Երևանի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ըստ կառույցի՝ այսօրվա հավաքի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, «սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ»՝ «ոստիկանների նկատմամբ բռնության գործադրմամբ, նրանց ուղղությամբ տարբեր առարկաներ նետելով»։
«Զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և մասնակիցներին ձերբակալելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում` նրանց նույնականացնելու, ինքնությունը պարզելու ուղղությամբ», - նշում է ՔԿ-ն։
Քննչականը, սակայն, չի մանրամասնում, թե արդյոք կան ձերբակալվածներ։
«5 իրավապաշտպանների նախաձեռնության» անդամ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ տեղեկություններ ունեն քրեական վարույթով 6 ձերբակալվածի մասին։
Այսօր խորհրդարանի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց։ Կան տուժածներ։ Նրանց թիվը, սակայն, հայտնի չէ։