Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ բանաձևը կարող է հիմնավորել, որ Միքայել սրբազանը քաղբանտարկյալ է. իրավապաշտպան


Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատարանում, արխիվ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատարանում, արխիվ

«Այս բանաձևը հստակորեն կարող է հիմնավորել, որ տվյալ անձը քաղաքական բանտարկյալ է». - իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նկատի ունի Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի՝ «քաղաքական բանտարկյալ» սահմանմանը վերաբերող բանաձևը, «տվյալ անձն» էլ Միքայել արքեպիսկոսպոս Աջապահյանն է, որ մի քանի օր առաջ երկու տարվա ազատազրկման դատապարտվեց իշխանության զավթման կոչի մեղադրանքով։

Հովհանննիսյանը թերևս եզակի հայ իրավապաշտպաններից է, որ «քաղբանտարկյալ» բառն օգտագործեց այս դեպքում՝ մանրամասն թվարկելով, թե միջազգային ատյանի բանաձևը ինչ է սահմանել։ Ավելին, ըստ իրավապաշտպանի, անձը համարվում է քաղբանտարկյալ, եթե նույն հոդվածով այլ քրեական գործերում ավելի մեղմ պատիժ է կիարռվել։ Շիրակի թեմի առաջնորդին մեղսագրված հոդվածը նաև տուգանք կամ հանրային աշխատանք է նախատեսում:

«Այսինքն՝ ազատազրկման պատժաչափ որևէ կերպ չի նշանակվել Հայաստանում, ուստի մենք կարող ենք ակնհայտորեն տեսնել այս բանաձևի շրջանակներում, որ անձը դատապարտվել է այլոց համեմատ ավելի խիստ պատժով, միևնույն ժամանակ՝ խիստ պայմաններով և խտրականորեն», - նշեց Հովհաննիսյանը:

«Սա քաղաքական պատվեր է, քաղաքական հետապնդում՝ այսօրվա իշխանությունների կողմից, բացահայտ և անթաքույց, որը նաև մտնում է ընդհանուր եկեղեցահալած իրենց թվացյալ այս քաղաքականության մեջ». - դատավարության ամբողջ ընթացում Շիրակի թեմի առաջնորդն այս հայտարարությունն է արել, փաստաբանական թիմն էլ ապացույցներով փորձում էր հիմնավորել։

Մեղադրանքի հիմքում Աջապահյանի մոտ երկու տարվա վաղեմության հարցազրույց է, որտեղ Շիրակի թեմի առաջնորդը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Ընդ որում, մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել: Դատախազությունը հիմնավորում է, թե նա այդ միտքը կրկնել է հաջորդիվ՝ մի քանի անգամ: Իրավապաշտպանն այստեղ էլ խտրական վերաբերմունք է տեսնում և հստակ մեսիջ՝ մյուսներին։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյան, արխիվ
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյան, արխիվ

«Հանցակազմը կա՛մ կա, կա՛մ չկա, հստակորեն ամրագրված է Քրեական օրենսգրքում, այսինքն՝ այն փոփոխելի չէ, և ուստի մենք տեսնում ենք, որ օրենքը օգտագործվում է ըստ պատեհության, ըստ ժամանակահատվածի, ըստ միգուցե նաև գործունեության ակտիվացման կամ պասիվացման։ Միևնույն ժամանակ, այս դատավճիռը նաև որոշակիորեն մեսիջ է հանրությանը, որ այլ անձիք, ովքեր կփորձեն միգուցե ավելի ակտիվ գործունեություն իրականացնել, կհիշվեն նրանց բոլոր այն արտահայտությունները, որոնք վաղօրոք արվել են՝ հետին , այսպես ասած, ժամկետով»:

Շիրակի թեմի առաջնորդը ձերբակալվեց իշխանություն-եկեղեցի հակասությունների ֆոնին, երբ վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումներով սկսեց պահանջել Ամենայն Հայոց կաթողիկոսի և այլ բարձրաստիճան հոգևորականների հրաժարականը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG