Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի քրեական գործը կասեցվել է ժամանակավոր՝ քննության վերջնաժամկետը չխախտելու նպատակով։
Օրենքի փոփոխությամբ գործի քննությունը պետք է տևի կես տարի, և որպեսզի ժամկետը չլրանա, գործն էլ մնա կիսատ, քննիչը կասեցրել է այն ու նշանակել հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն։ Հենց այս եզրակացությամբ հնարավոր կլինի վերջնական իրավական գնահատական տալու՝ արդյո՞ք Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած գեներալ-լեյտենանտի անփութության հետևանքով է ծանր հետևանքներ առաջացել ռազմադաշտում:
«Երբ որ մենք սկսեցինք այդ կողքի հոդվածները բերել, սրա մասին խոսել, երևի հասկացան, որ այս մեղադրանքը չի կարող ապագա ունենալ և որոշեցին ռազմագետների խումբ ձևավորել», - ասաց փաստաբան Արսեն Սարդարյանը:
Ջալալ Հարությունյանը շարունակում է մեղադրյալի կարգավիճակ ունենալ, նա երկրից չբացակայելու ստորագրություն է տվել։
Իրավապահները պնդում են, որ 44-օրյա պատերազմի օրերին ծանր վիրավորված Հարությունյանի գործողությունների հետևանքով հայկականը կողմը մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ են ունեցել, պահեստային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ, դիրքերն անցել են հակառակորդի հսկողությանը։
48-ամյա գեներալ լեյտենանտը մեղադրանքը չի ընդունում, ավելին, փաստաբան Սարդարյանը միջնորդել է դադարեցնել քրեական հետապնդումը, սակայն, ասում է՝ վերջնական պատկերը հենց մասնագիտական հանձնաժողովը կարող է ջրի երես հանել:
Փաստաբան Սարդարյանը հույս ունի, որ ռազմագետները կհերքեն մեղադրանքը, եթե, իհարկե, չենթարկվեն ճնշումների. - «Արդյոք մեր տեխնիկան ի վիճակի էր այդ հակահարձակումն իրականացնել, այսինքն, արդյոք մեր մարտունակությունը բավարար էր, արդյոք ընթացքում թերացումներ չեն եղել տարբեր օղակների կողմից»:
Փաստաբանը պնդում է՝ գեներալ-լեյտենանտի գործողությունները պատերազմի դաշտում իրավիճակից են բխել
Փաստաբանը պնդում է՝ գեներալ-լեյտենանտի գործողությունները պատերազմի դաշտում իրավիճակից են բխել։ Սակայն Քննչականը վկայակոչում է մարտական կանոնադրությունը, որ, օրինակ, եթե հակառակորդի ուժերը երեք անգամ շատ են, ապա չպետք է հարձակվել, իսկ Հարությունյանը հոկտեմբերի 7-ին հակահարձակման հրաման է տվել, երբ հայկական ուժերը 5 անգամ էին զիջում ադրբեջանականին։
Սարդարյանը պնդում է՝ այս հակահարձակման հետևանքով խոցվել է հակառակորդի 14 անօդաչու, զոհվել է 300 ադրբեջանցի զինվոր, իսկ հայկական կողմը 20 զինվոր է կորցրել. արդյո՞ք կարելի է այս գործողությունը համարել ձախողված։ Ըստ նրա, կան բացառություններ, օրինակ՝ հրամանատարը անհրաժեշտության դեպքում կարող է ռիսկի դիմել։ Բացի այդ, հակահարձակման որոշումը Հարությունյանը միայնակ չի կայացրել։ Վարչապետն է այս հարցը քննարկել շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ և եզրակացրել, որ այդ օպերացիան պետք է ձեռնարկվի հաղթանակի հասնելու համար։
«Քննարկման ժամանակ Օնիկ Գասպարյանն ասել է, որ բարձր է ռիսկայնությունն այս պահին այդ հակահարձակման, բայց նույն Օնիկ Գասպարյանն ասել է, որ՝ այո, այնպիսի իրադրության մեջ ենք, որ սա կարող է իրավիճակ փոխել», - ներկայացրեց Արսեն Սարդարյանը:
«Եթե դատարանը վճռի, որ Հարությունյանը մեղավոր է, ապա միայն նա չէ, որ պետք է ճաղերի հետևում հայտնվի»
Ուստի, ըստ փաստաբանի, եթե դատարանը վճռի, որ Ջալալ Հարությունյանը մեղավոր է, ապա միայն նա չէ, որ պետք է ճաղերի հետևում հայտնվի. - «Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանն էլ է մեղավոր, Օնիկ Գասպարյանն էլ է մեղավոր»:
Ըստ իրավապահների, Ջալալ Հարությունյանը ձախողել է նաև հոկտեմբերի 8 -ի մարտական առաջադրանքը։ Խոսքն, ըստ էության, Ջաբրայիլի հատվածում Լելե Թեփե բարձունքը հետ գրավելու փորձի մասին է։ Այս մասին 2021-ին Ազգային ժողովում խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով՝ ինքը, ճիշտ է, մասնակցել է քննարկումներին, բայց կարծիք չի հայտնել։
«Հիմա էլ ասում են՝ ես որոշում եմ կայացրել, որ Սերժ Սարգսյանը Լելե Թեփեն հանձնել է, ես ասել եմ՝ գնացեք, գրավեք և այդ համատեքստում 700 զոհ է եղել, կատարյալ անհեթեթություն: Այդ օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ, այդ առաջարկը ընդունելի է համարել գեներալ, այդ առաջարկը կյանքի կոչելու հնարավորության գնահատումն իրականացրել է գեներալ», - հայտարարել է վարչապետը:
Թե ում է կոնկրետ նկատի ունեցել վարչապետը, պարզ չէ։
Տարբեր օղակներում թերացումներ են եղել, պնդում է գեներալ-լեյտենանտի փաստաբանն ու ընդգծում՝ 95-99 տոկոս պատրաստվածության տեխնիկան մարտական խնդիրները կատարելիս խափանվում է, ի՞նչ կապ ունի սրա հետ պաշտպանության նախարարը։
Իրավապաշտպանի կարծիքով՝ Քննչականը չի կարողանում հիմնավորել Ջալալ Հարությունյանի մեղքը
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, որ հետևում է բարձրաստիճան զինվորականների գործերի քննությանը, կարծում է, որ Քննչականը չի կարողանում հիմնավորել Ջալալ Հարությունյանի մեղքը, դրա համար է վերջին պահին դիմել ռազմագետներին:
«Գուցե լրացուցիչ ապացույց էին փնտրում կամ չի հիմնավորվել: Հիմա էլ եմ կարծում, որ չի հիմնավորվելու: Այս փակելը, պահելը, թաքցնելը, այս ամեն ինչը նշանակում է, որ այդ մեղադրանքները փուչիկներ են», - նշեց Ալեքսանյանը:
Իրավապաշտպանը շարունակում է պնդել՝ պատերազմին առնչվող գործերը պետք է քննվեն բաց, հրապարակային, այնինչ դրանք ռազմական գաղտնիքի անվան տակ անցկացվում են դռնփակ։ Հանրությունը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում դատարաններում, օրինակ, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, պաշտպանության բանակը ղեկավարած Միքայել Արզումանյանի դատական գործերի հետ։
«Բայց մենք տեսնում եք, որ այդ միտումը՝ գործերը բացահայտելու, մեղադրանքների հետ կապված, չկա, ինչո՞ւ եք փակել, բաց թողեք թող հանրությունը իմանա, որ իրենք իրոք կատարել են այդ հանցագործությունը, թող հանրությունը համոզվի դրանում և ոչ թե ձեր ձևով, ձեր ուզածով քննություն կատարեք ու դատարաններում փակ վճիռներ կայացնեք», - նշեց Ժաննա Ալեքսանյանը:
Մեղադրանքը հաստատվելու դեպքում Հարությունյանին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում: