Մատչելիության հղումներ

Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5.5 տարվա ազատազրկման. վճիռը բողոքարկելու է


Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5.5 տարվա ազատազրկման 44-օրյա պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար: Հարությունյանը մեղքը չի ընդունում և արդեն հայտարարել է, որ բողոքարկելու է:

«Կան մեղավորներ, բայց պարոն Հարությունյանը նրանց ցանկում չէ: Ունենք մի իրավիճակ, որ անձը, որ ստանձնել է ՊԲ հրամանատարի պատասխանատվությունն ու բեռը, դրա համար է պատասխան տալիս», - ասում է նրա փաստաբան Արսեն Սարդարյանը:

Գեներալ-լեյտենանտը կազատազրկվի, երբ վճիռն ուժի մեջ մտնի: Այժմ նրան արգելված է լքել Հայաստանը, ինչպես նաև կասեցված է նրա պաշտոնավարումը Պաշտպանության նախարարությունում: Հարությունյանն այս օրերին հրաժարվում էր հարցազրույցից, դեմ էր նաև, որ նիստը տեսանկարահանվի:

Մինչ Հարությունյանն ու նրա փաստաբան Արսեն Սարդարյանը դժգոհ են վճռից, տուժող կողմը գոհ է քննությունից:

«Մենք մինչև վերջ պայքարելու ենք, որ բոլոր մեղավորները պատժվեն: Իրենք {պաշտպանական կողմը-խմբ.} մեղադրում են բոլորին, բացի Ջալալ Հարությունյանից», - ասում է Նաիրա Մելիքյանը, ում որդին՝ Հայկը, դեռ անհետ կորած է, նա հրետանավոր էր:

Մայրը հույս ունի, որ Հարությունյանից հետո մյուսները ևս պատասխանատվության կենթարկվեն: Ցորի զորամասի դեպքով մեկ այլ մեղադրյալ էլ կա՝ հրետանային դիվիզիոնի պետ Գևորգ Գևորգյանը, նրա գործը դատարանում է: Մայրը պնդում է՝ առաջին մեղավորը հենց գեներալ-լեյտենանտ Հարությունյանն է:

«Այս բոլոր դրվագները հետևանք են Ջալալ Հարությունյանի խայտառակ հրամանի, որը ապացուցված է: Ինչքան էլ իրենք ասեն, որ այդպես չի ասել, ասել է՝ «հնարավոր է՝ մերոնք են» և այլն: Ես ասացի՝ ուրեմն, շատ հստակ լինեիր, քանի որ գործ ունեիք մարդկային կյանքերի հետ: Եթե սխալ է փոխանցվել, սկսեիք ծառայողական քննություն, ինչը դուք չեք արել, այլ կոծկել եք», - ասաց նա:

Ջալալ Հարությունյանը մեղադրվում է սխալ հրաման տալու համար: Իրավապահները պնդում են՝ հենց նրա գործողությունների հետևանքով է Ցորի զորամասի 20 զինվոր հայտնվել հակառակորդի թիրախում ու սպանվել, իսկ զորամասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:

Ըստ քննիչների՝ Հարությունյանն առջևից եկող ադրբեջանցիներին որպես հայեր է ներկայացրել:

«Այդ սխալի հրամանի հետևանքով են տղաները… գոնե եթե իրենք այդ պահին, երբ դիվիզիոնի հրամանատարական կազմն ասում էր, որ «մենք հիմա գնանք, մի տեղ պատսպարվենք, եթե կպարզվի՝ յուրային են, հետ կգանք», և անգամ դա իրենց թույլ չեն տվել՝ պնդելով, որ «մերոնք են» և վերջ: Այդպես խումբը եկել է, և տեղի է ունեցել այդ սարսափելի ողբերությունը», - ասում է անհետ կորած զինվորի մայրը՝ Նաիրա Մելիքյանը:

Գեներալ-լեյտենանտի պաշտպան Արսեն Սարդարյանը չի հերքում, որ Հարությունյանն ասել է նման բան, պնդում է՝ պետք է քննեին դիվիզիայի հրամանատարության գործողությունները, որոնք առաջին պատասխանատուներն էին:

«Այստեղ ոչ մեկը չի ասում՝ հետախուզությունը ինչ զեկուցել է, դա էլ պետք է ասեր: Երկրորդը՝ որևէ ապացույց բացի մեկ անձի ցուցմունքից, որ Ջալալ Հարությունյանի կողմից է ասվել՝ «մերոնք», չկան: Ջալալ Հարությունյանն ասում է՝ «ես ասել եմ՝ պետք է, որ մերոնք լինեն, կարող է մերոնք լինեն», ու եղել են դրա համար համար բավարար տվյալներ», - շեշտեց փաստաբանը:

Տուժող կողմի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հակադարձում է. «Հետախուզության պետը զարմացած էր այդ պայմաններում Ջալալ Հարությունյանի ասած բառերից, որ «մերոնք են», «հաստատ մերոնք են»: Նույնիսկ ասում էր, որ «ինձ համար շատ զարմանալի էր, քանի որ ես, լինելով հետախուզության պատասխանատուն, չէի կարող որոշել այդ ընթացքում՝ մերոնք էին, թե չէ, ու ինքը հայտարարում է, որ «մերոնք են»»:

Ջալալ Հարությունյանը ծանր վիրավորվել էր 44-օրյա պատերազմի թեժ օրերին, ինչից հետո թողեց պաշտոնը: 4 ամիս անց արդեն Հարությունյանը նոր պաշտոն ստացավ՝ Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ։ Երեկ դատարանում նրա փաստաբանը պնդում էր՝ գեներալ-լեյտենանտի առողջությունը թույլ չի տալիս նրան ազատազրկել, պահանջում պաշտպանյալին փորձաքննության ենթարկել: Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը:

Ջալալ Հարությունյանն առաջին բարձրաստիճան զինվորականն է, որի դատաքննությունն առաջին ատյանում ավարտվեց:

44-օրյա պատերազմի գործերով մեղադրյալի աթոռին են նաև Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը, պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը: Նրանք ևս մեղադրանքը չեն ընդունում:

XS
SM
MD
LG