Մատչելիության հղումներ

Իշխանությունը մեղադրում է Բագրատ սրբազանին պաշտոնյաների նկատմամբ մահափորձ կազմակերպելու համար, սրբազանն ապացույցներ է պահանջում


Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի իրադարձություններից երկու օր անց իշխանությունը մեղադրում է Բագրատ սրբազանին՝ պետական պաշտոնյաների նկատմամբ մահափորձ կազմակերպելու համար։

«Կաթողիկոս, դու օրհնել ես Բագրատի կողմից ղեկավարվող շարժումը, ով հստակ պլանավորված հարձակվել է Ազգային ժողովի վրա, պետական ինստիտուտների վրա, փորձել է գտնել և մահափորձ իրականացնել պետական պաշտոնյաների նկատմամբ՝ կաթողիկոսի օրհնությամբ», - ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանից ապացույցներ է պահանջում:

«Շատ լուրջ մեղադրանք է, և մինչև երկուշաբթի եթե իրենք փաստեր չներկայացրեցին, իրավական գործընթացով իրենց ստիպելու եմ, որ ներկայացնեն, ստիպելու եմ, որ ներողություն խնդրեն իր բոլոր հետևանքներով: Սա արդեն լուրջ մեղադրանք է, ամբողջ հետևանքները պիտի կրեն էս մարդիկ», - «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց Գալստանյանը:

Արձագանքելով ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հնչեցրած այլ մեղադրանքին, թե իբր արքեպիսկոպոսը քար է նետել ոստիկանի վրա, Բագրատ Գալստանյանը նշեց. «Ով անունով նման մեղադրանքներ է ներկայացնում և փաստեր կներկայացնեն, շատ լավ, մինչև երկուշաբթի ժամանակ ունեն, իրավական դաշտում իրենք պետք է ամենածանր հետևանքներով պատասխան տան»։

Չնայած կաթողիկոսի և Բագրատ սրբազանի հասցեին իշխող խմբակցության այս լուրջ մեղադրանքներին, մինչև այս պահը իրավապահ մարմինները մահափորձի հոդվածով քրեական վարույթ չեն նախաձեռնել և որևէ կասկածյալ չեն ներգրավել։

Պաշտոնյաներին գտնելու և նրանց նկատմամբ մահափորձ իրականացնելու հայտարարությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարն արեց խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչպե՞ս է իշխանությունը պրոֆեսիոնալ որակում ոստիկանների գործողությունները, երբ դրանց հետևանքով ավելի քան 100 մարդ է վիրավորվել։ Մեր այս հարցը իշխող խմբակցության քարտուղարը անհանգստացնող որակեց:

«Հատկապես եթե այդ հարցադրումը «Ազատություն» ռադիոկայանից է հնչում, ես որոշակի անհանգստություններ ունեմ այս իմաստով: Այն իմաստով, որ հարցադրում է հնչում բացառապես ոստիկանական գործողությունների երևակայական անհամաչափության մասին: Ես ակնկալում եմ, որ հարցադրումներ կհնչեն, թե ինչպե՞ս է եղել, որ Հայաստանի նորանկախ պատմության մեջ նման հարձակում է տեղի ունենում Հայաստանի պետականության վրա՝ կաթողիկոսի օրհնությամբ: Ես չեմ հասկանում, հարգելի լրագրողներ, չե՞ք ուզում հարցնել, հարցումներ ուղարկել Հայ առաքելական եկեղեցու առաջնորդներին: Սա Հայաստանի լրատվամիջոցների լրագրողներին պետք է հետաքրքրի ճեպազրույցի ընթացքում, և այս հարցերն են առաջին հերթին հարցերը. էդ, որ քարերը մանրացնում են, էդ, որ Բագրատն ասում է՝ սիրելի ոստիկաններ, հանեք ձեր սաղավարտները, հետո քարով տալիս է ոստիկանների գլխին, Բագրատն է տալիս», - հայտարարեց Հովհաննիսյանը:

Հունիսի 12-ի ընդհարումից հետո Քննչականը քրեական գործ է հարուցել զանգվածային անկարգությունների հոդվածով ու հայտարարել, որ աշխատում են դրանց կազմակերպիչներին հայտնաբերելու, նույնականացնելու ուղղությամբ։ Բայց մինչ այս պահը չի հայտարարվել գործի շրջանակում ենթադրյալ կասկածյալների անունները։ Պաշտոնական հաղորդագրության մեջ անձամբ Բագրատ սրբազանի կողմից քարեր նետելու մասին որևէ հիշատակում չկա։

«Վիրավորներ ունեցանք, բայց զոհեր չունեցանք»․ Անդրանիկ Քոչարյան

Չնայած ոստիկանների գործադրած հատուկ միջոցներից ու ուժի կիրառումից ավելի քան 100 քաղաքացի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, իշխանությունը շարունակում է պնդել՝ ոստիկանները պրոֆեսիոնալ են գործել։ Ինչպես այսօր պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պնդեց՝ պետք է գնահատել իրավապահների տեսանելի և ոչ տեսանելի իրավաչափ գործողությունները, որոնք կանխեցին ավելի վատ սցենարով զարգացումները։

«Զոհեր չունեցանք, որովհետև ոչ միայն ոստիկանությունն, այլև ուժային ամբողջ բլոկը, նաև օպերատիվ մասը հստակ աշխատեցին և այն մարդիկ, որոնք կարող է այլ պլանավորումներ ունենային, իրականություն չդարձավ», - նշեց Քոչարյանը:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հակադարձում է՝ հունիսի 12 -ին ոստիկանության գործողությունները ակնհայտ անհամաչափ էին, հրահանգված և քաջալերված հենց Նիկոլ Փաշինյանի կողմից։

Ի՞նչ հատուկ միջոցներ են կիրառվել Բաղրամյան - Դեմիրճյան խաչմերուկում

Իսկ ի՞նչ հատուկ միջոցներ են կիրառվել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում։ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պնդում է. - «Կիրառվել են լուսաձայնային միջոցներ, որպեսզի այդ լարվածությունը թուլացվի»:

Անդրանիկ Քոչարյանն, ի դեպ, տարիներ առաջ, որպես ընդդիմության ներկայացուցիչ Մարտի 1-ի Փաստահավաք խմբում ուսումնասիրում էր մահվան պատճառ դարձած հատուկ միջոցների՝ «Չերյումուխա 7»-ի կիրառության հանգամանքները։

Ընդդիմությունն այսօր խորհրդարանում վստահեցրեց՝ հետամուտ են լինելու պարզել, թե ոստիկանները ի՞նչ հատուկ միջոցներ են կիրառել և արդյոք դրանք ժամկետի մեջ են եղել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG