Երեկ կեսգիշերից տեղացող առատ ձյունը հազարավոր մեքենաներ է արգելափակել Լարսի ճանապարհներին: Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդ Վահան Հակոբյանի հետ ամբողջ օրվա ընթացքում կապ հաստատել չհաջողվեց: Բայց Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի հաղորդմամբ՝ տարբեր երկրների շուրջ 2 հազար բեռնատարներ են մնացել խցանման մեջ, ավելի քան 500-ը՝ հայկական:
«Ազատությանը» տեղից տեսանյութեր ուղարկող հայ վարորդներն ասում են՝ ինտերնետ կապը մի կերպ են որսում, հեռախոսներով էլ աշխատում են շատ չխոսել, որովհետև դրանք հետո չեն կարող լիցքավորել:
«Ճամփեն փակ ա, ֆուռերը շարված են ... »:
Վրացական կողմի տվյալներով՝ թե՛ բեռնատար և թե՛ մարդատար մեքենաների համար անանցանելի են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածները: Կա ձնահոսքի բարձր վտանգ:
Հերթերում մնացած վարորդներն ինստագրամյան և տերելգրամյան խմբերում տեղից տեսանյութեր են հրապարակում, Գուդաուրիում ձյունն արդեն ծածկում է մեքենաները.
«Իրավիճակը Գուդաուրիում՝ 20-ը փետրվարի, 2025թ., ահա այսպես է ձյունը նստել մեքենաների վրա ... »:
«Ռուսաստանի կողմից Վրաստան տանող ճանապարհը փակ է ... »:
Երեկ կեսգիշերից վարորդներն իրար հորդորում են՝ անգամ եթե նկատում են, որ ճանապարհի որոշ հատվածներ բաց են, միևնույն է, ռիսկի չդիմել ու չերթևեկել.
«Ահա ինչ է կատարվում ոլորանում: Եթե այսպես շարունակվի, լավ այստեղ չմտնել, երևի կփակեն, որովհետև նախավերջին թունելից հետո մի կերպ բարձրացանք, բայց ձյունը չի դադարում: Էնպես որ, լավ է խուսափել ու չերթևեկել ... »:
«20-ն է փետրվարի, Մոսկվայի ժամանակով 14:05 է, մենք Վերին Լարսում ենք՝ ռուսական կողմից: Այստեղ հսկայական հերթ է, ճանապարհը փակ է, ոմանք դեռ երեքշաբթի օրվանից են կանգնած հերթում, ոմանք արդեն գնացել են հյուրանոցներ: Ցուրտ է, շատ ցուրտ է ... »:
Բեռնատարների վարորդները փորձում են խնայել վառելիքն ու տաքանալու այլընտրանքային տարբերակներ են փնտրում.
«Փայտեր ենք հավաքում, վառում, ինչպես կարողանում՝ տաքանում ենք: Դիզվառելիքը վերջացել է, մեքենաները չեն տաքանում: Ցուրտ է, չորս օր է՝ ձյուն գալիս, ու դեռ հայտնի չէ, թե որքան կմնանք այստեղ ... »:
Պարբերաբար թարմացվող տվյալներով՝ Լարսում ճանապարհները դեռ փակ են մնում: Անանցանելի ճանապարհներ կան նաև Հայաստանում: Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ՝ Մաստարա-Լանջիկ հատվածում մեկ տասնյակից ավելի մեքենաներ են բախվել:
«Ըստ նախնական տվյալների՝ այս պահին կա չորս տուժած, դեպի Երևան ճանապարհը երկկողմանի փակվել է; Նշված հատվածում ծառայություն են իրականացնում Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատակիցներ, և ձեռնարկվում են միջոցառումներ ճանապարհահատվածը բացելու ուղղությամբ», - ասաց Սարգսյանը՝ շարունակելով. - «Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են ուժեղացված ծառայություն իրականացնել հանրապետության ճանապարհներին, և կրկին կոչ ենք անում երթևեկել ձմեռաին անվադողերով»:
Ձյան առատ տեղումները կշարունակվեն առաջիկա մի քանի օրերին: