Մատչելիության հղումներ

Ջալալ Հարությունյանն արդարացում է պահանջում, իսկ տուժողների հարազատները՝ ամենախիստ պատիժը


Վերաքննիչ դատարանում այսօր սկսվեց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործի քննությունը: Երկու ամիս առաջ առաջին ատյանը 50-ամյա գեներալ-լեյտենանտին մեղավոր էր ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար և դատապարտել 5.5 տարվա ազատազրկման:

Այս դատավճիռը, սակայն, ուժի մեջ չի մտել, դրա հետ համաձայն չեն ոչ միայն տուժողները, այլև հենց նախկին բարձրաստիճան զինվորականը: Երկու կողմն էլ վճիռը բողոքարկել է:

«Մենք մինչև վերջ պայքարելու ենք, որ բոլոր մեղավորները պատժվեն: Իրենք [պաշտպանական կողմը-խմբ.] մեղադրում են բոլորին, բացի Ջալալ Հարությունյանից», - ասաց հրետանավոր Հայկ Մելիքյանի մայրը:

Փետրվարին Գորիսի դատարանում «Ազատության» հետ զրույցում հրետանավոր Հայկ Մելիքյանի մայրը հույս էր հայտնել, որ Հարությունյանից հետո մյուսները ևս պատասխանատվության կենթարկվեն: Ցորի զորամասի դեպքով մեկ այլ մեղադրյալ էլ կա՝ հրետանային դիվիզիոնի պետ Գևորգ Գևորգյանը, նրա գործով դեռ վճիռ չկա: Մայրը պնդում է՝ առաջին մեղավորը հենց գեներալ-լեյտենանտ Հարությունյանն է:

Ծնողների փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հայտնեց՝ վերաքննիչից պահանջում են առավելագույն պատիժ տալ Հարությունյանին. - «8 տարի ժամկետով: Այո, ծանր հանցագործություն ա կատարվել»:

Ջալալ Հարությունյանը մեղադրվում է սխալ հրաման տալու համար: Իրավապահները պնդում են՝ հենց նրա գործողությունների հետևանքով է Ցորի զորամասի 20 զինվոր հայտնվել հակառակորդի թիրախում ու սպանվել, մեկն անհետ կորել, իսկ զորամասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանն առջևից եկող ադրբեջանցիներին որպես հայեր է ներկայացրել: Տուժողները պնդում են՝ Հարությունյանի սխալ հրամանը 20 կյանք է արժեցել, իսկ առաջին ատյանի սահմանած պատիժը համարժեք չէ Հարությունյանի արարքին:

«Եթե անփութության դեպքում, որի հետևանքը անդառնալի կորուստն է, տվյալ դեպքում մահն է, մի հոգում մահվան համար է, ըստ էության, էս հոդվածը, այստեղ ունենք 20 հոգու մահ, կարծում եմ, որ պետք ա պատիժն էլ համահունչ լինի», - նշեց փաստաբանը:

Ինքը՝ գեներալ Ջալալ Հարությունյանը, մեղքը չի ընդունում, ու ինչպես առաջին ատյանի դատարանից, վերաքննիչից ևս արդարացում է պահանջում:

«Ջալալ Հարությունյանը ասում է՝ ես ասել եմ՝ «հնարավոր է մերոնք լինեն, ես չէի կարող ասել, դրանք հաստատ մերոնք են, որովհետև ես դրա նախօրենին՝ մի քանի օր առաջ, մի քանի հրաման ունեմ դիվերսիոն խմբերի ներթափանցման մասին»: Ջալալ Հարությունյանը հրաման ունի, որ պետք է դիվիզիոնները զինվեն ինքնապաշտպանական խոշոր տրամաչափի զինատեսակներով, որովհետև դիվիզիոնները խոցելի են և թիրախում են դիվերսիոն խմբերի: Այս իրավիճակում ո՞նց կարա Ջալալ Հարությունյանը միանշանակ կերպով ասել՝ մերոնք են», - ասաց փաստաբան Արսեն Սարդարյանը:

Գեներալ-լեյտենանտի պաշտպան Արսեն Սարդարյանը չի հերքում, որ Հարությունյանն ասել է նման բան, պնդում է՝ պետք է քննեին դիվիզիայի հրամանատարության գործողությունները, որոնք առաջին պատասխանատուներն էին. - «Ի՞նչ է տեղի ունեցել, խմբավորումը տեսել են ու նույնիսկ նորմալ դիտարկում չեն արել, իրար մեջ փոխհամաձայնություն չեն արել, ամեն մեկը փորձել է իր խնդիրը կատարի: Հայկ Թովմասյանին պատրվակ էր պետք, որ այդտեղից նահանջեն, փախուստի դիմեն, ու առանց սպասելու Նորայր Հայրապետյանի հետ համաձայնեցնելուն, Հայկ Թովմասյանն անմիջապես ասել է՝ թողեք դիրքը»:

Ջալալ Հարությունյանը ծանր վիրավորվել էր 44-օրյա պատերազմի թեժ օրերին, ինչից հետո թողեց պաշտոնը: 4 ամիս անց նոր պաշտոն ստացավ՝ Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ։ Դատարանում նրա փաստաբանը պնդում էր՝ գեներալ-լեյտենանտի առողջությունը թույլ չի տալիս նրան ազատազրկել, պահանջում պաշտպանյալին փորձաքննության ենթարկել: Առաջին ատյանի դատարանը, սակայն, մերժել էր միջնորդությունը: Ջալալ Հարությունյանն առաջին բարձրաստիճան զինվորականն է, որի դատաքննությունն առաջին ատյանում ավարտվել է:

44-օրյա պատերազմի գործերով մեղադրյալի աթոռին են նաև Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը, պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը: Նրանք ևս մեղադրանքը չեն ընդունում:






Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG