Մատչելիության հղումներ

Կոչուբաևը գնահատական է տվել, դա հանցագործություն չէ. փաստաբան


Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև, արխիվ
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև, արխիվ

Ավտոմեքենայից իջել է, տապալել են գետնին, առանց որևէ բառ ասելու ձեռքերը շղթայել, տարել Քննչական ու նոր միայն այնտեղ հայտնել, թե ինչու են այդպես վարվել: Երեկ իր հետ կատարվածի մասին գործընկերին սա է պատմել ֆեյսբուքյան գրառման համար Վարդաշենի բանտում կալանավորի կարգավիճակում հայտնված փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

«Առանց ոչ մի դիմադրության, առանց ոչ մի բառ խոսելու Կոչուբաևը, սակայն նրանք ուժ են կիրառում՝ անհարկի, անհիմն», - «Ազատությանը» փոխանցեց Կոչուբաևի փաստաբան Արայիկ Ներսիսյանը:

Կոչուբաևը Ներսիսյանին պատմել է, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու մյուսների գործով երեկվա դատական նիստից հետո են ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները շրջապատել իր ավտոմեքենան

«Միանգամից տապալում են գետնին ... Ես կձևակերպեի դա որպես իրականացված հերթական շոու՝ և՛ անձամբ Կոչուբաևի նկատմամբ, այսինքն՝ նրա համբավը արատավորելու նպատակ էր հետապնդում ըստ ինձ, և՛ սա ընդհանուր առմամբ ես կգնահատեի որպես նաև փաստաբանական համայնքին ուղղված ինչ-որ ճնշման փորձ՝ հետագայում նաև ցույց տալու, որ «փաստաբաններ, տեսեք, այ, որևէ ազատ խոսքի դեպքում կարող է էսպես լինել», - նշեց Ներսիսյանը:

Ընդդիմադիրների շահերը ներկայացնող Կոչուբաևին Քննչականը մեղադրում է իր ֆեյսբուքյան գրառմամբ դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նրանց շահերին վնաս պատճառող, մասնագիտական գործունեության հետ կապված տեղեկություն հրապարակելու հոդվածով: Գիշերը դատարանը բավարարել է Քննչականի միջնորդությունն ու երկու ամսով կալանավորել փաստաբանին:

Նախօրեին Կոչուբաևը կոշտ բառերով քննադատել էր ևս մեկ բարձրաստիճան հոգևորականի՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանավորումը, քննիչներին, դատախազներին ու դատավորներին անվանել «վիժվածքներ», «հոգին սատանային վաճառածներ», «շան տղաներ»:

Վիրավորական բառապաշարով ուղեկցվող նրա գրառումն են իրավապահները որակել օրենքի խախտում, արատավոր տեղեկություններ քննիչների, դատախազների, դատավորների հասցեին, ընդգծում է փաստաբան Ներսիսյանն ու հավելում՝ սա վիրավորանք է, որն ապաքրեականացված է, սա քրեական հանցանք չէ. - «Դա զուտ գնահատական է եղել, դա արատավոր տեղեկություններ տարածել չի, մենք չենք կարող դա էդպես որակել»:

Կոչուբաևին նման կերպ ձերբակալելու ու գրառման համար մեղադրանք առաջադրելու փաստը քննադատել են նրա գործընկերները, իրավապաշտպանները:

«Էս վայրագ մոտեցումը, էս բանդիտիզմի որակի մոտեցումը աննախադեպ է էս երկրում, ինչի համա՞ր՝ գրառման համար: Եթե համեմատենք Կոչուբաևի գրառումը Նիկոլ Փաշինյանի փողոցային բառապաշարի հետ, ապա համեմատության եզրեր անգամ չկան, թե ինչ ենք մենք լսել Նիկոլ Փաշինյանից, և ինչ գրառում է արել Կոչուբաևը», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Ալեքսանյանի գնահատմամբ՝ Կոչուբաևի գրառումը համեմատելի չէ վարչապետ Փաշինյանի ու նրա թիմակիցների բառապաշարի հետ:

«Մեր երկրին սպառնացող ամենաապիկար վտանգները բխում են դատական համակարգից, ինչը չի նշանակում, որ Հայաստանի բոլոր դատավորները պատերի տակ վնգստացողներ են, բայց որ կան այդպիսի դատավորներ, և նրանց ի մասի անունը հայտնի է հանրությանը, կարծում եմ՝ ակնհայտ է», - սա Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից է:

Վարչապետի մեկ այլ հայտարարություն. - «Ուղիղ ասում եմ՝ կպառկցնենք ասֆալտին, հանկարծ մտքներով չանցնի, կպառկցնենք ասֆալտին և կտանք պատերով բառիս բուն իմաստով: Որևէ մեկը չփորձի՝ նախկին կլինի, ներկա կլնի, որ, ասենք, հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել ա, հիմա մտածի, թե կարա թպրտա: Կտանք պատերով, կպառկցնենք ասֆալտին»:

«Վիզդ կպոկեմ վրիցդ, ..., ձե՛նդ հլը, արա», - սա էլ «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հայտարարություններից է:

Իրավապաշտպանի կարծիքով՝ Կոչուբաևի շուրջ տեղի ունեցողի պատճառը Բագրատ սրբազանի քրեական գործն է: Հիշում է, թե այս գործի մասին հայտնի դառնալուց հետո ինչպես էին իշխանականներն իրենց գրառումներում թիրախավորում նաև փաստաբաններին:

«Ու ինչո՞վ ես տարբերվում Ռոբից, էն մյուսներից, ինչո՞վ ես տարբերվում: Էլի կա էսպես՝ գցում են մարդուն, ստորացնում են, գետնին էդ ուժային կառույցները, էդպես փորձում են պատժել, ստորացնել: Սա Նիկոլ Փաշինյանի ձևն է», - նշեց Ժաննա Ալեքսանյանը:

Փաստաբանների պալատի նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանն էլ են անդրադարձել երեկվա ձերբակալությանը:

Գործընկերոջը իր իսկ խոսքով ասֆալտին փռելը քննադատում է Սիմոն Բաբայանը, շեշտում՝ նման եղանակով անհամաչափ ուժի կիրառությունը քաղաքացու, հատկապես՝ փաստաբանի նկատմամբ դառնում է պատժիչ գործիք:

Մարդու իրավունքների պաշտպանն իր տեքստում փաստաբանին ձերբակալելու ձևը չի դատապարտում: Փոխարենն Անահիտ Մանասյանը խնդիր է համարում «ոչ իրավաչափ հրապարակային խոսքի օգտագործումը», միաժամանակ անթույլատրելի է համարում խոսքի համար իրականացվող քրեական հետապնդումները:

«Դա այն պայմաններում, երբ հանրությանը չի ներկայացվում պատշաճ տեղեկատվություն, թե ինչու է կոնկրետ դեպքում խոսքը հատել նման ծանր հանրային վտանգավորության շեմն ու ինչու անձին պետք է զրկել ազատությունից», - գրում է Պաշտպանն ու ընդգծում՝ կալանքի կիրառման խնդիր կա:

Կոչուբաևը մի շարք ընդդիմադիրների շահեր է ներկայացնում: Այսօր ի պաշտպանություն գործընկերոջ անժամկետ գործադուլ է սկսել փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, նրան միացել է փաստաբան Ռոման Երիցյանը, գործադուլի կոչեր են հնչեցնում նաև այլ փաստաբաններ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG