Մատչելիության հղումներ

Մայր Աթոռը դատապարտում է, «ստահոդ է» համարում ցույցերի կազմակերպման պատասխանատվությունը Եկեղեցուն վերագրելու պնդումները


«Խստիվ դատապարտում ենք հունիսի 12-ին Երևանում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ձեռնարկված ակնհայտ ապօրինի քայլերը և գործադրված միջոցները, ինչի հետևանքով ցուցարարների և ոստիկանների շրջանում կան բազմաթիվ տուժածներ, այդ թվում՝ մարմնական ծանր վնասվածքներով», - այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Առաքելական եկեղեցու գործադիր բարձրագույն մարմինը՝ Գերագույն հոգևոր խորհուրդը։

Խորհուրդը կոչ է արել իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու մերժելի դրսևորումներից։

Այսօր Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ընդդիմադիր շարժումն առաջնորդում են Ամենայն Հայոց կաթողիկոսն ու հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Գերագույն հոգևոր խորհուրդը նաև դատապարտելի է համարել իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից «հանրահավաքների կազմակերպման պատասխանատվությունը Եկեղեցուն վերագրելու անհիմն և ստահոդ լուրերի տարածումը»:

«Իշխանությունն ինքնին որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի համար չպետք է լինի սոսկ ձգտում, այլ առաջին հերթին՝ միջոց ժողովրդին և հայրենիքին խոհեմ, շրջահայաց ու անձնուրաց ծառայության և խաղաղ ու ապահով կյանքի կերտման», - հայտարարու է Առաքելական եկեղեցու գործադիր բարձրագույն մարմինը՝ ընդգծելով․ - «Հավատում ենք, որ հայրենիքի հանդեպ սերը և պատասխանատվությունը պիտի հարթեն շավիղները՝ համազգային մեր ներուժն ու բոլոր կարողությունները ի սպաս դնելու Հայաստանի Հանրապետության պաշտպանությանն ու զորացմանը և իրականության կոչելու ապագայի համընդհանուր մեր տեսլականը»։

Երեկ խորհրդարանի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։

Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ 101 քաղաքացիական անձ է դիմել բուժօգնության, այսօր առավոտյան 85-ը դուրս է գրվել։ ՆԳՆ-ն հաղորդել է նաև վիրավորված 16 ոստիկանի մասին։ Հատուկ միջոցներից տուժածների թվում նաև ԶԼՄ ներկայացուցիչներ կան։

Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG