44-օրյա պատերազմի գործով մեղադրյալ, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի համար դատախազն այսօր 6 տարվա ազատազրկում պահանջեց: Դատարանը վաղը կհրապարակի վճիռը: Գեներալ-լեյտենանտը մեղքը չի ընդունում:
Նախորդ նիստում Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար:
«Ականատես եղանք, թե տուժողների կողմից ինչ ճնշում կա, ամենայն հարգանքով իրենց վշտի նկատմամբ: Այս իրավիճակում, այս ճնշման տակ հավանաբար դատավորը գործի փաստական տվալներ, ապացույցներ դրել է մի կողմ ու մեղադրական վերդիկտ է կայացրել», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Սարդարյանը:
Ջալալ Հարությունյանը չցանկացավ պատասխանել «Ազատության» հարցերին, չցանկացավ նաև, որ դատական նիստը նկարահանվի:
Անչափաս երեխա, մի շարք պատվոգրեր ու խրախուսանքներ՝ Սյունիքի դատարանում որպես մեղմացնող հանգամանք էր ներկայացնում Հարությունյանի պաշտպանը: Նա նաև խնդրեց փորձաքննության ենթարկել Հարությունյանին, ասաց՝ առողջական խնդիրներ ունի: Արսեն Սարդարյանի խոսքով՝ 50-ամյա գեներալ-լեյտենանտի առողջությունը թույլ չի տալիս նրան ազատազրկել: Նա պատերազմի ժամանակ ծանր վիրավորվել էր, ինչից հետո թողել պաշտոնը:
«7 վիրահատության հետևանքով ամիսների ընթացքում հրամանատարը ի վերջո ոտքի է կանգնել: Այս անձի մոտ կան առողջական որոշակի խնդիրներ, ճիշտ է՝ նա ծառայության համար պիտանի է ճանաչված, բայց՝ սահմանափակումներով, և այս սահմանափակումների հիվանդությունները հստակ նշված են, թե ինչ հիվանդություններ են հայտնաբերվել: Այդ հիվանդությունները համապատասխանում են այն ցանկի հիվանդությանը, որը պատժի հետ անհամատեղելի է», - պնդեց Սարդարյանը:
Դատախազ Դավիթ Նավասարդյանը, սակայն, առարկեց, դատավորն էլ մերժեց փաստաբանի այս միջնորդությունը:
Ըստ մեղադրանքի՝ հենց Հարությունյանի գործողությունների հետևանքով են Ցորի զորամասի 20 զինվոր հայտնվել հակառակորդի թիրախում ու սպանվել:
Ջալալ Հարությունյանը, ըստ իրավապահների, սխալ հրաման է տվել, առանց ուսումնասիրելու` հայկական համազգեստով ադրբեջանցիներին յուրայինների տեղ է դրել: Այս սխալ տեղեկության հետևանքով հայ զինծառայողները հայտնվել են շրջափակման մեջ, սպանվել, իսկ զորամասն անցել է Ադրբեջանի հսկողության տակ։
«Որևէ ապացույց՝ բացի մեկ անձի ցուցմունքից, որ Ջալալ Հարությունյանի կողմից է ասվել՝ «մերոնք են», չկա: Ջալալ Հարությունյանն ասում է՝ «ես ասել եմ՝ պետք է որ մերոնք լինեն, կարող է մերոնք լինեն», ու եղել են դրա համար բավարար տվյալներ», - նշեց Արսեն Սարդարյանը:
Սպանված զինվորների հարազատները շարունակում են մեղադրել հենց Ջալալ Հարությունյանին:
«Իր բնականոն կյանքը շարունակում է, ես որևէ առիթ չեմ տեսնում հավատալու, որ նա այդպիսի ծանր հիվանդ է, որովհետև նաև մեկ տարուց ավել է մենք գալիս ենք Գորիս՝ գրեթե ամեն շաբաթ, շաբաթական կտրվածքով են նիստերը նշանակվել արագացված ընթացքով, և ինքը միշտ եղել է շատ առողջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց զոհված Հայկ Մելիքյյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը:
Նրանց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը ևս պնդում է՝ հենց գեներալ Հարությունյանն է հայտարարել, թե առջևից եկողները հայերն են, ոչ թե հակառակորդը:
«Ըստ իմ ունեցած այս պահի դրությամբ փաստական տվյալների՝ ինքը ասել է, որ «հանկարծ չկրակեք, մերոնք են», ու պարզվել է, որ հակառակը՝ դա թշնամու զորախումբ է եղել», - ասաց Սիմոնյանը:
Ջալալ Հարությունյանն առաջին բարձրաստիճան զինվորականն է, որի դատաքննությունը երկուսուկես տարի անց մոտեցավ ավարտին: 44-օրյա պատերազմի գործերով մեղադրյալի աթոռին են նաև Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը, պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը: Նրանք ևս մեղադրանքը չեն ընդունում: