Մատչելիության հղումներ

Էրդողանն ընդունել է BRICS -ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ընդունել է BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը, տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ամենամյա գագաթնաժողովը հոկտեմբերի 22-24-ը անցկացվելու է Կազանում։

Bloomberg կայքը, վկայակոչելով իր աղբյուրները, ավելի վաղ գրել էր, որ Թուրքիան ամիսներ առաջ դիմել է այդ կազմակերպությանը անդամակցելու համար։ Անկարան ոչ հաստատում, ոչ հերքում է այդ լուրը։

Եվրամիության արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն այսօր Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ Թուրքիան, ինչպես և ցանկացած այլ երկիր, իրավունք ունի որոշելու, թե միջազգային ինչ բլոկի է ցանկանում միանալ, սակայն Թուրքիան Եվրամիությանը անդամակցելու թեկնածու երկիր է, և ակնկալում են, որ կհետևի ԵՄ սկզբունքներին։

Պետեր Ստանոն նշել է, որ ԵՄ-ն և BRICS-ը բոլորովին տարբեր են իրենց նպատակներով, կառուցվածքով և ընդհանրապես ամեն ինչով։

Խումբն ընդլայնվելու գործընթաց է սկսվել։ Ադրբեջանը վերջերս պաշտոնապես դիմել է այդ կազմակերպությանը անդամակցեկլու համար, և հնարավոր է Կազանում որոշում ընդունվի։ Պեկինը և Մոսկվան ձգտում են BRICS-ը վերաձևավորել Արևմուտքի դեմ դաշինքի։

BRICS -ը ստեղծվել է 2006 թվականին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի կողմից և այդ երկրների անվանումների առաջին տառերի միավորումով սկզբում կոչվում էր BRIC: BRICS-ի այն վերածվեց 2011 թվականին, երբ խմբին միացավ Հարավային Աֆրիկան: Այս տարվա հունվարին տեղի ունեցավ ամենախոշոր համալրումը՝ անդամ դարձան նաև Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եթովպիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG