Արցախի պաշտպանության նախկին նախարար, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի նկատմամբ հակահարձակման դրվագով քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով, ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Արսեն Սարդարյանը։
Միևնույն ժամանակ փաստաբանը նշել է, որ 2020թ․ հոկտեմբերի 12-ի Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստների մասով հանրային քրեական հետապնդումը չի դադարեցվել, ինչը, փաստաբանի խոսքով, «խիստ մտահոգիչ է»։
44-օրյա պատերազմի օրերին՝ նախքան ծանր վիրավորումը, Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած գեներալ-լեյտենանտը մեղադրվում է ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ։
Ըստ իրավապահների՝ նրա գործողությունների հետևանքով հայկական ստորաբաժանումները կրել են մեծաքանակ մարդկային ուժի և զինտեխնիկայի կորուստներ, պահեստային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ։ Հարությունյանը չի ընդունում մեղադրանքները։
Արցախի «Ցորի» զորամասի զինվորների գործով մեղադրյալը հրետանային դիվիզիոնի պետն է, ավելի ուշ առանձին մեղադրանք առաջադրվեց նաև պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանին։ Իրավապահները կարծում են, որ նրա սխալ հրամանի պատճառով են զինվորները հայտնվել հակառակորդի թիրախում՝ 20 զինծառայողներ զոհվել են, 7-ը՝ վիրավորվել, զորամասն էլ անցել է Ադրբեջանի հսկողության տակ։