«Իշխանությունը հատել է կարմիր գիծը», - ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ մտահոգված են, որ իրավապահները քրեական վարույթները դարձրել են իշխանության ընդդիմախոսների նկատմամբ պատժիչ գործիք ու ընտրողաբար են քննում դրանք, իսկ իշխանություններն էլ իրենց գրառումներով ազդեցություն են գործում իրավապահների վրա, խախտում անմեղության կանխավարկածը:
«Չկա որևէ կարմիր գիծ, որն այս առումով արդեն հատած չլինեն: Ցանկացած աղմկահարույց կամ հնչեղություն ունեցող գործով մինչ իրավապահները տեղում՝ դեպքի վայրում գործողություններ են ձեռնարկում, քաղաքական իշխանության, գործադիր կամ օրենսդիր իշխանության բոլոր ղեկավարները իրենց ֆեյսբուքյան էջերում տալիս են իրավական գնահատականներ», - հայտարարությանը միացած «Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանը կոնկրետ օրինակներ է հիշատակում. իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով 2 տարվա ազատազրկման դատապարտված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործի հենց սկզբից իշխանությունը՝ իմ դեմս վարչապետի, լուռ մնալու փոխարեն՝ ակտիվ գրառումներով խախտում էր անմեղության կանխավարկածը:
«Իրավապահների գործողությունները, որոնք այդ պահին ընթանում են, նրանք, օրինակ, գրում են՝ «ճիշտ են անում, պահպանում են կարգուկանոնը», այսինքն՝ արդեն քաղաքական իշխանությունը նրանց խրախուսում է, հորդորում է, ուղղություն է տալիս: Պատկերացրեք ի՞նչ պիտի անի այդ պահին Ներքին գործերի նախարարը, ոստիկանապետը, ԱԱԾ տնօրենը կամ այլ օպերատիվ ծառայողներ, երբ տեսնում են գործադիրի ղեկավարը, ում իրենք հաշվետու են, ինքը գրում է՝ «շատ ապրեք»: Այդ մարդիկ պիտի շարունակեն կատարել իրենց գործողությունները, որովհետև խրախուսվում են», - ասում է Պապիկյանը:
Այս ամենն ուղեկցվում է մարդու իրավունքների խախտմամբ՝ ընդգծում են քաղհասարակության ներկայացուցիչներն ու Աջապահյանի վերաբերյալ ընդգծում՝ սա պատիժ է խոսքի արտահայտման համար: Հատկապես, երբ դատախազությունն Աջապահյանի նույն այս խոսքը չէր որակել որպես քրեորեն հետապնդելի, - հիշեցնում է հայտարարության հեղինակ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը։
«Եթե առաջին անգամ համանման արտահայտությունը, գլխավոր դատախազությունը գնահատել է որպես որևէ ռիսկ, որևէ իրական բռնության իրագործման հնարավորություն չպարունակող, ապա դրանով իսկ արդեն իրավաչափ ակնկալիք է ստեղծել, որ նման արտահայտություն հետագայում անելիս կրկին որևէ քրեորեն պատժելի արարք դա չի դիտարկվի: Դա է խնդիրը», - ասում է փորձագետը:
Աննա Մելիքյանի կարծիքով՝ հաշվի են առել նաև այն, որ հոգևորականի նկատմամբ քրեական հետապնդումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ արդեն լարված էին իշխանությունների ու եկեղեցու հարաբերությունները։
«Մեր հիմնական մտահոգությունն այն է, որ որոշ դեպքերում այդ գործիքակազմը կիրառվում է ըստ քաղաքական նպատակահարմարության, այսինքն՝ հաշվի առնելով ընդհանուր հանգամանքները ու վերջին շրջանում զարգացումները, այդ թվում նաև՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ: Եվ, ըստ էության, կալանավորումը և պատժատեսակները որոշ դեպքերում նշանակվում են կամ ընտրվում են, և դա, գուցեև համաչափ չէ այն արարքին, որը մեղսագրվում է, համենայնդեպս, հաշվի առնելով հրապարակային հայտնի տեղեկատվությունը», - ասաց Մելիքյանը:
Մեկ այլ փաստարկ էլ են բերում Աջապահյանի գործով. արագ դատավարությունը և ազատազրկումը ընդգծում է հոգևորականի նկատմամբ քրեական արդարադատությունը քաղաքական նպատակահարմարությամբ կիրառելու միտումը: Մելիքյանի խոսքով՝ իրենք ուսումնասիրել են քրեական օրենսգրքի այս հոդվածի կիրառությունն ու պարզել՝ 2020-ից ի վեր կտրուկ աճել է իշխանությունը զավթելու կոչերի հոդվածով քրեական գործերի հարուցումը, այդ թվում նաև՝ սոցիալական ցանցում արված գրառումների համար։ Բայց Շիրակի թեմի առաջնորդի դեպքում է, որ կիրառվել է խիստ պատիժ: Մելիքյանի խոսքով. «Աջապահյանի ազատազրկումը 2 տարի ժամկետով ամենախիստն է եղել այդ 7 գործի համատեքստում։ Ըստ էության, դա էլ է մտահոգություն տեղիք տալիս»:
Մարդու իրավունքների խախտումների այլ օրինակներ էլ ունեն. իրավապահների հասցեին կոշտ քննադատական գրառման համար կալանավորված փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի, վերջերս կալանավորված անհետ կորած զինվորի հորեղբայր Արսեն Ղուկասյանի գործերը: Նաև օրինակ են բերում միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի գործը, որը կրկին կալանքի տակ է խոսքի՝ ավելի ստույգ՝ Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանող հայտարարության համար, ինչը իրավապահները որակել են իշխանութունը զավթելու կոչ: Այս հայտարարությանը չեն միացել մի շարքի հայտնի իրավապաշտպան կազմակերպություններ՝ օրինակ՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը, «Ասպարեզ» լրագրողական ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Թե ինչու չեն միացել՝ նրանցից չհաջողվեց ճշտել: Միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը ցանկություն հայտնեց արձագանքել: Ընդգծեց՝ իրեն հայտարարության տեքստը չեն ուղարկել, ուղարկեին էլ՝ չէր ստորագրի:
Հենց Դանիել Իոաննիսյանն էր դատախազությանը հաղորդում ուղարկել Աջապահյանի խոսքերի առնչությամբ, վերջերս էլ նրա ղեկավարած կազմակերպության հաղորդումից հետո քրեական գործ հարուցվեց ու ևս երկու հոգևորականներ կալանավորվեցին՝ այս անգամ ընտրական իրավունքի խախտման մեղադրանքով:
«Մենք համարում ենք, որ հասարակական կազմակերպությունները այս արձանագրումների հետ մեկտեղ պետք է անդրադարձ կատարեին, թե ինչպիսին է իրենց վերաբերմունքը սահմանադրական կարգի բռնի տապալման հրապարակային կոչերին, ինչպիսին է իրենց վերաբերմունքը զինված հեղաշրջման հրապարակային կոչերին, ինչպիսին է իրենց վերաբերմունքը դատախազի, քննիչի կամ դատավորի նկատմամբ իրենց մասնագիտական գործունեության պայմանավորված վիրավորելու նկատմամբ վերաբերմունքը: Հայտարարության մեջ այդ վերաբերմունքը պատշաճ արտահայտված չէ», - շեշտում է Իոաննիսյանը:
Հայտարարության հեղինակ իրավապաշտպանները, միաժամանակ, շեշտում են՝ բռնության կոչեր պարունակող խոսքը կարող է սահմանափակվել, եթե հիմնավորվում է բռնություն կիրառելու իրական վտանգը, իսկ պատիժը պետք է լինի համաչափ։ Անհամաչափ ընտրված պատիժը այդ միջամտությունը դարձնում է կամայական։