Մատչելիության հղումներ

Տրանսպորտը Երևանում գործում է. հիմնական փողոցներն, ըստ քաղաքապետարանի, անցանելի են


Երևանի փողոցներում տրանսպորտը աշխատում է, ավտոբուսները երթևեկում են, փոխանցում է «Ազատության» թղթակիցը, որ մայրաքաղաքի մի քանի հատվածներում է շրջել առավոտից:

Թե ինչ ինտենսիվությամբ է գործում տրանսպորտը, ինչ խափանումներով, բարդ է նշել: Սակայն, ուղևորահոսքը այսօր ենթադրաբար ավելի նվազ կլինի, քան երեկ, քանի որ դպրոցներում դաս չկա, իսկ որոշ բուհեր դասապրոցեսն անցկացնում են հեռավար:

Երեկ երեկոյան պատկերը ամբողջ քաղաքում շատ ծանր էր՝ մարդիկ ժամերով տրանսպորտ էին սպասում, ավտոբուսներն էլ կանգնում էին, հրաժարվում երթևեկել՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Կանգառներում սպասող մարդկանց թիվն այսօր առավոտյան մեծ չէր:

Երևանի քաղաքապետարանից էլ տեղեկացնում են, որ մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են: Ողջ գիշեր աշխատանքների իրականացմանը ներգրավվել է ընդհանուր թվով 80 հատուկ մասնագիտացված և այլ տեխնիկա, ինչպես նաև 300 աշխատակից:

Այս պահին աշխատանքները շարունակվում են նաև քաղաքի երկրորդական փողոցներում, մայթերում և աստիճանահարթակներին, վստահեցնում են քաղաքապետարանից:

XS
SM
MD
LG