր լինելը», - շեշտեց նա։

19։00

Հրապարակի բեմում զոհված զինվորների ծնողներն են։

Հանրահավաքը մեկնարկեց պետական օրհներգով ու աղոթքով։

18։30

Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։

Այս կեսօրին լրագրողների հետ զրույցում շարժումը գլխավորող Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասել էր, որ կարևոր ուղերձներ են սպասվում։

Շարժումը պահանջում է հատվածական սահմանազատման կասեցում ու վարչապետի հրաժարական։

Իշխանությունները շեշտում են, որ այս հավաքները փորձ են՝ ապօրինի ճանապարհով հեղաշրջում իրականացնելու։ Վարչապետի անվստահության գործընթացի նախաձեռնությունն էլ գնահատում են «զուրկ քաղաքական բովանդակությունից»։

XS
SM
MD
LG